Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցակ չի լինի․ կվտանգենք գերիներին, շառլատանները կխանգարեն»․ Անդրանիկ Քոչարյան

Հունվար 18,2021 20:40

«Խնդիրը կոնֆիդենցիալ լուծման համակարգ է։ Անուններ են պահանջում, ցուցակ հրապարակել․․․չի լինելու նման բան, որովհետեւ ցուցակ հրապարակել՝ նշանակում է առաջնահերթ վտանգել ռազմագերիներին եւ հնարավորություն տալ շառլատաններին խանգարելու գործընթացին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին։

«Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք, թե մոտավոր ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսք գնալ, որովհետեւ հակառակորդ կողմն այսօր ներկայացնում է այն ցանկը, որը մենք գիտենք։ Մենք հո գիտենք, որ այդքանը չէ։ Գործընթացը տեւական է եւ շատ զգայուն։ Դրա վրա պետք է աշխատեն պետական կառույցները՝ առանց հրապարակումների եւ ֆետիշացման, պահանջների։ Որեւէ մեկն անզգույշ հայտարարություններով չպետք է խանգարի գործընթացին»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հավելեց․ «Վստահ եմ, որ ամսի տասնմեկին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում խանգարող հանգամանքներ են եղել նաեւ անզգույշ արտահայտությունների, լրատվական կառույցների  կողմից շահարկումների, «ֆեյք» տեղեկատվության տարածման տեսքով։ Պետք է զգույշ լինել»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Արցախում անհետ կորածների ծնողների հետ հանդիպման տեսանյութին, որը հայտնվել էր համացանցում եւ որում բորբոքված ծնողներն իմքայլականներին հրավիրում էին որոնումներին մասնակցելու․ «Ցուցադրվել է հանդիպման այն հատվածը, որը պատվիրատուն ուզեցել է տեսնել։ Բայց, քանի որ, սենսացիաներ էին ման գալիս․․․չգրեցին, թե առաջին հանդիպումն ինչպես է ավարտվել։ Հստակ պատկերացում ենք կազմել մեր անելիքների եւ անհետ կորածների ծնողների պահանջների սպասարկման առումով։ ԱԺ մեր պատվիրակությունը ջերմությամբ բաժանվեց նրանցից։ Բաց ճակատով, անգամ՝ թուք ու մուր ուտելով․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031