Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ բնակավայրի 1-ին փողոցի 10-րդ շենքի սեյսմակայունությունը ստուգվել է նախորդ տարի, որի ժամանակ որեւէ վթարային իրավիճակ չի հայտնաբերվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանը՝ անդրադառնալով բնակիչների տարածած բաց նամակին, որում հայտնել էին, թե դեկտեմբերի վերջից սկսվել է շենքի առանձին մասերի փլուզումը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ բնակիչների կյանքի եւ անվտանգության համար, թե՛ շենքի հիմնովին փլուզման տեսանկյունից:
«Տանիքը հիմնանորոգվել է նախորդ տարի: Շենքի մի մասի պատշգամբները փայտյա են, որոնք տարիների ընթացքում մաշվել են, վիճակը այստեղ վատ է»,- ասաց վարչական ղեկավարը:
Վարչական ղեկավարը հերքում է, թե շենքում բնակվելը վտանգավոր է. «Վտանգի սպառնալիք չկա, մենք նախորդ տարի մասնագետներ ենք բերել, ստուգել շենքի վթարային իրավիճակն ու նոր միայն տանիքը փոխել: Շենքը բնակվելու ենթակա շենք է: Շենքի փլուզում չկա, միայն ծեփոններից են թափվել, մի քիչ երեւի շատ են բարդացրել: Այդ շենքից շատ ավելի վատ վիճակում գտնվող շենքեր ունենք Շամլուղում… եթե այդպիսի բան լիներ, իմ կարծիքով՝ մեր հրավիրած հանձնաժողովը շենքը վթարային կճանաչեր, կարգ կտար ու չէր թույլատրի շարունակել բնակվել այդտեղ»:
«Շենքի բնակիչների տեղափոխման հարց երբեւէ չի քննարկվել, քանի որ շենքը ինքն իրենով վթարայնության կարգ չունի»,- եզրափակեց Արթուր Աղաբաբյանը:
Կարդացեք նաև
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: