Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը եւ դրա մեջ ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ». Բաբկեն Թունյան

Հունվար 19,2021 13:18

«Ես չգիտեմ, Դավիթ Անանյանը քանի՞ գլխանի է, որ չի եկել ձեր հանձնաժողովի նիստին»,- այսօր ԱԺ նիստում Արման Բաբաջանյանն այսպիսի հարցադրում արեց: Իսկ նիստում քննարկվում էր «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը:

Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանն ասել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանչել են, որ պարզաբանում տա, չի եկել:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց. «Արդյոք սա այն էր, ինչ պետք է աներ այս հանձնաժողովը, թե՞ ոչ: Իմ կարծիքով, ոչ, որովհետեւ հանձնաժողովը պիտի պարզեր այս ընկերությունների ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, արժանահավատությունը: Չենք պարզել: Պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»:

Թունյանն ասաց, որ բնապահպանական ակտիվիստներն են հիմնականում եկել հանձնաժողովի նիստին: Հաշվեքննիչ պալատին հարցում են արել, որ գոնե իրենց մասնագետներին տրամադրեն, իրենք բնականաբար մերժել են. «Ես ինքս ՊԵԿ-ի հետ կապված պարոն Անանյանին չեմ ասել, որ գա, որովհետեւ ինձ հետաքրքիր էր ավելի շատ լսել հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին: Օրինակ, ինձ հետաքրքիր էր իմանալ, թե մի խոշոր հանքարդյունաբերական ընկերություն, որը վնասով է աշխատում, բայց տարեկան մի քանի մլրդ դրամ գումար է ուղղում բարեգործական ծրագրերին, ինձ հետաքրքիր էր հասկանալ, թե այդ ի՞նչ բարեգործական ծրագրեր են: Ցավոք, այդ հնարավորությունը չունեցանք»:

Թունյանն ասաց, որ հարցերի ցանկ էր մշակել՝ պարզելու, թե հանքարդյունաբերական ընկերություններն ինչ ներդրում են արել, քանի աշխատող ունեն, բայց այդ հարցերի պատասխանները չեն ստացել: Նա նաեւ տեղեկացրեց, որ 5 խոշոր հանքերով զբաղվելու հարցը հանձնաժողովի անդամների մեջ են բաշխել, որ ռեսուրսները բավարարեն, բայց ընկերություն է եղել, որի հաշվետվությունն անգամ չեն կարողացել գտնել. «Կա ընկերություն, որը որպես հանքարդյունաբերական, առանձին չկա, ինքը մի հատ հոլդինգի մեջ է մտնում, որը նաեւ այլ գործունեությամբ է զբաղվում: Ու այստեղ մենակ պետական պաշտոնյայի հարցը մեջտեղ բերելը ճիշտ չի»:

Թունյանը նշեց, որ անգամ լրագրողական կազմակերպությունը եթե հետաքննություն աներ, ավելի շատ բան կպարզեր, որովհետեւ նույնիսկ բաց աղբյուրներից հնարավոր էր ավելի շատ տեղեկատվություն ստանալ ու աշխատել դրանց վրա. «Հստակ ասեմ ինչ տեղի ունեցավ: Քննիչ հանձնաժողովը հստակ ընդգծված սկսեց աշխատել մեկ հանքարդյունաբերական ընկերության… չեմ ասում դեմ, ներդրումային ցուցանիշները կասկածի տակ դնելու, ապացուցելու, որ սխալ է տեղեկատվությունը: Բնապահպանական ակտիվիստները խոսում էին մեկ հանքարդյունաբերական ընկերության մասին, որը չի աշխատում…Հիմնականում «Լիդիան Արմենիայի» մասին էիք խոսում»:

Ամփոփելով՝ Թունյանը հայտարարեց. «Մենք ձախողել ենք քննիչ հանձնաժողովի գործունեությունը եւ դրա մեջ ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ: Սա թող մեզ համար դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելը ինքնանպատակ չլինի: Հաջորդ անգամ մենք մեր ուժերը պիտի գնահատենք ու տեսնենք՝ եթե մի բանը կարողանալու ենք անել, մտնենք դրա տակ, եթե չենք կարողանալու անել՝ սկզբից լավ է սպասումներ չձեւավորել, որովհետեւ դա ոչ միայն ռեսուրսի վատնում է, այլեւ ԱԺ-ի հեղինակությանը լուրջ հարված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել