Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. «Իրանը շահագրգիռ է, որպեսզի հայկական բանակը արագ վերականգնվի»

Հունվար 19,2021 18:08

Այսօր իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսեց Հայաստանի համար անչափ կարեւոր դրացի երկրի՝ Իրանի շուրջ զարգացումներից եւ իր դիտարկումները ներկայացրեց տարածաշրջանային հնարավոր գործընթացների մասին:

Արցախյան պատերազմի հետեւանքների ֆոնին, երբ, ըստ էության, դադարեցվել են մարտական գործողությունները, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել եւ տարածաշրջանային երկրների միջեւ շահերի բախումներ են, Իրանում եւ նրա շուրջ տիրող իրավիճակը սերտորեն փոխկապակցվում է Հայաստանի անվտանգության հետ:

«Իրանի շուրջ ցանկացած զարգացում ուղղակի կամ անուղղակի ազդում է Հայաստանի վրա՝ հաշվի առնելով հայ-իրանական սահմանը, Հայաստան-Իրան, ընդհանուր առմամբ բարեկամական հարաբերությունները: Հասկանալի է, այս համատեքստում կարեւորվում է նաեւ Արցախի հիմնահարցը: Եթե պատերազմից առաջ Իրանի համար ավելի առաջնային էին համարվում, ասենք, Սիրիայում, Իրաքում գործընթացները, այս պատերազմով արցախյան հիմնախնդիրը, եթե չասենք դարձել է առաջնային, ապա հիմա դրա նշանակությունը շատ ավելի է կարեւորվում նաեւ Իրանի ներքաղաքական դիսկուրսում:

Դա նախ եւ առաջ՝ արցախաիրանական սահմանի մերձարաքսյա գոտու ցավալի ժամանակավոր բռնազավթումն է Ադրբեջանի կողմից եւ այդ գոտում ահաբեկիչների հայտնվելը: Մենք գիտենք, որ Իրանը տարիներ շարունակ պայքարում է Մերձավոր Արեւելքում հենց նույն ահաբեկչական խմբավորումների դեմ, որպեսզի նրանց թույլ չտա մոտենալ իր սահմաններին, կամ ավելի վատ սցենարի դեպքում՝ հայտնվի երկրի ներսում: Բայց այժմ այդ ահաբեկիչներն, ըստ էության, հայտնվել են իրենց սահմանի զրոյական կետում՝ այնտեղ, որտեղ հիմա ադրբեջանական վերահսկողությունն է: Հուսով եմ, ժամանակավոր վերահսկողությունը: Սա լուրջ խնդիր է Իրանի համար:

Մյուս կողմից տարածաշրջանում դե ֆակտո ստեղծվել է նոր իրավիճակ: Շատ խնդիրներ հաշվի առնելով՝ իրականության մեջ մենք այլեւս չենք կարող խոսել Թուրքիա, Ադրբեջան առանձին պետությունների մասին: Մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տարածքի հետ, ինչից ենթադրվում է, որ Իրանի համար նախկինում դեպի հյուսիս ելքի այլընտրանքը երեքից կրճատվել է երկուսի: Եթե նախկինում դիտարկվում էր Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, հիմա կա երկու ուղի՝ ադրբեջանաթուրքական միասնական ուղի եւ հայկական ուղի: Այս առումով Սյունիքի տարածաշրջանը կրկին կարեւորվում է Իրանի համար արտաքին հարաբերությունների համատեքստում: Սա պետք է հստակ արձանագրենք: Իրանցիներն այժմ ավելի են կարեւորում Հայաստան-Իրան սահմանը Մեղրիի հատվածում եւ Սյունիքի մարզում: Ուստի այս համատեքստում չափազանց կարեւոր զարգացումներ կան:

Իրանը շահագրգիռ է, որպեսզի հայկական բանակը հնարավորին արագ վերականգնվի, որովհետեւ մեր բանակը թե արցախյան գոտում, թե ՀՀ սահմանների երկայնքով ապահովելով մեր անվտանգությունը՝ ըստ էության զգալի ավանդ էր բերում Իրանի հյուսիսային նահանգների անվտանգության ապահովմանը: Այդպես կրճատվում էր նաեւ Ադրբեջան-Իրան սահմանը եւ զսպվում այն ռեսուրսների հատվածը, որոնք պետք է ուղղվեին Իրանի դեմ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից: Հետեւաբար, իրանցիների համար շատ կարեւոր է հայկական բանակի վերակազմավորումը, վերածնումը, վերազինումը: Կարծում եմ, Իրանը այս խնդիրներին մոտենում է չափազանց լրջորեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031