Առաջին մասը կարդացեք՝ այստեղ
Մեր հասարակությունը,հատկապես՝ ֆեյսբուքյան, ներեցեք,չի փայլում քաղաքական, պատմական գիտելիքներով, ինչպես նաև տրամաբանությամբ, այլ միայն ու միայն դեսից-դենից լսած քարոզչական նյութերով է սնվում։ Եվ որպեսզի, անվերջ չպատասխանեմ, հաճախ մակերեսային մեկնաբանություններին, որոշեցի առանձին հոդվածով ներկայացնել «Քաղաքականություն է, սըր» հոդվածի իմաստը չըմբռնողների հարցերի պատասխանները։
Հարգելիներս, հոդվածի առաջին թեզն էր․ Արևմուտքը շարժվում է իր աշխարհաքաղաքական շահերով և այդ է պատճառը, որ անտեսում է «բռնապետական» Ադրբեջանի կողմից մեր գերիների նկատմամբ իրականացված և իրականացվող խոշտանգումները, սպանությունները և այլն։ Իսկ մի Նավալնու համար պատրաստ է պատերազմել Ռուսաստանի հետ։ Այսինքն, մարդու իրավունքները գործում են բազմակի չափանիշներով։
Երկրորդ թեզը․ Ինչո՞ւ են Հայաստանի արևմտամետ-«առաջադեմները» անտեսում Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բայց «կոկորդիլոսի արցունքներ» թափում այլ երկրում՝ Ռուսաստանում Նավալնու ձերբակալման համար։ Բացի այն, որ Նավալնին արհամարհանքով է խոսել հայերի մասին, չէ՞ որ դուք առաջին հերթին Հայաստանում պետք է պաշտպանեք մարդու իրավունքները։
Կարդացեք նաև
Երրորդ, համեմատել էի Նավալնուն Լենինի հետ և հակիրճ նկարագրել, թե ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։Այսպես, մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը, Ռուսաստանի արտգործնախարար Պավել Միլյուկովը հայտարարեց․ «Մենք ամեն սպանված հայի, պետք է երկուսը հաշվենք» , և Արևմտյան Հայաստան սկսեցին վերադառնալ հազարավոր ողջ մնացած գաղթականներ։ Շատ վայրերում, օրինակ՝ Վանում արդեն սկսվում էր աշխույժ կյանքը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ Լենինի հրամանով ռուսական զորքերը ետ քաշվեցին, թուրքական բանակը սկսեց երկրորդ կոտորածը, հասնելով մինչև Սարդարապատ։ Այո, Արամ Մանուկյանին հաջողվեց, մեծ ջանքերի շնորհիվ կանգնեցնել թուրքական առաջխաղացումը և ստեղծվեց անկախ Հայաստանը։
Ի դեպ, հենց այդ ժամանակ, թուրքերի, մասնավորապես Էնվեր փաշայի ջանքերով ստեղծվեց Ադրբեջան պետությունը։
Այժմ ունենք պատերազմում պարտված, բարոյալքված, բայց դեռևս անկախ Հայաստան։ Սակայն թուրքերի ու ադրբեջանցիների ախորժակը դեռ չի սպառվել։ Արդեն փետրվարին Կարսի շրջանում լինելու են մեծ զորավարժություններ։ Պատկերացրեք, որ ինչպես 1917թ․ հոկտեմբերից հետո Լենինը ետ քաշեց ռուսական զորքերը, այնպես էլ Ռուսաստանում հնարավոր նոր հեղափոխությունից հետո Նավալնին նույն կերպ վարվի։ Եվ ինչ, ո՞վ կամ ովքե՞ր են դիմադրելու թուրք-ադրբեջանական հրոսակախմբերին։ Նախ, Արցախն ու Սյունիքը վերջնականապես կհայաթափվեն, հետո ․․․Թե՞ ձեր պարտված բռնապետիկն է ստանձնելու Արամ Մանուկյանի դերը։ Եվ մտածեք, չե՞ք կարծում, որ այս անգամ վերջնականապես կկորցնենք Հայաստանը։
Եվ վերջապես տեղեկանք, իրենց նժդեհասերներ համարողներին։Գարեգին Նժդեհը 1912թ․ Բուլղարիայում կռվել է թուրքերի դեմ, այնուհետև եղել է Ռուսաստանի կողմից կազմավորված հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը։ Մասնակցել է Ղարաքիլիսայի պաշտպանությանը, կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը։ Նա բացի թուրքերից, հայ ժողովրդի թշնամի է համարել նաև բոլշևիկներին, բոլորին տալով ընդհանրական «թրքաբոլշևիկներ» անվանումը, իսկ հայ բոլշևիկներին, կամ այսօրվա նավալնիականներին, անվանել՝ «տականքներ»։
Ավետիք Իշխանյան