Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հետցնցումները շարունակվում են, եւ մեզ Պակիստանն էր պակասում

Հունվար 19,2021 22:00

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարից հետո եթե կարելի է խոսել տարածաշրջանային կայունության մասին, ապա միայն եւ բացառապես պատերազմական գործողությունների բացակայության համատեքստում, բայց ոչ ավելին։

Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի Խմբի ռուս համանախագահի անիմաստ եւ անողոք մեկնաբանությունը, Ադրբեջանում հայ գերիների հարցի լուծման գործում Ռուսաստանի «անկարողությունը», Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլին կողմերի տրված՝ փոխբացառող գնահատականները ցույց են տալիս, որ նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ տարածաշրջանային դիմակայությունները տեղափոխվեցին ընդամենը նոր հարթություն, դրսեւորելով ոչ թե լուծման, այլեւ ընդլայնման միտումներ։ Ըստ էության, Ռուսաստանը եւ Թուրքիան ջանք ու եռանդ չեն խնայում տարածաշրջանը Մերձավոր Արեւելքի հետ միասին վերածելու մի նոր «Բալկանների», որտեղ նրանք կկիսեն երկրները եւ տարածքներն ազդեցության գոտիների, որտեղ «երրորդն ավելորդ է»։

Իհարկե, խոսք չի գնում ժամանակակից Բալկանների մասին, որտեղ տարբեր կայսրությունների թունավոր շունչը փակելուց հետո վերջապես տիրում է խաղաղություն, տարածաշրջանը դառնում է միասնական ժողովրդավարական եվրոպական ընտանիքի մաս։ Խոսք է գնում 19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20-րդ դարի սկզբի Բալկանների մասին, որտեղից էլ սկիզբ առավ Եվրոպայի մեծ ողբերգությունը՝ Առաջին համաշխարհայինը…

Ռուս-թուրքական «սեր-ատելությունը» պարզապես քամում էր բալկանյան ազգերին, եւ հանուն իրենց շահերի՝ երկու կայսրությունները պատրաստ էին պայքարել մինչեւ վերջին բուլղարացին, հույնը, սերբը, ալբանացին եւ այլն, մինչեւ վերջին բալկանյան քրիստոնյան եւ մուսուլմանը, «ի պաշտպանություն» որոնց ցարն ու սուլթանը ջանք չէին խնայում, մինչեւ Պատմության աղբանոցում հայտնվեց թե մեկը, թե մյուսը։

Հիմա այդ «ագռավները» պտտվում են նախ միլիոնավոր սիրիացիների, լիբիացիների, հայերի գլխավերեւում, եւ փաստ չէ, որ այդ ցուցակը «փակված» է։

Մի քանի ռազմավարական ուղղություններով անդառնալիության կետերը հատած Թուրքիան շարունակում է բարձրացնել խաղադրույքները, գնալով գրեթե «վա-բանկի» եւ մտածելով, թե կհաջողի մի ուղղությամբ յուղելը, մյուս ուղղությամբ դաղելը, կրկնակի վաճառել եւ կրկնակի օգուտներ կորզել, մնալով խաղի «մեջտեղում»։ Երբեմն դա շատ նման է կարճ նարդու, երբ քարերիդ դասավորությունն այնքան էլ հաջող չէ, «խաղից դուրս» քարերդ՝ շատ, զառն էլ ոնց որ թե «թարսվում է»։ Մնում է փորձես ներազդել հակառակորդիդ հոգեբանության վրա, կամ նարդին շուռ տաս, առաջինը մեղադրելով նրան իբր անազնվության մեջ։

Ամերիկյան նոր վարչակազմի գլխավոր դերակատարները հիմնականում հայտնի են, դրանով իսկ հայտնի է նաեւ, որ այն ոչ մի լավ բան չի խոստանում ո՛չ Անկարային, ո՛չ Մոսկվային։ Եվ եթե Մոսկվան ձգտում է առերեւույթ անհանգստություն չդրսեւորել, ապա Անկարան անթաքույց կերպով եւ «շնչակտուր» փորձում է ցանկացած հարցով ինչ-որ բան պայմանավորվել ԱՄՆ եւ Եվրոպայի հետ, լինի դա հույների հետ, արաբների հետ, ֆրանսիացիների հետ, «mon cher Թայիպ» հասցեով նամակ թափահարել եւ այլն։

Դա մի կողմից, սակայն մյուս կողմից՝ Անկարան փորձում եւ փորձելու է, վերախմբագրելով Բիսմարկին՝ «գտնել այն հիմարին, ով կհամաձայնվի սեփական կողերով առաջ տանել» էրդողանյան Թուրքիայի շահերը։ Ինչպես տեսնում ենք, Արաբական աշխարհում դա չստացվեց, բացի Պաղեստինի ծայրահեղականներից, որոնց անպատասխանատու պահվածքից արդեն արաբական պետությունների մեծ մասն է խորշում։

Վերջինը Կատարն էր, այն էլ տարեսկզբի գագաթաժողովի արդյունքում հաշտվեց իր արաբ հարեւանների հետ, եւ Էրդողանը կորցնում է իր կարեւոր ֆինանսական հովանավորին։

Սակայն նա հաջողություն է արձանագրում միանգամայն այլ ուղղությամբ՝ դա Պակիստանն է։ Անցյալ շաբաթ ստորագրվեց, այսպես կոչված, Իսլամաբադի հռչակագիրը, որով, ըստ էության, կնքվում է նոր ռազմաքաղաքական պակտ՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի մասնակցությամբ։

Պակիստան (պարսկերենից եւ ուրդուից՝ «մաքուրների, անթերիների երկիր»), մի երկիր-պրոբլեմ հարեւանների համար՝ իր ստեղծման առաջին իսկ օրվանից, այժմ՝ միջուկային եւ հրթիռային տերություն, 200 միլիոն բնակչությամբ՝ աղքատություն, պերմանենտ անկայունություն, մոլեռանդ դրսեւորումներով անհանդուրժողական հոսանքների աղբյուր, ապակայունացման էպիկենտրոն Աֆղանստանի եւ Հնդկաստանի համար։ Խնդիրները, որոնք ծագեցին Հնդկաստանի հետ Քաշմիրում, ըստ Իսլամաբադի, գալիս են մուսուլմանների նկատմամբ Նյու-Դելիի «անարդար վերաբերմունքից», մինչդեռ Հնդկաստանում ապրում են Պակիստանի չափ մուսուլմաններ՝ 200 միլիոն ամբողջ երկրով մեկ, եւ զբաղեցնում են տարբեր պաշտոններ երկրում, ընդհուպ մինչեւ փոխնախագահ։ Եվ եթե «ի պաշտպանություն մուսուլմանների» նշանաբանը Թուրքիայից կուշտ արաբներին որեւէ կերպ չտպավորեց, մի բան էլ հեգնանքի եւ արհամարհանքի ալիք առաջացրեց Էրդողանի եւ նրա վարչախմբի հանդեպ, ապա «նեղացած» Պակիստանն իր ատոմային ռումբով՝ «փայլուն գաղափար» է։

Իհա՛րկե, թվում է, թե մե՞զ ինչ, մենք ուր, Պակիստանն ուր, Էրդողանն է, ուր ուզում թող գնա ու գա։ Սակայն սրանք միայն լյումպենին հաճոյանալուն ուղղված խոսակցություններ չեն։ Պակիստանը Բաքվում նոր դեսպան է նշանակել, ակտիվացնում է կապերն Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հովանու ներքո։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում պակիստանցի մասնագետները պետք է ականազերծման աշխատանքներ իրականացնեն, ինչպես նաեւ՝ Պակիստանի ռազմաօդային եւ հատուկ նշանակության ուժերը պարբերաբար մասնակցեն Ադրբեջանում համատեղ երկկողմ եւ եռակողմ զորավարժություններին։

Իհարկե, Մոսկվայի խիստ բարեհաճ լռությունն այս պարագայում, վերը նշված եւ մի քանի այլ հայտնի պատճառներով միանգամայն հասկանալի է եւ ոչ զարմանալի։ Կարեւորը, որ դա փչացնի ԱՄՆ-ի տրամադրությունը, Եվրոպայի ինքնազգացողությունը։ Դա էլ կա, հունական մամուլն արդեն բաց տեքստով գրում է այդ դաշինքի՝ խորը հակաարեւմտյան ուղղվածության մասին։ Իսկ իսրայելական մամուլը բացահայտում է Թրամփի վարչակազմի խայտառակ թուրքամետ քաղաքականությունն՝ ի վնաս ԱՄՆ արմատական շահերի, երբ կարեւորագույն տարածաշրջաններում Վաշինգտոնի շահերի սպասարկումն ուղղակի «աութսորսինգի» է հանձնված Անկարային՝ ի վնաս ժողովրդավարության եւ ԱՄՆ դաշնակիցների։

Անցած խայտառակ չորս տարին, որոնք բարեբախտաբար չդարձան ութ, մի կատարյալ տոն էր Մոսկվայի եւ Անկարայի համար, բայց այդ տոնը կարծես թե ավարտվում է։ Սակայն, ինչպես հին ասացվածքում՝ երբ մեկ հիմարը քարը գցել է ջրհորը, տասը խելոք դեռ շատ պիտի չարչարվեն այդ քարը հանելու համար։

Մեզ մնում է արձանագրել նոր իրողությունները եւ ըստ այդմ առաջնորդվել մեր շահերով, առանց ինքնախարազանման, հիսթերիկայի, համառորեն եւ սառնասրտորեն։ Այդ նոր իրողությունների հետ հետագա աշխատանքի անբաժանելի մասն է նաեւ հին եւ նոր գործընկերների հետ շահերի ակտիվ ներդաշնակեցումը։

…Երբ մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը որոշեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը, ընդ որում, այդ եւ հարակից աշխատանքների ծախսն իր վրա էր վերցնում հնդկական կողմը, ցածր սոցիալական պատասխանատվությամբ հայտնի շրջանակներն այն որակեցին որպես «սորոսական գաղափար», իսկ «հայրենասիրական» թեմաներից պերմանենտ հուզվող շրջանակները մեկ էլ հիշեցին, թե «Գանդին Աթաթուրքին նամակ է գրել եւ ասել է, որ նրան սատարում է»։

Իհարկե, շահարկումները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել, սակայն հնարավոր չէ չզարմանալ նաեւ այն իրողությունից, որ այս լուսավոր դարում, երբ տեղի են ունենում գլոբալ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխությունները, քարանձավային դոգմաները կարող են դեռ հաղթել առողջ բանականությանը…

44-օրյա պատերազմի հետցնցումները շարունակվում են, եւ Թուրքիան քիչ էր, մեզ Պակիստանն էր պակասում, եւ ինչպես ասում են՝ իր ոտքով եկավ։ Եվ ուղղակի կարդացեք հայկական մամուլը եւ հետեւեք սոցցանցերի հայկական սեգմենտի հիմնական «թրենդներին», եւ հետեւություն արեք օրակարգեր թելադրողների եւ «երաժշություն պատվիրողների» համարժեքության եւ պատասխանատվության մասին։ Նաեւ բարոյականության։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031