Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հանրային շահը եւ ձեր պատգամավորական գործունեությունը ստորադասում եք ձեր անձնական շատ ջերմ կապերին». Սուրեն Գրիգորյանը՝ Արման Բաբաջանյանին

Հունվար 18,2021 18:30

ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է քննարկվում,  որով առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ Արման Բաբաջանյանին. «Ներողամիտ եղեք, բայց ես կարծում եմ, որ մենք ի վերջո դատական իշխանության վերաբերյալ մեր գնահատականներում կենացների մակարդակից պետք է գանք գործնական առաջարկների մակարդակ: Այլապես խոսել կորսված հնարավորությունների, դատական իշխանությունում խայտառակ վիճակի մասին, կարծում եմ, դրա համար շատ ջանք եւ մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Զուտ ձեր հանրային գործունեությանն է վերաբերում, անձնական չընդունեք, բայց ես, օրինակ, չեմ հասկանում՝ ո՞նց կարող է մի մարդը մի կողմից խոսել տարբեր կապերի ու արատավորության վերաբերյալ համակարգում, բայց երբ մենք մեր գործընկերոջը հանձնաժողովի նախագահի պաշտոնի լիազորությունները դադարեցնելու հարցն էինք քննարկում, դուք այս ամբիոնից ըստ էության ասացիք, որ դեմ եք քվեարկելու, որովհետեւ այդ պատգամավորը ձեր բարեկամն է, ձեր ընկերն է: Սա, ըստ էության, նշանակում է, որ ակնհայտ դուք հանրային շահը եւ ձեր պատգամավորական գործունեությունը ստորադասում եք ձեր անձնական շատ ջերմ կապերին»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ արձագանքեց Արման Բաբաջանյանին, որը քննադատել էր՝ կոսմետիկ բնույթի փոփոխություններ են անում. «Ինձ մոտ տպավորություն է, որ դուք գիտեք արմատական փոփոխությունների ճանապարհը եւ բանալին, բայց ինձնից թաքուն եք պահում: Խնդրում եմ, թաքուն մի՛ պահեք: Ներկայացրե՛ք այդ արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզը կամ ավելի լավ է նախագիծը»: Նախարարը Բաբաջանյանին հորդորեց քննադատության թիրախները փոխել:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ելույթ ունեցավ ու հայտարարեց. «Չլինելով իրավաբան՝ ես հասկանում եմ, թե այս օրենքը ինչ նպատակ է հետապնդում, բայց այդ նպատակին չի հասնի: Մենք հաստատում ենք, որ այսօր գործող դատավորները բացարձակ անկախ են գործադիրից եւ օրենսդիր իշխանությունից, ինչը շատ լավ է եւ գտնվում են միանշանակ կախվածության մեջ նախկին իշխանություններից, ինչը շատ վատ է: Պարզ է, որ մենք այս ճանապարհով ենք փորձում գնալ, որ լուծումներ գտնենք: Բայց առաջին ատյան, երկրորդ ատյան եւ վճռաբեկ դատարան: Բոլոր գործերը կգնան Վճռաբեկ դատարան եւ կարժանանան այն բախտին, ինչը մենք չէինք ցանկանա, որ արժանանային: Հետեւաբար, այսպիսի առաջարկություն՝ արդյոք կարելի է մտածել այն հարցի շուրջ, որ  Վճռաբեկ դատարանում ստեղծվի եւս մեկ պալատ, որպեսզի այդ պալատում քննվեն հարցերը՝ առաջին եւ երկրորդ ատյանի քննարկումներից հետո»:

Նախարարն ասաց, որ հնարավոր է նաեւ պալատ ստեղծել, ուստի կսպասեն պատգամավորի առաջարկներին, բայց իրենք գնացել են երկրորդ ճանապարհով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031