Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին հերթին սա պետության կողմից տրված արտոնությունների դաշտի վերանայում է». Էդվարդ Հովհաննիսյան. «Հրապարակ»

Հունվար 19,2021 11:24

Կառավարության որոշմամբ՝ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել «Հարկային քաղաքականության ճեղքի վերացման» միջոցառումների ծրագիր։ Տնտեսության վիճակը լուրջ է, բյուջեն ճեղքվածք ունի, եւ պետք է ձգել տնտեսվարողների գոտիները։ Այս որոշման արդյունքում տնտեսվարողների համար ծանր օրեր են սպասվում՝ կառավարությունը մտադիր է խստացնել հարկային քաղաքականությունը եւ հետ կանգնել հարկային արտոնություններից։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, սակայն, համաձայն չէ այն մտքի հետ, որ մենք բյուջեում ճեղքվածք ունենք։

«Այստեղ ավելի շատ խոսքը հարկային քաղաքականության մոտեցման խնդիր է, կան ոլորտներ, որոնցում հարկման դրույքաչափերը եւ, առհասարակ, հարկային քաղաքականության մոտեցումները պետք է վերանայվեն։ Մասնավորապես, նշված միջոցառումներով նախատեսվում է վերանայել շրջանառության հարկի շեմը, առողջապահության դաշտում եւ մյուս ոլորտներում արտոնությունների վերանայում պետք է տեղի ունենա։ Իսկ հարկային ճեղքի մասով նշեմ, որ առաջին անգամ 2020 թ․ ընթացքում ավելացված արժեքի մասով ՊԵԿ-ն իրականացրել է ճեղքի գնահատում միջազգային գործընկերների հետ միասին, եւ ընդ որում՝ առաջին անգամ հանրապետությունում ճեղքի գնահատումը եղել է ըստ ոլորտների»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։

Դա ինչո՞վ է պայմանավորված, հարկային ոչ արդյունավետ վարչարարությա՞մբ, թե՞ տնտեսվարողների անբարեխիղճ վարքագծով։

– Դա պայմանավորված է ե՛ւ հարկային վարչարարությամբ, ե՛ւ հարկային քաղաքականությամբ, նաեւ՝ ստվերային շրջանառությամբ։

Նախագիծն ուսումնասիրելիս հասկանում ենք, որ կառավարությունը նախատեսում է տնտեսվարողների գոտիները ձգելու քաղաքականություն վարել՝ ելնելով տնտեսական առկա ծանր իրավիճակից։

– Կոնկրետ ո՞ր միջոցառումն է, ըստ Ձեզ, ներառում տնտեսվարողների գոտիները ձգելու մոտեցում։

Առնվազն հարկային արտոնությունների վերանայման մասով կարող ենք ասել, ԱԱՀի, շրջանառության հարկի շեմի իջեցման մասով եւ այլն։

– Գիտե՞ք, պետք է խնդիրը եւ հարցը ճիշտ ձեւակերպենք։ Առաջին հերթին սա պետության կողմից տրված արտոնությունների դաշտի վերանայում է, այսինքն՝ այլ հավասար պայմաններում նշված գործունեության տեսակները պետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով։ Պետությունը, նախանշելով իր առաջնահերթությունները եւ աջակցության կարեւոր ոլորտները, նախատեսել է արտոնություններ։ Հիմա եկել է ժամանակը՝ նշված ժամանակներում արտոնությունների արդյունավետությունը վերանայելու եւ, ըստ կառավարության կողմից հռչակված առաջնահերթությունների, նշված արտոնություններին գնահատական տալու՝ թողնե՞լ այդ արտոնությունները, թե՞ ոչ, կամ ո՞ր ոլորտում թողնել, որո՞ւմ՝ ոչ։

Բայց մասնագետների վերլուծությունն ու տնտեսվարողների տպավորությունը հենց դա են հուշում, որ մենք 2020 թվականին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով ունենք տնտեսական լուրջ խնդիրներ, եւ 2021 թվականին փորձելու են մաքսիմալ շատ գումար բյուջե բերել այս մեթոդով։

– Իհարկե, դա թաքցնելու չէ, որ մենք ունենք հարկային եկամուտների ավել հավաքագրման անհրաժեշտություն, քանի որ պետության կողմից հռչակված առաջնահերթությունները եւ այն անհրաժեշտ ծախսերը, որոնք պետք է կառավարությունն իրականացնի, դրանց համար պետք է բավարար եկամուտների հավաքագրում, ու հենց նաեւ այդ տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել վերանայել քաղաքականությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031