Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովի անդամները զբաղված էին ոչ թե մեր ծրագրերը դիտարկելով, այլ կոմպրոմատներ հավաքելով». Լոռի TV-ի տնօրեն

Հունվար 19,2021 18:00

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հունվարի 14-ին հրապարակեց հանրային մուլտիպլեքսում մարզային սփռման հեռարձակողների լիցենզավորման մրցույթի արդյունքները, ըստ այդմ հայտնի դարձան հաղթող ճանաչված ընկերությունների անունները: ՀՌՀ անդամների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթեց Արագածոտնի մարզից «Դելտա թիվի» ՍՊԸ-ն, Արմավիրում՝ «Արանեա» ԱՊԸ-ն, Լոռիում՝ «Ֆորտունա» ՍՊԸ-ն և Շիրակի մարզում «Ցայգ ՍՊԸ»-ն:

Արմավիրի եւ Լոռու մարզերում տասնամյակներով գործող ԱԼՏ եւ Լոռի հեռուստաընկերություններն արտոնագրեր չստացան: Վերջին մրցույթը տեղի էր ունեցել 10 տարի առաջ, եւ նշյալ երկու հեռուստաընկերություններն էլ չէին մասնակցել:

«Տարբերություն չկար 2010-ի կամ դրանից առաջ կայացած մրցույթների եւ այս մրցույթի միջեւ: Կարելի է արձանագրել, որ ընդամենը կոսմետիկ փոփոխություն է տեղի ունեցել: Պարզապես 2010թ կամ դրանից առաջ տեղի ունեցած մրցույթներում պոպուլիստական ոչ մի հայտարարություն չկար, մարդիկ հստակ ասում էին, կոնկրետ իմ պարագայում զգուշացրին, որ իզուր ծախսեր չանեմ, արդեն որոշված է հաղթողը, ելքն արդեն հայտնի է»,- «Մեդիա կենտրոնում» կայացած առցանց քննարկման ժամանակ համեմատելով ներկայիս ու նախկինում կայացած մրցույթները՝ ասաց ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը:

Նրա խոսքով. «Նախկինում գնահատականը տալիս էին հանձնաժողովի անդամները հրապարակային, մինչդեռ այս մրցույթում ավելի շատ պոպուլիստական հայտարարություններ եղան` բաց, թափանցիկ, արդար մրցույթի մասին, հանձնաժողովի գնահատականները ուղիղ հեռարձակմամբ ցույց էին տալիս ընդամենը հանձնաժողովի դատարկ պատը, եւ դա համարել էին թափանցիկ, արդար ընտրություններ:

Թե հանձնաժողովի որ անդամն ինչ մոտեցում է ունեցել, ինչ չափորոշիչներով է առաջնորդվել, պարզ չէր: Վերջապես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին բոլորս ճանաչում ենք, իրենք երկար տարիներ են հանձնաժողովի անդամներ, եւ կարելի է կանխատեսել, թե ով ինչ գնահատական է տեսնում: Ինձ թվում է, եթե հանձնաժողովի անդամը ցույց տար իր գնահատականը, անպայման հարցեր կառաջանային, առնվազն գոնե կամաչեր իր գնահատականից»:

Այս համատեքստում Խաչիկ Դանիելյանն անհասկանալի է համարում ուղիղ հեռարձակման նպատակը եւ որակելով թափանցիկության շղարշի տակ մրցույթ, որը հեռու էր անաչառությունից:

«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն անդրադարձավ նաեւ նախամրցութային փուլին, այնտեղ ներառելով Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, այսօր արդեն` Տեսալսողական մեդիայի մասին օրենքի հապճեպ ընդունումը: «Որքան էլ պայքարեցինք, պահանջեցինք ԱԺ համապատասխան հանձնաժողովից, որեւէ մասնագիտական, փորձագիտական փորձաքննություն չանցավ: Տասնամյակներով պայքարում էինք նաեւ նախկին Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխման համար, բազմաթիվ լրագրողական նախագծեր պատրաստել են եւ այդպես էլ մնացել իրենց գզրոցներում, որեւէ մեկը դա չի կարեւորել, թեեւ եղել են կոսմետիկ փոփոխություններ առ այն, որ լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունները կշարունակեն իրենց գործունեությունը անալոգային տիրույթում: Մի խոսքով, այս օրենքն, ըստ իս, ոչ թե ազատականացրեց դաշտը, ոչ թե օգնեց լրատվամիջոցներիս, այլ ընդհակառակը: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այս օրենքը նույնիսկ օգնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին ինչ-որ բան այնպես չանել»:

Մրցույթի մասին էլ տիկին Ավետիսյանը նշեց. «Հանձնաժողովի նախագահի հռետորաբանությունը մինչ պատերազմը այլ էր, պատերազմից հետո կտրուկ փոխվեց: Հիմա մասնագիտական քննարկում ենք անցկացնում, բայց շատ լավ գիտենք, որ ամեն ինչ դիտարկվում է քաղաքական համատեքստում: Եվ այո, քաղաքական համատեքստում էր, որ 2010թ մենք չմասնակցեցինք մրցույթին: Համամիտ եմ գործընկերոջս` Խաչիկ Դանիելյանի հետ, որ նախորդ մրցույթից այս մրցույթի տարբերությունն այն էր, որ այն ժամանակ գուցե ավելի ազնիվ գտնվեցին եւ մինչ մրցույթն ասացին, որ կա քաղաքական որոշում, հետեւաբար անիմաստ է մասնակցել… Այս մրցույթը նախորդից վատն էր: Այս մրցույթի ժամանակ հանձնաժողովի անդամները զբաղված էին ոչ թե մեր ծրագրերը դիտարկելով, այլ կոմպրոմատներ հավաքելով ու բամբասանք տարածելով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031