Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը 2500 ջահ ինչո՞ւ պետք է ներկրի». ԱԺ քննիչ հանձնաժողովի բացահայտումները

Հունվար 19,2021 12:27

Այսօր ԱԺ նիստում ներկայացվեց զեկույց «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրգործեր, հանքավայր շահագործող 27 ընկերություններ ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թթ, որեւէ մեկը շահույթով չի աշխատում ու շահութահարկ չի վճարում: Հանձնաժողովին առաջարկվել է ուսումնասիրել կազմակերպությունների ներդրումների ծավալները, կարեւորվել է հանքավայրերի իրական սեփականատերերին բացահայտելը, արտահանման ծավալները, այդ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը եւ այլն: Հանձնաժողովը ՊԵԿ-ից պարզաբանում է ստացել, թե այդ կազմակերպություններից ի՞նչ ապրանքներ են արտահանվել, երկրի սահմանը հատել: ՊԵԿ-ը պատասխանել է, բայց բացվածքը չի պարզաբանել: Այն ժամանակ ՊԵԿ նախագահը Դավիթ Անանյանն էր, հրավիրել են` հանձնաժողով, չի եկել:

Քննարկվել է նաեւ Ամուլսարի շահագործման հարցը: Ինչպես նշեց Սերգեյ Բագրատյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը մի շարք խախտումներ է մատնանշել Ամուլսարի շահագործման հարցում: Նաեւ ուսումնասիրվել է Ամուլսարի հանքի տարածքում պատմամշակութային հուշարձանների հարցը, քանի որ եթե պարզվի, որ կա հնեաբանական գտածո, չեն կարող հանքը շահագործել:

Հանձնաժողովի անդամները հարցաշար են մշակել ու ուղարկել հանք շահագործող ընկերություններին: Արդյունքում՝ 27 ընկերություններից որոշները, օրինակ, «Գեոպրոմայնինգգոլդը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» չեն ներկայացրել, «Թեղուտ» ՓԲԸ-ն էլ նշել է, որ իրավաբանական խորհրդատվության է դիմել: Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ընկերությունների հաշվետվությունները արժանահավատ չեն, իմքայլական Արտակ Մանուկյանը հարցրեց՝ նման պնդում ի՞նչ հիմքով է անում: Բագրատյանի մեկնաբանությամբ՝ այն, որ այդ ընկերությունները այսքան տարի աշխատում են ու շահութահարկ չեն վճարում, ցույց են տալիս, որ շահույթ չեն ստանում, դա արդեն իսկ վկայում է, որ արժանահավատ չէ. «Եթե այս ընկերությունները, բացի «Լիդիան Արմենիայից», միջազգային հարթակներում չկան, սա նշանակում է, որ թափանցիկություն չկա»:

Բագրատյանը բորբոքվեց՝ ասելով, որ ոչ մի հանձնաժողով չի կարող սրանից ավելի աշխատել՝ որեւէ մասնագետի հրավիրելու հնարավորություն չունենալով:

Իմքայլական Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ուսումնասիրության արդյունքում այնպիսի փաստեր գտե՞լ են, որոնք առերեւույթ հանցագործության տարրեր են պարունակում այդ բացահայտումներում:

Բագրատյանը պատասխանեց. «Մեկ դրվագով, երբ որ ստացանք տեղեկատվություն, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2500 ջահ է ներկրել, մեզ համար անհասկանալի դարձավ, թե հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը 2500 ջահ ինչո՞ւ պետք է ներկրի: Գրությամբ դիմեցինք ՊԵԿ-ին, մաքսային մարմիններին, խնդրեցինք պարզաբանել, փաստաթղթերում ջահի գները նշվա՞ծ են: Պատասխանը հետեւյալն էր՝ բերվել է 22 կգ մետաղական շղթա, 772 կգ լուսամփոփ: Այսինքն, ունենք խնդիր ապացուցելու, որ ընկերությունը 2500 ջահ է ներկրել ու ՊԵԿ-ը չի տալիս հստակ, որ հասկանանք: Պարզաբանել են, որ որպես ջահ հավաքված, պատրաստված չեն ներկրել, որ հատով ասեն»:

Ինչ վերաբերում է Դավիթ Անանյանի պահվածքին, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե պետական պաշտոնյան իրեն այդպես է պահում, արհամարհում է քննիչ հանձնաժողովը, չի գալիս նիստին, մասնավոր ընկերությունից ի՞նչ կարող են պահանջել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031