Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնամ հիմի քանդեմ Սասուն, կանայք բերեմ քառսուն-քառսուն…». «Իմ քայլի» պատգամավորը հեգնում է քննիչ հանձնաժողով ստեղծած ընդդիմադիրներին

Հունվար 19,2021 13:36

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն ԱԺ-ում իր ելույթում հանքարդյունաբերական ընկերությունների հարցով ստեղծված քննիչ հանձնաժողով ստեղծողներին համեմատեց Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսի Կոզբադինի հետ, որը պատրաստվում էր գնալ Սասուն ու խոստումներ էր տալիս:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում անցյալ տարի ստեղծվել էր «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող» քննիչ հանձնաժողով ու այսօր ներկայացվեց կատարած աշխատանքների զեկույցը:

Պապոյանը հիշեցրեց, թե Թումանյանի պոեմում ինչ խոստումներ էր տվել Կոզբադինը.

«Սասնա քար ու հող տակուվրա անենք,

Օխտը տարվա խարջը բերենք,

Գնամ հիմի քանդեմ Սասուն,

Կանայք բերեմ քառսուն-քառսուն,

Քառսուն բեռով դեղին ոսկի,

Տեղը ջնջեմ հայոց ազգի»:

Պապոյանի խոսքով՝ «Քննիչ հանձնաժողով ստեղծող քաղաքական ուժի ելույթները մոտավորապես այս տրամաբանությամբ էին, բայց բոլորս գիտենք ինչ է տեղի ունենում Սասունում Կոզբադինի հետ: Ամուլսարի հարցը անցյալ տարի բարձրացվել էր, հնչեղություն կար ու քաղաքական դիվիդենտներ շահելու համար բերեցին այս հանձնաժողովը, ստեղծեցինք…Հանձնաժողովը 3 առաջարկություն է ներկայացրել: Օրինակ, կազմակերպել կոնֆերանս ՅՈԻՆԵՍԿՕ-ի փորձագետների հետ: Ես ունեմ հիմա ավարտական թեզեր գրող ուսանողներ, որոնց առաջարկները թեզի մեջ շատ ավելի բովանդակային են, շատ ավելի պրակտիկ են»:

Պապոյանն ասաց, որ իր քննադատությունը ուղղված չէ այս քննիչ հանձնաժողովի նախագահին, այլ՝ այն պատգամավորներին, որոնք պահի ազդեցության տակ որոշում են ստեղծել ինչ-որ հանձնաժողով՝ այն հույսով, որ ԱԺ-ից չեն պահանջելու պատշաճ հաշվետվություն. «Ես, որպես պատգամավոր, չեմ խոստացել իմ ընտրողներին ու քաղաքացիներին, որ սարեր եմ շուռ տալու այդ թեմայով: Պետք չէ ավելորդ հույսեր, տրամադրություններ ստեղծել, որ երկրում այսինչ բաներն են տեղի ունենում, հիմա մենք կգանք, բացահայտումները կանենք: Չկան այդ բացահայտումները: Իրական խնդիրները թողած՝ այլ բաներով եք ընկել»:

Պապոյանը նույնպիսի կասկածանքով է վերաբերում կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031