Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել». վարչապետը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել Անահիտ Ավանեսյանին

Հունվար 19,2021 13:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին՝ Առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը, հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով:  «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք:

Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի  համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործադիրն այն կկարողանա պահպանել:

 «Իհարկե, հաջորդ շատ ավելի դաժան փորձությունը պատերազմն էր և շարունակում է  այդպես լինել: Մենք հիմա նաև, ցավոք, մարմինների նույնականացման խնդիր ունենք, ինչ-որ առումով այդտեղ էլ որոշակի բարդություններ ունեինք, բայց հիմա կրկին կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն եղել է թիմի անդամ: «Ոչ միայն նա, այլ նաև նախարարի մյուս տեղակալները, որոնք տարբեր ժամանակներում են նշանակվել,  ըստ էության գործել են որպես մի թիմ: Տեղի ունեցող փոփոխությունը հետևյալ իմաստն ունի, որ մենք շարունակում ենք վստահել այդ թիմին ու տվյալ դեպքում տիկին Ավանեսյանը կգլխավորի այն: Ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ՝ տիկին Ավանեսյան, այս աշխատանքները շարունակելու գործում: Հույս ունենք, որ Առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ 2018 թվականի մայիսին Առողջապահության նախարարի և ընդհանուր ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար: «Ինչպես Դուք նշեցիք՝ մենք բավականին տարբեր ուղղություններով՝ և՛ բովանդակային, և՛ շրջանակային փոփոխություններ ենք փորձել իրականացնել: Այդ իմաստով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և ընդհանրապես կառավարությանը՝ մեր առաջարկները մեծամասամբ ընդունելու համար: Մարդակենտրոն մոտեցումները, որոնք հիմնականում ծնվում էին կամ այս սրահում, կամ աշխատակազմում, իրականություն էին դառնում ու մեր բնակչությունը դրանից օգտվում էր՝ ստանալով բարձրորակ, ավելի որակյալ բուժօգնություն՝ ավելի լայն շրջանակներով: Նրանք հազարավոր մեր քաղաքացիներն են՝ սկսած երեխաներից, վերջացրած ամենատարեցներով ու ես վստահ եմ, որ այս աշխատակազմը, այս թիմը նոր նախարարի գլխավորությամբ նույն տրամաբանությամբ և միգուցե ավելի լավ, ինչում ուրախ կլինեմ, կշարունակի այդ ճանապարհը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ նախկին նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՆ աշխատակազմին և նշել, որ նա հաճախ ամիսների ընթացքում գիշերել է աշխատավայրում: «Դրա շնորհիվ է, որ այո, սկզբում շատ քննադատվելով, բայց, այնուամենայնիվ, ունենք կառավարելի վիճակ: Եվ եթե հիշում եք, այն տերմինը, որ մենք օգտագործում էինք՝ ապրել կորոնավիրուսի հետ, փաստացի իրականություն է դարձել: Այո, մենք ունենք տնտեսական սահմանափակումներ, վերջում էլ շատ բաներ մեղմեցինք: Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արսեն Թորոսյանին՝  2018-ին գերատեսչության թիմում իրեն ընդգրկելու և միասին այս ճանապարհն անցնելու համար: «Վերջին 2.5 տարիները եղել են սկզբից ակտիվ ռեֆորմների, այնուհետև լուրջ մարտահրավերների տարիներ, որոնք և՛ մեր թիմը, և՛ ողջ առողջապահական համակարգը կարելի է ասել կոփել է, դարձրել ավելի կուռ, միասնական, նվիրված գործին: Մենք ականատես ենք եղել, թե կորոնավիրուսով պայմանավորված, և թե պատերազմի ընթացքում ինչպես էր ողջ առողջապահական համակարգը միասնական ուժերով երկու ճակատով պայքարում մեր քաղաքացիների առողջության համար: Պարոն վարչապետ վտահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելով ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք»,- նշել է նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետը հավելել է. «Իհարկե ճիշտ նշվեց, բայց մյուս կողմից չեմ ուզում հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե մենք առողջապահական համակարգի գործունեությունը համարում ենք անթերի, իհարկե շատ խնդիրներ կան, որոնք լուծված չեն և պետք է լուծվեն: Մեր առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է մեր պատկերացրածից ու երազածից, և իհարկե մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները, մենք ցավոտ պրոբլեմ ունեինք կապված մարմինների նույնականացման հետ, ԴՆԹ անալիզների հետ, բայց հիմա ինչպես և նախարարը նշել էր, խոստացված ժամկետում երկրորդ սարքը ներմուծվեց և սկսեց աշխատել: Այդ առումով նույնպես հիմա կառավարելիության բոլորովին նոր մակարդակ ունենք:

 Տիկին Ավանեսյան հաջողություն եմ մաղթում Ձեզ և ներկաներին: Հույս ունեմ, որ այն բարեփոխումների տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031