«Իմ տղան հերոս էր, քաջ, բոլորին հասնող, ընկերասեր էր…Կյանքը շատ էր սիրում, կյանքով լեցուն երիտասարդ էր: 19 տարեկանը լրացավ, 10 օր հետո զոհվեց »,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես է բնորոշում Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսին՝ Մխիթարյան Վոլոդիային մայրը՝ Մարինե Խուդոյանը:
Տիկին Մարինեն հիշում է՝ հոկտեմբերի 31-ին որդու ծննդյան օրն էր, նոյեմբերի 9-ին նա անմահացավ. «Վերջին անգամ հոր հետ է խոսել ու դրանից հետո դեպքը պատահել է»:
Ապա` հավելում է. «Ինքը շատ քաջ էր, ոչ մի անգամ չի ասել, որ դիրքեր է գնում, ասում էր վարորդ է, «Ուրալ» է քշում, զինվորներին է տեղափոխում: Հետո իմացանք, որ ինքն է խնդրել, որ իրեն դիրքեր տանեն, բայց ոչ մի անգամ չի ասել, որ կռվում է: Միշտ ասում էր՝ մամ ջան, սաղ տոչնի ա… Երբ հարցնում էինք Վոլոդ ջան, ձեր մոտ կռիվ չկա՞, ասում էր, չէ, լավ ա, սաղ տոչնի ա, երբեք չասաց, որ դիրքերում է»:
Կարդացեք նաև
Տիկին Մարինեն ասում է, որ Վոլոդյան որոշել էր զորացրվելուց հետո մեքենա գնել, Նոր Արեշի իրենց տան երկրորդ հարկը կառուցել. «Ասում էր՝ կգամ, ամեն ինչ լավ կլինի, մամ ջան: Ընկերուհի ուներ, չհասցրեց էլ ընկերուհուն հրաժեշտ տար, աչքը ճամփին մնաց ընկերուհու: Մի ամսվա ծանոթներ էին, որ թողեց գնաց: Օրերն էր հաշվում, որ արձակուրդ գա, չհասցրեց…Ուշք ու միտքը ընկերուհին էր, բայց երբեք չէր դժգոհում ծառայությունից, ասում էր մեզ մոտ խաղաղ է, ոչ ինձ էր ճիշտն ասում, որ հորը…Քարվաճառում էր ծառայում…Երեխեն միշտ ասում էր՝ մամ ջան, կգամ, երկրորդ հարկ կգցենք, շատ կյանքով լեցուն, աշխատասեր, հերոս տղա էր…Ինքը ավտոմեքենաներ էր վերանորոգում, «դզող-փչող» էր սովորում…Բանակում «Ուրալ» էր քշում: Միշտ ասում էի՝ էդ մեծ ավտոն ոնց ես քշում, էդքան զինվորներին ոնց ես տեղափոխում, ողջ պատասխանատվությունը քեզ վրա է: Վախենում էի՝ հանկարծ մի փորձանքի չգա, այն էլ իր ձեռքով ընտրեց իր ճակատագիրը…Ասում են՝ որդիս ընկերոջը փրկելիս է զոհվել»:
Վոլոդյան տան ավագն էր, նա նաեւ կրտսեր քույր ունի՝ 14-ամյա Էլենը: Էլենն ասում է, որ եղբայրն անչափ հոգատար էր, բայց նաեւ խիստ եւ ուշադիր. «Ասում էր՝ քեզ խելոք կպահես»: Հիշում է, որ եղբայրը, կարծես, կանխազգում էր, որ չի վերադառնալու: Էլենը նշեց, որ բանակ զորակոչվելուց մեկ օր առաջ Վոլոդյայի ընկերուհին նրան խաչ ու շղթա էր նվիրել, այժմ այդ շղթան ու խաչն իր մոտ են՝ որպես թանկ մասունք. «Միայն դա են բերել իրենից, պոկվել էր, կպցրել ենք, հիմա պահում եմ ինձ մոտ»:
Վոլոդյայի մայրն էլ հավելում է. «Տղաս բոլորին օգնում էր, ով զանգում էր, հասնում էր: Ասում էի՝ տղա ջան, մի քիչ տանը մնա, կարոտներս առնենք, շուտով բանակ ես գնալու, երկու տարի չենք տեսնելու…Իր հետ կապված բոլոր հուշերն էլ լավն են, չեմ կարող ինչ-որ բան առանձնացնել…
Մի անգամ զանգեց ինձ, խնդրեց չստերն ուղարկել, ասեցի՝ նորն ուղարկեմ, ասաց, որ եթե գամ՝ նորը կգնեմ, կարծես սիրտը վկայում էր…Միշտ խոսքի մեջ ասում էր՝ եթե եկա, այսպես կանեմ, ես էլ բարկացա, ասեցի՝ էլ կյանքում չասես նման բան, բա գալու ես,բա ի՞նչ ես անելու, ինչու ես անընդհատ ասում՝ որ եկա, որ գամ… Վոլոդյան շատ ընկերասեր էր, ընկերոջ համար էլ կյանքը տվեց…Ընկերները ողջ են մնացել, ինքը զոհվել է»,-ասում է մայրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վոլոդյայի քույրը: