Հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման օրը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Newmag հրատարակչությունը ներկայացրին ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն տարբերակը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած շնորհանդեսին ներկա էր նաեւ հեղինակը, որը դեսպանության հրավերով Հայաստանում է` իր գրքին և Հրանտ Դինքին նվիրված միջոցառումների շարքին մասնակցելու համար։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ «Ակոսի» շնորհանդեսը համավարակից հետո առաջին հանրային միջոցառումն է, եւ թեեւ 2020թ Հայաստանի համար դժվար տարի էր, անկախ այդ համատեքստից, ուրախ են վերսկսել իրենց գործունեությունը, մասնավորապես մշակութային միջոցառումները` ներկայացնելով Մանտոյին, որի «Ակոս» վեպը 2018 թ. արժանացել է ֆրանսիական գրական ամենաբարձր մրցանակներից մեկին` Renaudot-ին: «Ակոսը» Վալերի Մանտոյի երկրորդ գիրքն է: Ի դեպ, հեղինակն աշխատել է նաեւ «Շառլի Էբդոյում»
Դեսպանը հայտնեց, որ գրքի լույսընծայումից անմիջապես հետո կապ է հաստատել Մոնտոյի հետ, որից հետո դեսպանությունը նախաձեռնել է հայ ընթերցողի համար գրքի հայերեն թարգմանությունը: Գրքի թարգմանիչը Սամվել Գասպարյանն է, խմբագիրը` Համլետ Գասպարյանը: Դեսպանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Newmag-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանին:
«Գիրքը նվիրված է Հրանտ Դինքին, որը 2007թ այս օրը սպանվեց Ստամբուլում: Գրքի հայերեն հրատարակությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հրանտ Դինքի հիշատակին…Այս գիրքը նաեւ խորհրդանշական է այնքանով, որ նվիրված է խոսքի ազատությանը…Հրանտ Դինքի սպանությունից եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից զատ` գրքում ականատես ենք լինում նաեւ Շառլի Էբդոյում տեղի ունեցած իրադարձություններին: Այս գրքում հանդիպում ենք թուրք մտավորականների, որոնք մեծ խնդիրներ են ունեցել իրենց իշխանությունների հետ եւ շարունակում են էլ ավելի մեծ խնդիրներ ունենալ:
Կարդացեք նաև
Տարին, որը լի էր տարբեր իրադարձություններով, եւ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Հրանտ Դինքի սպանությունից հետո ու շարունակում են տեղի ունենալ Թուրքիայում եւ այլուր: Այս համատեքստում մեզ համար շատ հետաքրքիր է տեղեկանալ, թե ինչպես այս գիրքը կընդունվի հայ ընթերցողի կողմից»,- ասաց դեսպանը:
Հավելեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսված է Դինքին եւ նրա լրագրողական ժառանգությանը նվիրված կլոր սեղան, «Ակոսի» շնորհանդեսը Գյումրիում, Սերժ Ավեդիկյանի «վերադարձ Սոլոգ» նոր վավերագրական ֆիլմի նախադիտումը «Մոսկվա» կինոթատրոնում` Վալերի Մանտոյի եւ Սերժ Ավեդիկյանի մասնակցությամբ քննարկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ