Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հողը ինձ ծնել, այս հողը ինձ սնել, այս հողն ինձ մեծացրել է, սա իմ հայրենիքն է ու այս հայրենիքի համար պետք է պայքարել մինչեւ կյանքի վերջին վայրկյանը». Ռուստամ Բաքոյան

Հունվար 19,2021 16:05

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նա առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը հռչակել ու նշել որպես ազգային փոքրամասնությունների օր: Թե ինչու հատկապես այդ օրը, Բաքոյանը բացատրեց, որ մի շարք երկրներում այդ օրն է նշվում, իսկ Հայաստանում այդ օրը ազգային փոքրամասնությունները մշակութային փառատոն են կազմակերպում:

Ավելի ուշ Բաքոյանը նշեց, որ հնարավոր է օրը փոխեն, քանի որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում պատերազմ է սկսվել:

Կնյազ Հասանովն իր ելույթում ասաց, որ որտեղ էլ ապրեն, որ ժողովուրդների հետ էլ լինեն, ազգային փոքրամասնությունները համ ու հոտ են տալիս այդ երկրին:

Իմքայլական Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց հատկապես եզդիներին՝ արցախյան առաջին պատերազմում, ինչպես նաեւ վերջին պատերազմում իրենց մասնակցության եւ փառքի համար. «Դուք մեր եղբայրներն եք, մեր քույրերն եք, բոլոր նահատակված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եղել են եւ մնում են ՀՀ փառքի եւ հպարտության արժանի քաղաքացիներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Սրանով եւս մեկ անգամ պետությունը կարեւորում, արժեւորում եւ գնահատում է ազգային փոքրամասնություններին: Սա խորհրդանշական առումով, որպես պետական մոտեցում, չափազանց կարեւոր է մեր կողմից, սակայն կարեւոր են նաեւ պրակտիկ քայլերը, որոնք մենք բոլորս պետք է իրականացնենք այս ոլորտում: Առանձնահատուկ կերպով այս ամբիոնից պետք է խոսեմ եզդիական առաջին թատրոնի մասին: Օրեր առաջ նախարարի եւ փոխնախարարի հետ միասին առիթ եմ ունեցել այցելելու «Կռիվ եւ սեր» բեմադրությանը Մաչանենց թատրոնի շենքում: Եզդիական թատրոնի հիմքերի մեկնարկն է տրվում այս բեմադրմամբ, որտեղ խաղում էին նաեւ վերջին պատերազմի մասնակից մեր տղաները՝ եզդի մեր եղբայրները: Այն չափազանց հուզիչ էր: Այն ոչ միայն մեծ նվաճում էր եզդիական մշակույթի, այլ նաեւ մեր՝ հայկական մշակույթի համար»:

Բաքոյանն էլ հավելեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները ՀՀ լիիրավ քաղաքացիներ են եւ Հայաստանը համարում են իրենց երկիրը, հայերի չափ սիրում են այս հողն ու ջուրը. «Ես, որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ասում եմ՝ այս հողը ինձ ծնել, այս հողը ինձ սնել, այս հողն ինձ մեծացրել է, սա իմ հայրենիքն է ու այս հայրենիքի համար պետք է պայքարել մինչեւ կյանքի վերջին վայրկյանը եւ ներդրումներ ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031