Իրենց բնակավայրերից տեղահանված Արցախի քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են աշխատանքի տեղավորվել: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Փոխնախարարը «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց արցախցիների համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանցից կարող են օգտվել նաեւ Արցախի այն բնակիչները, որոնց տները պատերազմի հետեւանքով բնակության համար պիտանի չեն:
«Մի ծրագրով հասարակական աշխատանք պետք է անեն, մյուսով՝ աշխատանքի փորձ ձեռք բերեն՝ վարձատրության պայմանով: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի տարածքում»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, արցախցիները կարող են դիմել ուղիղ տարբերակով՝ դիմում գրելով նախարարությանը եւ էլեկտրոնային փոստի միջոցով: Դիմողը աշխատանքային փորձ ձեռք բերելու համար երեք ամսվա պայմանագիր կկնքի եւ կստանա 100 հազար դրամ եկամուտ, իսկ գործատուն պետությունից փոխհատուցում՝ հարկերը եւ պրակտիկա վարելու համար՝ 34 հազար դրամ: Փոխնախարարն ասաց, որ այդ չափորոշիչներին համապատասխանող բոլոր քաղաքացիները կարող են դիմել, հստակ սահմանափակում չկա: Աշխատանքները հիմնականում սպասարկման, արտադրական եւ արդյունաբերական ոլորտներում են:
Ռուբեն Սարգսյանի կարծիքով, սա լավ է այնքանով, որ վերադարձող արցախցին պրակտիկ փորձ ձեռք բերած կվերադառնա Արցախ եւ աշխատանքի կանցնի համապատասխան ոլորտում: Նա գործատուներին կոչ արեց նույնպես դիմել նախարարություն՝ արցախցիներին աշխատանքով ապահովելու համար:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրով գործատուն հանդիսանալու է համայնքը:
Ռուբեն Սարգսյանն ասաց, որ Վայոց ձորի մարզպետարանն արդեն հայտ ներկայացրել է 16 ծրագիր իրականացնելու համար: Այս մարզում թափուր աշխատատեղերը բարեկարգման, նորոգման, ձյունմաքրման համար են: Այստեղ մասնագիտական գիտելիքի պահանջ չկա, արցախցին օրական կստանա 8 հազար դրամ աշխատավարձ: Մինչ այժմ այս ծրագրով հայտ են ներկայացրել նաեւ ռեստորանային, հյուրանոցային բիզնեսների գործատուներ եւ սպասարկման ոլորտների ներկայացուցիչներ: Ծրագրերից օգտվելու համար արդեն իսկ հայտ է ներկայացրել 663 արցախցի:
Ռուբեն Սարգսյանի խոսքով, մինչեւ այդ մարդկանց բնակության պայմանները չստեղծվեն, ծրագիրը չի ընդհատվի եւ կերկարացվի:
Նախնական հաշվարկներով 2000 դիմորդի կարող են ապահովել ժամանակավոր զբաղվածությամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ