«Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:
Նա հավելեց՝ ստույգ տեղեկություններ ունի, որ բոլոր գեներալներն, այդ թվում Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարել պատերազմական գործողությունները:
Նա նշեց՝ Սեյրան Օհանյանը, պատերազմի օրերին վիրավորված լինելով, այնուամենայնիվ, զսպել է իր ցասումը և փորձել Արայիկ Հարությունյանին օգնել:
Ռուզաննա Խաչատրյանը հավաստիացրեց՝ այս իրավիճակում բոլորը պիտի պայքարեն և ասաց՝ հույս ունի, որ հայ ժողովուրդն իր վիզը կուղղի:
Կարդացեք նաև
Խոսելով Սեյրան Օհանյանի գործունեության մասին պատերազմի օրերին՝ ասաց. «Սեյրան Օհանյանը որպես հասարակ ֆիդայի է գնացել ու ամոթ մեր պետությանը, որ այդպես էր իրավիճակը: Իր վարորդը, մեր հատուկ ծառայությունների մայոր Վահե Սիրունյանը զոհվել է, նրա թիկնազորի պետը, տղան վիրավորվել է: Իսկ ես այդ ամբողջ ընթացքում դատարանից թղթեր եմ ստացել մեր գույքը կալանավորելու մասին: Այսօր այդ դատախազը բարոյական որևէ իրավունք չունի Սեյրան Օհանյանի հարցը որևէ ատյանում բարձրացնել»:
Լրագրողները հիշեցրին՝ Աննա Հակոբյանը եղել է բունկերում և հարցրին՝ լինելով նախարարի կին՝ իր համար հասանելի եղե՞լ է այդ տարածքը, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց. «Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, իմ գործունեությունը տեսել եմ բժշկական ասպարեզում: Երբևէ ես իրավունք չեմ վերապահի ինձ Աննա Հակոբյանի քայլերը վերլուծել: Բայց ձեր նշած տեղում լինելու ցանկություն չեմ ունեցել, քանի որ ես չեմ տիրապետել առաջնագծի խրամատավորմանը: Չեմ կարող ասել, թե այդ տիկինն ինչ առաքելությամբ էր այնտեղ, կգա ժամանակը, կլինի հետաքննություն»:
Լրագրողները հիշեցրին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն կարծիքը, որ հիմա 44-օրյա պատերազմի դեպքերի հետաքննության քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, Ռուզաննա Խաչատրյանն արձագանքեց. «Իշխանության հանձնաժողովը, որ ղեկավարում է այդ անձը, երբ հանդես է գալիս չկայացած բրոկերի կարգավիճակով, ծիծաղելի է այդ մարդու համար տրվող հարցերին պատասխանելը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ