«Իմ հայրը շուտվանից է քաղաքականության մեջ, հետագա գործողությունների հետ կապված դեռ առիթ կլինի խոսելու և ժամանակ կլինի ներկայացնել հանրությանը, թե ինչ ձևով է դա լինելու: Բայց ինքը կա քաղաքականության մեջ, դա հաստատ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հիշեցմանը՝ ընդդիմադիր ուժերն անընդունելի են համարում իշխանության առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու տարբերակը և հարցին՝ ինչո՞ւ, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ընդդիմությունն առաջ է տանում իր օրակարգը, իշխանությունն՝ իրենը: Որոշողն այս դեպքում մեծ հաշվով իշխանությունն է: Եթե ուզում է իշխանությունը գնալ արտահերթ ընտրությունների, վարչապետը պիտի հրաժարական տա, երկու անգամ վարչապետ չընտրվի: Այսինքն՝ նրանք կարող են անել այն, ինչ ուզում են»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ չի կանգնում 17 ընդդիմադիր ուժերի կողքին, հնարավո՞ր է միանա նրանց, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Իրենք իրենց օրակարգն ունեն, և մենք դրանում ներգրավված չենք: Այս պահին ոչ ուզում եմ բացառել, ոչ էլ հաստատել: Ամեն դեպքում նման խնդիր չկա դրված»:
Այն կարծիքների մասին, թե Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և մյուսներին դատում են, որ Արցախը հանձնեն, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Մենք պատերազմից մի քանի օր հետո մեկնեցինք Արցախ: Հայրս ամեն ինչ փորձեց անել. թե՛ խորհուրդներով, թե՛ տարբեր ձևերով հուշելով: Ասում էր՝ գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել, որ հանկարծ խնդիր չառաջացնի իրենց մոտ: Նույնիսկ չուզեցան, Արցախի նախագահն էլ հարկ չհամարեց հանդիպել: Ինքս եմ ականատես եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին հաղթանակի հիմքում, ինչպես էին նրանց անտեսում: Արվել է առավելը. ինչքան կարելի էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ