Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը, որը սպասարկում է թուրքական ցեղասպան քաղաքականությունն, ապագա չունի». Լարիսա Ալավերդյան

Հունվար 19,2021 18:24

«Մենք համոզված ենք, որ 1990 թվականին Բաքվում եւ դրանից համարյա երկու տարի առաջ՝ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենաանմիջական կապն ունեն անցյալ տարվա աշնանը հայ ժողովրդի հերթական ողբերգության`44-օրյա արցախյան պատերազմի եւ դրա հետեւանքների հետ, որոնք, ցավոք, մինչ օրս շարունակվում են եւ շատ ավելի վատ արդյունքներ են բերում`վատացնելով հայ ժողովրդի եւ Հայաստան պետության վիճակը»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի սրահում կայացած «Բաքվում Հայոց ցեղասպանության 31-րդ տարելիցը եւ Արցախյան 3-րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը:

Հիշեցնենք, այդ ժամանակ 250 հազար հայից Բաքվում մնացել էին 30-35 հազար հայեր`տարբեր պատճառներով: Հունվարի 11-ից սկսվեց եւ մեկ շաբաթ տեւեցին հայերի ջարդերը, որոշ մասին էլ պարզապես քշեցին Բաքվից: Սովետական բանակը միջամտեց միայն հունվարի 20-ին: Մարինա Գրիգորյանի բնութագրմամբ, խորհրդային Կրեմլը՝ Ադրբեջանի ազգային ճակատի հետ միասին, դարձավ այն երրորդ ուժը, որը պատասխանատու է այդ դաժանագույն ողբերգության համար: Բաքվում զոհերի, հաշմանդամ, փախստական դարձածների թիվը մինչեւ այժմ հայտնի չէ: Պաշտոնական ոչ մի տվյալ չի հրապարակվել: Սումգայիթում հայտարարվել է, որ 27 զոհ է եղել: Հայկական փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների արդյունքներով՝ շատ մոտավոր եւ ոչ հստակ թիվ է շրջանառվում`300-400 զոհ:

Մարինա Գրիգորյանի եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, միջազգային հանրությունը լռեց այդ ամենի մասին, ինչն էլ ծնեց նոր հանցագործություն: Բանախոսները տարակուսած են` նույնիսկ անկախ Հայաստանը չխոսեց այն մասին, որ դա ցեղասպանություն էր եւ ոչ մի պահանջ չներկայացրեց Ադրբեջանին: Արդյունքում 31 տարի անց մենք խոսում ենք այն մասին, որ ՀՀ իշխանությունն իր քաղաքականությամբ`Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովրդին դրել են նոր ցեղասպանության վտանգի առջեւ: Դատելով Էրդողանի եւ Ալիեւի հայտարարություններից եւ վարքագծից, բանախոսները միանգամայն իրատեսական են համարում նոր ողբերգությունը:

Մարինա Գրիգորյանը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքվում կայացած զորահանդեսում, Էրդողանը հնչեցրեց Էնվեր Փաշայի անունը: Նա կարծում է, որ Թուրքիան, որը հիմա ավելի բացահայտ է միջամտում ռազմական գործողություններին, այդպիսով ուղիղ հայտարարում է, որ անցել են ցեղասպանության վերջին փուլն իրականացնելուն:

Լարիսա Ալավերդյանն էլ հիշեցնում է, որ մարտին լրանում է 1920 թվականին Շուշիի անկման 101-րդ տարելիցը ու նկատում, որ Ադրբեջանը Թուրքիայի կողմից ստեղծվել է հենց ցեղասպանություն իրականացնելու եւ այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ասում է`խնդիրը դրվել է շատ մանրակրկիտ`մշակվել են ձեւերը, փուլերը, քողարկելու մեթոդները:

«Մեզ պետք է ավելի ուժեղ իշխանություն: Այս իշխանությունը, որը սպասարկում է թուրքական ցեղասպան քաղաքականությունն, ապագա չունի»,- ասում է Լարիսա Ալավերդյանը եւ հորդորում հանրության այն հատվածին, որը հասկանում է, թե ինչ է տեղի ունենում` լինել միասնական`երկիրը պահպանելու, մեր շարունակականությունն ապահովելու համար:

Հայաստանի նախկին օմբուդսմենի խոսքով, 31 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածը ցեղասպանություն է, եւ պետք չէ վախենալ այդ ձևակերպումից. «Ցեղասպանությունը զուտ գործողություն չի, քաղաքականություն է, եւ այն տեւական է: 1918 թվականին քաղաքական քարտեզի վրա որպես պետություն հայտնված Ադրբեջանի գործունեությունը, իր գոյությունը միայն ու միայն պայմանավորված է նրանով, որ այն պետք է ամբողջովին դուրս մղի հայերին այս տարածաշրջանից, շարունակի հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում եւ իրականացնի ցեղասպանական գործողություն ամենատարբեր ձեւերով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031