Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշին հանձնողներից մեկը հենց դու ես». վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի, նրա պաշտպանների և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև

Հունվար 19,2021 17:40

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանները բացարկ ներկայացրին մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանին, Պետրոս Պետրոսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց միայն Արթուր Դավթյանին ու հայտարարեց. «Մեղադրող Արթուր Դավթյանը պարոն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դրսևորում է ենթակային բնորոշ վարքագիծ: Բացառում եմ այս գործով Դավթյանին որպես մեղադրող մասնակցությունը: Միջնորդում եմ նրան հեռացնել սույն գործով վարույթից»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը բացարկ ներկայացրեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին ու վստահեցրեց. «Գևորգ Բաղդասարյանն ունի կանխակալ վերաբերմունք: Նրա գործողությունները սկսած 2019-ից թույլ չեն տալիս, որ անաչառ դիտորդի մոտ տպավորություն առաջանա, որ նա կարող է լինել անկողմնակալ: Նա հայտարարեց, թե Շուշին ազատագրելու համար ոչ ոք նստած չէ: Հիմա Շուշին հանձնված է, բա հիմա իր մոտեցումն ինչո՞ւ չի արտահայտում, որո՞նք են նրա քայլերը»:

Hearings of the RA Second President Robert Kocharyan’s case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դիմելով Արամ Վարդևանյանին, հորդորեց ուշադիր լինել իր տոնայնության հարցում:

Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանի ելույթը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը սահմանափակեց այն ժամանակ, երբ նա օգտագործեց «խաբեբա Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը: Նա հրաժարվեց խոսափողը փոխանցել կարգադրիչին՝ պատճառաբանելով, թե հիմնավորեք՝ ինչո՞ւ է նախագահողը սահմանափակում: Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն: Փաստաբանն ասաց, որ իր իրավունքները խախտվում են, և թույլ չեն տալիս, որ պատշաճ իրականացնի Յուրի Խաչատուրովի պաշտպանությունը:

Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ վարչապետից կախյալ լինելու մասին հայտարարություններին, ասաց. «Գլխավոր դատախազին որևէ մեկը չի տալիս հանձնարարություններ ու չի կարող տալ: Գլխավոր դատախազի մասնակցությունն ընդհանուր բնույթի քննարկումներին չի կարող կախյալ վարքագծի մասին խոսել»:

2018-ից հետո իր կարգավիճակի առաջընթացի մասին դիտարկումներին ի պատասխան Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ 2018-ին, երբ նշանակվել է Երևան քաղաքի դատախազ, դրանում իր կարգավիճակի փոփոխություն չի եղել: Այնուհետև իր ելույթում, երբ ասաց, որ Շուշին հանձնողներին չի պաշտպանում, դահլիճից մեկն ասաց՝ Շուշին հանձնողներից մեկը դու ես: Դատախազը պահանջեց պարզաբանում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Շուշին հանձնողներից մեկը հենց դու ես»: Ի պատասխան Գևորգ Բաղդասարյանն ասաց. «Հանձնողը հենց դուք եք: Ինչի ես հող հանձնո՞ղ եմ»: Արամ Վարդևանյանն էլ, դիմելով Գևորգ Բաղդասարյանին, նշեց. «Ինչի՞ ես գոռում, ես էլ գոռա՞մ»: Նախագահող դատավորը հորդորեց վիճաբանությունը դադարեցնել: Արամ Վարդևանյանը, դիմելով նախագահող դատավորին, վրդովվեց. «Պողոսյան Միհրանի հանդեպ մի վայրկյանում սանկցիա կիրառեցիք, ինչ է, թե Բաղդասարյան Գևորգն ասաց»: Նախագահող դատավորը որոշեց նիստը կես ժամով ընդմիջել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031