Այսօր ԱԺ նիստում Արման Բաբաջանյանն ասաց, որ իշխանությունն անգործություն է դրսեւորում. «Ալիեւը գնում է Շուշի, հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղ այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքների եւս մեկ հարված: Հայաստանի որեւէ իշխանավոր մինչ այս պահը հանդես չի եկել հայտարարությամբ առ այն, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը»:
«Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը, արձագանքելով Բաբաջանյանին, ասաց. «Ես ցանկանում եմ շեշտել, որ արտգործնախարարությունը մի քանի հայտարարություն է տարածել դրա վերաբերյալ: Կառավարությունն անարձագանք չի թողել: Տարբեր ձեւերով եւ մեթոդներով ե՛ւ արձագանքում է, ե՛ւ դատապարտում է այն հայտարարությունները, որոնք հնչում են պաշտոնական Բաքվի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ