Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի Սիլիկոնային հովիտը, սա արտակարգ մեկնարկ է». բացվեց 42 Երևան ծրագրավորման դպրոցը

Հունվար 19,2021 13:22

Հունվարի 18-ին` Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ, տրվեց 42 Երևան ծրագրավորման միջազգային դպրոցի դասերի մեկնարկը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի մաս կազմող դպրոցը ֆրանսիական աշխարհահռչակ 42 ծրագրավորման ցանցի 30-ից ավելի կենտրոններից մեկն է:

Ցանցը դպրոցներ ունի նաև Սան Ֆրանցիսկոյում, Սեուլում, Ռիո դե Ժանեյրոյում, Ամստերդամում և այլուր: Մինչ ԵՄ Թումո համալիրի կառուցումը, ծրագիրը գործելու է Երևանի Թումոյի տարածքում:

42 Երևանի ուսանողները սկսեցին իրենց կրթական ուղին` մուտք գործելով ծրագրի նորարար, խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմ. «Ինձ համար 42-ը պարզապես ուսումնական կենտրոն չէ, այլ հարթակ է, որտեղ ես կարող եմ գաղափարակից ընկերներ գտնել ու միասին անցնել այս ճանապարհը: Ես ցանկանում եմ ապագայում խաղերի ստեղծման ընկերություն հիմնել այստեղի իմ ընկերների հետ ու վերադառնալ 42` կիսվելու փորձով ու ոգևորելու մեր օրինակով»,- ասում է 21-ամյա Վահագն Գիշյանը:

«Կարծում եմ, ԵՄ Թումո համալիրը հիանալի հարթակ է երիտասարդների համար` զարգացնելու իրենց հմտությունները, հատկապես նման բարդ ժամանակներում: Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի Սիլիկոնային հովիտը, սա արտակարգ մեկնարկ է»,- ողջույնի իր խոսքում նշել է Եվրոպական միության դեսպանը:

2020 թվականի ամռանն ու աշնանը դպրոցի ընդունելությանը միացավ 4000-ից ավելի մասնակից: Անցնելով քննական մի շարք փուլեր` նրանցից 160-նն ընդգրկվեցին դպրոցի հիմնական ծրագրում: Ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում և պրակտիկա: Ինչպես ցույց է տալիս 42-ի միջազգային փորձը, ուսանողների ճնշող մեծամասնությունը, միջինում 2 տարվա ուսումից հետո, գտնում է բարձր վարձատրվող աշխատանք ոլորտում:

Բացման օրն արդեն ակտիվորեն իր ինքնուսուցումը սկսած 22-ամյա Անի Հովհանիսյանի երազանքն է ստարտափ ստեղծել. «Ես ցանկանում եմ կրթությունն ավելի հասանելի դարձնել հավելվածների միջոցով: Այս գործում շատ կարևոր է հավելվածների որակն ու դրանց նկատմամբ ստեղծագործ մոտեցումը, հենց այդ պատճառով էլ պատրաստվում եմ կենտրոնանալ վեբ հավելվածների ոլորտում հմտանալու վրա»:

42-ի ուսումնական պլանն առաջարկում է 100-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Ոլորտի հիմունքներին ծանոթանալուց հետո ուսանողները ընտրում են իրենց մասնագիտացման ոլորտը` արհեստական բանականությունից ու կիբեր անվտանգությունից մինչև խաղերի ստեղծում:

«Այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ պատրաստում է շատ «դիմացկուն» ծրագրավորողներ։ Իհարկե, շուկային լավ մասնագետներ տալը կարևոր է, բայց ավելի կարևոր է պատրաստել մասնագետներ, ովքեր իրենց հետևից կտանեն ոլորտը։ Այդ ամենն իրենք կարող են անգամ թիմով անել, որովհետև կրթական ծրագրի գլխավոր գաղտնիքներից մեկը համագործակցային ուսումն է` այստեղ չկան ուսուցիչներ»,- իր խոսքում նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը կրթական ու տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Թումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031