Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հատկապես ձեզ հավաքագրել

Հունվար 19,2021 15:20

Հայաստանում բորբոքվում են գործակալական կրքերը, կապված Արարատ Միրզոյանի առնվազն ԱԱԾ գործակալ լինելու փաստի հետ։ Լյուստրացիայի ջատագովներից ոմանք փաստն անտեսում են, ոմանք՝ արդարացնում, ոմանք կարծես մնալով հետևողական՝ պահանջում են համատարած լյուստրացիա, բայց իրականում նույնպես «ջրում» բացահայտված փաստը։

1996թ․ հրավիրված էի Մոսկվայի Հելսինկյան խմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանին։ Իրավապաշտպանական հելսինկյան շարժումը սկիզբ է առել 1976թ․ , 1975թ․ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի բոլոր պետությունների ղեկավարների կողմից ստորագրված հելսինկյան համաձայնագրի մարդու իրավունքների բլոկին աջակցելու նպատակով։ Խմբի նախաձեռնողն ու ղեկավարը ՀՀ ԳԱ ակադեմիկոս, ֆիզիկոս Յուրի Օռլովն էր։ Խմբի գործունեության մասին հայտարարությունը տարածվել էր Անդրեյ Սախարովի բնակարանից։

Ինչևէ, 1996թ․ մոսկովյան համաժողովի ժամանակ, սուրճի սեղանի շուրջ, մոտ մեկ ժամանոց զրույց ունեցա Յուրի Օռլովի հետ։ Զրույցի ամենահետաքրքիր հատվածը վերաբերում էր ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեի (КГБ) կողմից գործակալներ հավաքագրելու մեթոդներին։ Պարոն Օռլովը շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց, թե ինչպես են հավաքագրել, հատկապես ուսանողներին, գիտնականներին։Նա երկարատև ուսումնասիրություններ էր կատարել, զրուցել բացահայտված գործակալների, ազատազրկված այլախոհների, ՊԱԿ նախկին աշխատակիցների հետ։

Այսպես, ԲՈՒՀ-երի, գիտական ինստիտուտների հատուկ բաժինները հետևել են, հատկապես ընտանեկան, ֆինանսական խնդիրներ ունեցող, ակտիվ, դասերից հաճախ բացակայող, նաև այլախոհ ուսանողներին, գիտաշխատողներին և հարմար առիթ գտնելով՝ հրավիրել զրույցի և առաջարկել համագործակցություն։

Հաճախ դիմում էին նաև այլ քայլերի՝ երբ այս ուսանողներից, գիտաշխատողներից շատերի համար հարցեր էին առաջանում ԲՈՒՀ-ից դուրս մնալու, ինստիտուտից հեռացվելու, հաճախ, հենց նույն ծառայությունների կողմից կազմակերպված և տվյալ ուսանողը, գիտաշխատողը, հայտնվում էին հոգեբանական ծանր վիճակում, նրանց հրավիրում էին հատուկ բաժին։ Հատուկ բաժնի աշխատակիցները կարեկցանքով ուսանողին, գիտաշխատողին խոստանում էին միջնորդել, որ նրան դուրս չթողնեն, չհեռացնեն։ Օբյեկտը ոգևորվում էր, շնորհակալություն հայտնում և երբ պատրաստվում էր հեռանալ, սկսվում էր խոսակցության երկրորդ մասը։ Օժանդակության համար առաջարկվում էր համագործակցություն, այն է՝ հաղորդել գիտական, դասախոսական,ուսանողական, ընկերական շրջապատում քաղաքական խոսակցությունների մասին, թե ով ինչ կարծիքներ է հայտնել։ Խոստանում էին նաև որոշակի ֆինանսական աջակցություն, արտասահմանյան ուղևորություններ։ Որպես կանոն՝ օբյեկտը համաձայնվում էր։ Բայց նաև լինում էին մարդիկ, որ մտածում էին․ «կխոստանամ, փաստաթուղթը կստորագրեմ, բայց ստանձնած պարտավորությունները չեմ կատարի՝ հետո ով է լինելու ստուգողը»։ Անցնում էր որոշակի ժամանակ, նրան ոչոք չէր անհանգստացնում և նա մտածում էր․ «Պրծա»։ Բայց ոչ, հանկարծ նրան նորից հրավիրում էին հատուկ բաժին և նախատում․ «Բայց չէ, որ պայմանավորվել էինք, դուք փաստաթուղթ եք ստորագրել, իսկ այսինչ տեղում, այսինչ ժամանակ այսպիսի կոլեկտիվում, այ այսպիսի խոսակցություն է եղել և դուք այդ մասին մեզ չեք հայտնել։ Ի՞նչ, ուզում եք նոր խնդիրնե՞ր ունենալ»։ Եվ գործակալն արդեն պատրաստ էր։

Յուրի Օռլովը շարունակեց․ հետո իմացա, որ նույն մեթոդներով են գործում նաև այլ երկրների հատուկ ծառայությունները։ Զարմացած նրա պատմածներից՝ հարցրեցի․ «Բայց, ներեցեք, ինքս համալսարանում հաճախ եմ բացակայել դասերից, եղել եմ այլախոհ, ոչ միայն Երևանում գիտական ինստիտուտում, այլ Լենինգրադում ասպիրանտուրայի տարիներին, բայց ինձ երբեք այդպիսի առաջարկ չի եղել»։

Պարոն Օռլովը ժպտաց․ «Հարգելիս, ինձ նույնպես այդպիսի առաջարկ չի եղել։ Նրանք շատ լավ հոգեբաններ են և գիտեն, թե ում դիմել և գիտեն նաև, թե ում չդիմել, որ դիմելն անիմաստ է»։

Այս առիթով հիշեցի խորհրդային հայտնի «Զգուշացիր ավտոմեքենայից» (ռեժիսոր Էլդար Ռյազանով) ֆիլմի հերոսներից քննիչ Մաքսիմ Պոդբերյոզովիկի (Օլեգ Եֆրեմով) հարցը հակահերոս Դիմա Սեմիցվետովին (Անդրեյ Միրոնով)․

-Ինչո՞ւ են ցանկանում գողանալ հատկապես ձեր ավտոմեքենան։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031