«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավո Սրբուհի Գրիգորյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց GPS համակարգով սահմանների գծման գործընթացի մասին: Նրան սա հիշեցնում է նախկին «Փարոս» համակարգի աշխատանքը, երբ մարդկանց ասում էին՝ «ձեր անունը մուտք ենք արել համակարգիչ, բայց համակարգիչն ասում է՝ չէ, հիմա էլ GPS-ն է ասում՝ չէ». «500 մետր ներս է անցել սահմանը: Ղուրան կարդացե՞լ եք: Ասում է՝ որդուդ տուր, բայց հողդ՝ ոչ, որդի կունենաս, հողն ավելի դժվար է ունենալը: Այս մշակույթով են դաստիարակում մեր հարեւանները՝ կարեւորելով ամեն մի թիզ հողը: Մեզ համար մեր որդիներն են անշուշտ կարեւորը, բայց առանց հող հայրենիք չի լինում»:
«Լուսավոր Հայաստանից» մեկ այլ պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանը իր հայտարարությամբ ասաց. «Քանի դեռ մարդկային գիտակցությունը ժամանակն ընկալում է որպես թվերի հաջորդականություն եւ քանի դեռ աճող թվերի այս հաջորդականության մեջ ազգերը եւ մարդիկ ձգտում են ավելացնել իրենց կարողությունները եւ ունակությունները, պատմությունը շարունակելու է մնալ ուսուցիչ, դատավոր եւ դահիճ: 100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր հավաքական գիտակցությունն ու ներուժը, դարձանք նյութապաշտ, մեծամիտ, գոռոզ, ժլատ, արդյունքում բթացրեցինք իրականության զգացումը եւ կորցրեցինք Կարսը, Սարիղամիշը, հայոց պետականությունը, հազարավոր կյանքեր եւ ապրելու ցանկությունը: Փառք Աստծո, մեզանում գտնվեցին մարդիկ, ովքեր հույս ու հավատ ներշնչեցին ու հայ ազգը շարունակեց իր հիմնական առաքելությունը՝ արարումը: 100 տարի անց մեր փառավոր հաղթանակներից հետո մենք ընկանք մեր իսկ ծուղակը եւ նորից դարձանք նյութապաշտ, նորից դարձանք փառամոլ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրեցինք մեր կարգախոսը եւ արդյունքում կորցրեցինք իրականության զգացումը: Արդյունքը եղավ այն, որ մենք կորցրեցինք Հադրութը, Շուշին, մեր պետականության եւ մեր հայրենիքի մի զգալի հատվածը եւ կանգնեցինք նորից այս փաստի առջեւ: Շատերս կորցրեցինք հարազատներ, հազարավոր կյանքեր, շատերս նաեւ ապրելու ցանկությունը կորցրեցինք»:
Տարոն Սիմոնյանն ասաց, որ պետք է պատմությունից դասեր քաղենք, բայց չհիասթափվենք. «Այսօր, այս ծանր իրավիճակում մենք կրկին անգամ ամենաֆունդամենտալ, հիմնարար հարցի առջեւ ենք կանգնել, նորից պետք է ձեւավորենք հայ մարդ ու հայ անհատականություն, բայց ոչ թե հպարտության ֆոնի վրա, այլ՝ առաքինության: Վեհ հոգի, ազնիվ միտք, նվիրական վարք եւ քաջություն. ահա այն 4 հիմնական հենքերը, որի վրա մենք պետք է կառուցենք մեր ներքին վանքը»:
Ըստ պատգամավորի, առանց հայ անհատի ձեւավորման, մնացած առաքելությունը կձախողենք, կա՛մ պիտի անենք դա կա՛մ չպետք է խանգարենք անողներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ