Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպիսի, փնթի, թափթփված եւ անտերության մատնված իրավիճակ է եղել». Գոհար Մելոյանը` Սերգեյ Լավրովի հայ ռազմագերիներին առնչվող հայտարարության մասին

Հունվար 19,2021 17:24

«Գերիների հարցին վերաբերող նախագիծը հերթական անգամ իշխող «Իմ քայլը» խուսափեց թիվ մեկ քաղաքական ամբիոնում քննարկման առարկա դարձնելուց, անգամ լուրջ հիմնավորում չներկայացնելով, թե ինչո՞ւ են իրենք դեմ, ինչո՞ւ իրենք նման հարց խորհրդարանում քննարկելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս եւ ինչո՞ւ մինչ այժմ, նոյեմբերի 9-ի այդ խայտառակ կապիտուլյացիայի ակտը, որը հակասահմանադրական բնույթ ունի, խորհրդարանում քննարկման առարկա չի դարձել, մանավանդ, որ թե իշխող ուժի պատգամավորները, թե Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անընդհատ հայտարարում են, որ իրենք ինքնուրույն մանդատ կրող մարմիններ են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանն`անդրադառնալով երեկ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի տապալմանը:

Մինչդեռ սահմանադրագետն արձանագրում է, որ ռազմագերիների եւ անհայտ կորածների որոնողական աշխատանքների իրականացումը մեր երկրի թիվ մեկ օրակարգային հարցն է:

«Մի փոքր իրենց իշխանությանը վնասող հարց, թե հակաիրավական տարրեր է պարունակում, անմիջապես քննադատության առարկա են դարձում, իսկ նման բնույթի հարցերը, որոնք առաջին անհրաժեշտության են եւ մարդկային կյանքի հետ կապ ունեն, իրենց ընդհանրապես չեն հուզում: Այդ առիթով երեկ պատահականորեն անկեղծացավ մի պատգամավոր եւ նշեց, որ այո, իրենք ունեն բազում խնդիրներ եւ իրենց հիմնական խնդիրն ընդդիմադիրներն են: Պատկերացնում եք, դա իրենց շուրթերից հնչող ճշմարտություն է»,- նկատում է բանախոսը:

Գոհար Մելոյանի կարծիքով, իշխող ուժի միակ խնդիրը աթոռը պահելն է, իրենց իշխանության հարատեւումն է եւ այդ ճանապարհին իրենց խանգարողը ընդդիմադիրներն են, որ օրակարգային խնդիրներ են բարձրաձայնում ու իշխանությունը չի հանդուրժում, մինչդեռ հանդուրժողականությամբ են վերաբերվում հակառակորդ երկրի ղեկավարի հայտարարություններին եւ անգամ չեն հակադարձում դրանց:

Նոյեմբերի 9-ի պայմանագիրը Գոհար Մելոյանն այնքան հակահայկական է համարում, որ տպավորություն ունի, թե մեր կողմից այն ստորագրել է «թշնամու շահերը պաշտպանող անձ»: Անդրադառնալով այդ հայտարարությունից հետո, դեկտեմբերի 11-ին անհասկանալի պայմաններում Խծաբերդում եւ Հին Թաղերում ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատելուն եւ հայկական կողմից գերեւարվածներին, որոնց Ադրբեջանը միջազգային ատյաններում դիվերսանտ-ահաբեկիչներ ներկայացնելու փորձեր է անում եւ այդ առիթով ՀՀ իշխանությունների լռությունը՝ նա առնվազն տարակուսելի է համարում:

Գոհար Մելոյանը դեռ փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի, ՀՀ իշխանության հասցեին Ալիեւի կողմց արվող նույնիսկ անձնական բնույթի վիրավորանքներն անպատասխան մնում, բայց այս`պետական շահի ու հարցի պարագայում, չի հասկանում: Նա շնորհակալ է մասնավոր փաստաբաններին, ովքեր միջազգային ատյաններում ամեն կերպ հանդես են գալիս մեր գերեւարված անձանց պաշտպանությամբ, բայց նկատում է, որ այս աշխատանքը քաղաքական եւ դիվանագիտական պատշաճ հենարան չունի, հատկապես երեկ, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանում այլեւս չկան պահվող ռազմագերիներ: Այսինքն, Ադրբեջանի համար այս հարցը կարգավորված է, իսկ հայկական կողմում այլ պատկեր է. «Պատկերացնում եք, ինչպիսի, փնթի, թափթփված եւ անտերության մատնված իրավիճակ է եղել, որ Սերգեյ Լավրովն իրեն թույլ է տալիս բարձրաձայնել եւ ասել, որ քանի որ հայկական կողմից ուշացվեց ցուցակների պատշաճ ներկայացումը, ընդհանրապես պատշաճ կերպով ցուցակագրված չկային անհայտ կորած անձանց անունները, թվաքանակը, այդ իսկ պատճառով էլ հայկական կողմը դեռ վերադարձման խնդիր ունի»:

Նա հավելում է, որ իր գնահատմամբ, անհայտ կորածների եւ գերիների հարցը իշխանությանը ընդհանրապես չէր հուզում, մինչեւ այն պահը, երբ նրանց ընտանիքի անդամները սկսեցին աղմուկ բարձրացնել, մինչեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, հասարակական կառույցները սկսեցին բարձրացնել այս հարցերը: Բանախոսի գնահատմամբ, հայկական կողմը «քամուն տվեց» բոլոր այն խաղաքարտերը, նկատի ունի Քարվաճառի, Բերձորի եւ Ակնայի հանձնումը, որոնք կարող էր օգտագործել գերիներին վերադարձնելու համար: Նա անտարբերության եւ դավաճանության ակնառու օրինակ է համարում այն, որ անգամ հիմա այդ տարածքներում թարմ հրազենային կրակոցներով դիակներ են հայտնաբերվում եւ հիշեցնում է, որ ռազմագերիների մի խմբի վերադարձ մենք ունեցանք տխրահռչակ պայմանագրի ստորագրումից 40 օր անց, այն էլ դրա դիմաց հանձնելով`ինչ հնարավոր է, անգամ ադրբեջանցի ռազմական հանցագործներին, որոնք Արցախում դատապարտված էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031