Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը դատախազներին՝ տղերք, եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք, ո՞ւմ մեղադրեք, էս ի՞նչ եք անում

Հունվար 18,2021 20:20

«Դատախազությունը պետք է շահագրգռված լինի արդարադատության բացահայտմամբ, եւ դատախազությունը մասնավոր մեղադրող չէ, որ ունենա կոնկրետ շահեր»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով. «Այն վարքագիծը, այն պահվածքը, այն ձայնի տեմբռը, որ ես այստեղ տեսնում եմ դատախազների, տղերք, եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք, եկել եք, ո՞ւմ մեղադրեք, էս ի՞նչ եք անում, սրա վերջը ո՞րն ա, մի հատ եկեք նայենք, թե ինչ է կատարվում, ներքին համոզմունք չունե՞ք, էս գործի վերջը ձեզ էլ է հայտնի, բոլորին է հայտնի, էլ մարդ չկա, որ հայտնի չլինի: Ինձ` որպես իրավաբան ձեւավորելու ընթացքում երկու մարդ է որպես իրավաբան կերտել` Հենրիկ Խաչատրյանն է եղել եւ Վլադիմիր Նազարյանը:

Երկուսն էլ կյանքի տարբեր ժամանակահատվածում ղեկավարել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, եղել են ՀՀ գլխավոր դատախազներ: Հիմա պիտի առանձնացնեմ զրույցներից, որ եղել է Հենրիկ Խաչատրյանի հետ: Զրույցի ժամանակ մի բան ասաց, որը այդ փուլում անկեղծ ասած` չէի հասկանում: Ասաց` այն դատախազը, որը սխալ մեղադրանք կառաջադրի, արդար մարդուն կպատժի, իրավունք չունի աշխատելու, այն դատախազը, որը չի կարողանա, բայց մեղավորին չի կարողանա պատշաճ մեղադրանք առաջադրել, միգուցե կարելի է ներել: Եվ ասաց` որ փուլում, որ դատախազությունը սկսեց գործ կարել, այդ փուլում պետությունն ավարտվում է: Ես անկեղծ ասած` չէի հասկանում դա, չէի գիտակցում, որ ես այդ փաստը կզգամ իմ մաշկի վրա դրանից երեւի 20-25 տարի հետո»:

Այսօր Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց, սակայն նիստը վարող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Պաշտպանները գտնում են, որ այս քրեական գործն ամբողջովին քաղաքական է. «Ոչ թե քրեական գործ է, այլ քաղաքական հետապնդում է»: Մեղադրող Արսեն Մարգարյանն էլ ասաց, որ ներկայացված միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031