Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ուժեղ է, որովհետև կարողանում է պահել իշխանությունը, բայց արդեն այնքան ուժեղ չէ, որ այդ իշխանությունը տարածի ամբողջ հանրապետությունում. «Փաստ»

Հունվար 19,2021 10:44

Արտաքուստ կա կառավարություն, որը որոշումներ է ընդունում, կա խորհրդարան, որը քվեարկություններ է անում: Ուզում են տպավորություն ստեղծել, որ բացի Արցախի հարցում ինչ-որ «թեթևակի խնդիրներից»՝ ոչինչ էլ չի եղել: Ուզում են ցույց տալ, որ առօրյա կյանքը շարունակվում է այնպես, ինչպես եղել է մինչ պատերազմը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ սա՝ արտաքուստ, իսկ իրականությունն, ըստ քաղտեխնոլոգի, այլ է: «Իրականում այլ պատկեր ունենք, քան ակնհայտ է տեսանելի դաշտում: Մի կարևոր հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել. հատկապես իշխանական ճամբարից շատ են ասում՝ տեսեք, «17»-ի հանրահավաքները չեն ստացվում, մարդիկ չեն հավաքվում, ինչը, ըստ նրանց, նշանակում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» 17 ուժերը վստահություն չունեն:

Շատերը կարծում են նաև, թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով է որոշվում՝ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ: Իրականում այդպես չէ, որովհետև նրանք, ովքեր դա ասում են, հավանաբար, մտածում են, թե 2018 թ. իշխանափոխությունը ժողովրդի քանակով էր պայմանավորված: Ոչ, ժողովուրդը միշտ էլ «մասովկայի» դերակատարություն է ունենում, բայց իշխանափոխությունն այլ գործոնների արդյունքում է տեղի ունենում: Կարող է 100 հազար հոգի լինի, և ոչինչ տեղի չունենա, ինչպես, օրինակ՝ 2008թ. մարտի 1-ից առաջ ընկած ժամանակահատվածում, երբ մարդկանց քանակը որևէ իշխանափոխության չհանգեցրեց: Միևնույն ժամանակ, մարդկանց քանակը չէր այն գործոնը, ըստ որի՝ 2018 թ. ապրիլմայիսյան ժամանակահատվածում իշխանափոխություն եղավ»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը իշխանափոխություն իրականացնելու պայմանավորվածությունների առկայության կամ բացակայության մասին է:

«Այնպես որ, երբ Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում մարդիկ չեն ավելանում, պետք չէ միամտորեն կարծել, թե Հայաստանում իշխանափոխությունը մարդկանց գործոնով է պայմանավորված: Ամբողջովին այլ գործոններով է իշխանափոխություն լինում»,-ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ այս փուլում դեռ իշխանափոխություն չկա, նկատում է. «Որովհետև դեռևս փոխադարձ ընդունելի ինչ-որ հայտարարի չեն եկել: Սա ամենևին չի նշանակում, որ փոխադարձ ընդունելի հայտարարը պետք է կոնկրետ վարչապետի և ընդդիմադիրների միջև լինի:

Կարող է այլ տարբերակներ աշխատեն՝ իշխանական ճամբարի շատ այլ գործոններ գնալով ընդհանուր հայտարարի գան ընդդիմադիր շրջանակների հետ և իշխանափոխություն իրականացնեն: Բայց այսօր, ընդհանուր առմամբ, ունենք հետևյալ քաղաքական իրավիճակը. իշխանությունն այս պահի դրությամբ դեռ այնքան ուժեղ է, որին չեն կարողանում հեռացնել իշխանությունից, բայց իշխանությունն այնքան ուժեղ չէ, որ վարչապետի իշխանությունը տարածվի ամբողջ Հայաստանով մեկ. հիշենք Սյունիքի այցը, իսկ Եռաբլուր գնաց զորքերի ուղեկցությամբ: Նրան մերժում են կաթողիկոսները, նաև գիտակրթական հաստատությունները: Այսինքն, վարչապետն ուժեղ է, որովհետև կարողանում է պահել իշխանությունը, բայց արդեն այնքան ուժեղ չէ, որ այդ իշխանությունը տարածի ամբողջ հանրապետությունում: Իսկ ընդդիմությունն ուժեղ է այնքան, որ թույլ չի տալիս իշխանությունն իրեն ջարդի, բայց դեռևս այնքան ուժեղ չէ, որ տապալի իշխանությանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031