Յուրի Բաբաջանյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 19-ին, Ղուզե Ճարտարում: Մինչև 8-րդ դասարանը սովորել է Ճարտարում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1981-83թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ավարտել է Դուշանբեի պոլիտ.ինստիտուտի ավտոճանապարհաշինարարական ֆակուլտետը: Որպես ինժեներ` աշխատել է Դուշանբեում:
Սպիտակի երկրաշարժի մասին լսելով` նա շտապել է Սպիտակ, որպեսզի իր օգնությունը ցույց տա տուժածներին, իսկ հետո, Արցախյան շարժման հետ կապված, ընտանիքով տեղափոխվել է հայրենի Ճարտար, անդամագրվել ինքնապաշտպանական ջոկատին, դարձել հրամանատար: Մեծ ու յուրահատուկ ներդրում է ունեցել Ճարտարի ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման մեջ: Մասնակցել է Վերին Վեյսալուի, Ուրյանա լեռան, Ղաջարի, Աղդամի, Խազազասարի, Գևորգավանի, Մարտակերտի շրջանի մարտերին:
Զոհվել է 1994 թվականի փետրվարի 4-ին, Քավթառլու տեղամասում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Ամուսնացած էր, ունի երկու դուստր: Հանգչում է Ճարտար քաղաքի գերեզմանոցում:
Կարդացեք նաև
«Դուշանբեն շատ գեղեցիկ քաղաք է,- ասում էր մեր հերոսը, – այնտեղ կան հետաքրքիր և չկրկնվող ճարտարապետական կառույցներ, բայց երկրային աշխարհի ամենասիրելի և ամենասքանչելի վայրն իմ Արցախ աշխարհն է, իմ հարազատ ծննդավայր Ճարտարը»:
Յուրի Բաբաջանյանն` ընկերների, հարազատների և շրջապատի կողմից սիրված ու հարգված Յուկան, սրտի թելադրանքով ու հոգու կանչով վերադարձավ հայրենիք: Ուներ բարձրահասակ և գեղեցիկ կազմվածք, խրոխտ հայացք, ճկուն ռազմավարական միտք, միշտ պատրաստ էր արյան գնով պաշտպանել և անկախացնել մեր մի բուռ հողը, որ ոսոխն էր ուզում խլել մեզնից: Փայլուն ռազմավարական գիտելիքներով զինված հրամանատարը գիտեր` ինչպիսի ծրագիր մշակել թշնամուն խոցելու համար: Յուրի Բաբաջանյանը, որպես ազգի նվիրյալ, անմնացորդ էր: Նա շատ բարի էր, քաջ, ինքնավստահ և իր ունեցած ամեն ինչը` խելքը, մարտական ունակություններն, անգամ կյանքը ծառայեցնում էր հայրենիքին:
1992-94թթ. Ճարտարի գումարտակի հրամանատարն է եղել Յուրին: Լեգենդար Ավոն շատ էր սիրում ու վստահում նրան՝ գումարտակի սիրտն ու հոգին էր:
Յուրին իր դուստրերի մեջ սերմանել է հայի լավագույն գծերը: Դուստրերը միշտ առաջնորդվել և մինչև օրս առաջնորդվում են հոր տեսակետներով և գաղափարներով: Որպես հայր` նա իրեն դրսևորելու շատ քիչ ժամանակ ունեցավ, բայց այդպիսի արժեքներ կրող մարդը հետագայում պիտի լիներ լավագույն և հոգատար հայր, պիտի իր դուստրերին տար լավագույնն ու արժեքավորները:
-Հայրս իմ իդեալն է յուրաքանչյուր առումով,- ասում է ավագ դուստրը` Անուշը: Հոր հետ կապված շատ քիչ հիշողություններ ունի, որովհետև ժամանակի մեծ մասը նա դիրքերում էր անցկացնում:
Դուստրերի հիշողությունների արթնացման ու վերապրման հաճելի ու ցավով պարուրված ժամանակահատվածը հունվարն է:
Ավագ դուստրը պատմում է.
– Հիշում եմ` մենք գտնվում էինք Սարուշենի մոտակայքում, որտեղ ապաստանել էինք ապահովության համար: Հայրս տանկով եկավ մեզ տեսության, երևի տան կողքով էր անցնում: Ես էլ շատ հետաքրքրասեր էի, խնդրեցի, որ ցույց տա այդ մեծ ու հետաքրքիր «մեքենան»: Տարավ, նստեցրեց տանկի մեջ, ու ահագին տեղ քշեցինք այն: Դրանից հետո ես միշտ պարծենում էի, որ հինգ տարեկանում տանկ եմ քշել:
Տիկին Շողերն, անժամանակ կորցնելով ամուսնուն, չկոտրվեց և չթուլացավ, այլ կորստի ցավը հաղթահարելով` մեծացրեց և կրթեց երկու դուստրերին: Կինը ցավում է, որ ամուսինը չտեսավ այնքան երկար սպասված խաղաղությունը:
«Ես այսօր ծաղիկներ պիտի խոնարհեի հպարտ կեցվածքով, բաց ճակատով ասեի, որ կփորձեմ քեզ արժանի դուստր լինել։ Այդ էր միայն ինձ բաժին հասած հայրական ծնունդի շնորհավորանքը։ Ցավն ու դառնությունը հպարտությանս մեջ խեղդած՝ դրանով էի ամոքվում։ Այսօր դա անել անգամ չեմ կարողանում, այդ նվազագույնը, այդ չնչինը։ Գլխահակ սին բառեր եմ խոնարհում. հպարտություն խոնարհել անգամ չեմ կարող»,-դուստրն է խոսում հոր նկարի հետ։
32 գարուն ապրած խիզախ հայորդին հասցրել է մեծ հարգանք, սեր ու պատիվ վայելել հասարակության կողմից: Շատերն են արյան գնով պաշտպանել հայրենիքը, սակայն քչերն են հայրենիքից դուրս գտնվելով, թողնելով ամեն ինչ, եկել հայրենիք` այն կյանքի գնով պաշտպանելու և սերունդներին կապույտ, խաղաղ երկինք պարգևելու համար:
«Գիտես, ես ինձ երբեք դժբախտ կամ տուժած չեմ համարել, որովհետև քեզ ունենալը, քո դուստր կոչվելը երջանկագույնն է։ Իսկ դո՞ւ… Դու, արդյոք ինձ նման զավակի մասին ես երազել, չէ՞ որ ես չկարողացա տեր կանգնել իմ հայրենիքին, քեզնից ժառանգություն ստացած մասունքին, քո սրբագործած հաղթանակներին։ Բայց նրանք իմ սրտում են, իմ հոգու ակունքներում, իմ աշխարհում ու մտքերում։ Այ ա՛յդ հրաշքը ոչ ոք երբեք չի կարող գողանալ. ինձ ապրեցնողը։ Բայց մի՞թե դա հերիք է։ Իմ կյանքի գարնան գույները փայլում էին հերոսական շղարշով. 2020-ը խամրեցրեց ամեն գունավորը։ Դու 32-ում քո կյանքով հայրենիք ազատագրեցիր, ես 32-ում դարձա հայրենազուրկ» ,-շարունակում է մենախոսությունը։
Սիրելի հրամանատարին բացակա չենք դնում, չենք մոռացել հայի լավագույն տեսակ Յուրի Բաբաջանյանին:
Ծնունդդ շնորհավոր, հերոս։ Կներես, որ արժանի չեղանք:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ