Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ հիասթափված եմ մրցույթի արդյունքներից». Աշոտ Մելիքյանը՝ ՀՌՀ-ի կողմից անցկացված մրցույթի մասին

Հունվար 18,2021 18:08

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խիստ հիասթափված է հեռուստաընկերությունների հաճախականությունների մրցույթի արդյունքներից: Ըստ նրա՝ այս մրցույթի արդյունքներով հայաստանյան եթերը չի մաքրվելու:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում Աշոտ Մելիքյանը նկատեց. «Մեզանում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2002-ից սկսած հղում է կատարել և իր որոշումները կայացնելիս միշտ ասել է, որ հետևել են օրենքի պահանջներին: Ես կարծում եմ՝ այդպես էլ հղում կատարելով վատ օրենքին, ժամանակին եթերից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ հիմա, հղում կատարելով վատ օրենքին, մենք ունենալու ենք շատ վատ եթեր»:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ նույնիսկ վատ օրենքի հնարավորությունը չի օգտագործվում, որ գերական լինի հանրային շահը, եթերը զերծ լինի վիրավորանքից, ատելությունից և այլն: Ըստ նրա՝ այս տեսակի մրցույթներն ավելորդություններ են և դրա անհրաժեշտությունը չկա:

Աշոտ Մելիքյանը խոսեց մրցույթում իր համար անհասկանալի դրվագների մասին: Նա մանրամասնեց. «Ինձ համար այս մրցույթում ամենաանհասկանալին է, ինչպես Արմավիրի մարզում տասնամյակներ շարունակ գործող հեռուստաընկերությունը, որը շատ թե քիչ արդեն կայացած էր և 2010-ին անարդար կերպով լիզենզիա չստացավ, այս մրցույթում էլ չստացավ լիցենզիա, և գերադասեցին անհայտ ընկերություն, որը չգիտես՝ ինչ պատճառով շատ ավելի բարձր գնահատական ստացավ»:

Աշոտ Մելիքյանը նշեց՝ համոզված էր՝ գոնե այս հանձնաժողովը հաշվի կառնի գործող հեռուստաընկերությունների այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում օրենքին, լրագրողական էթիկայի կանոններին, և դա լուրջ գնահատականի կարժանանա: Սակայն ըստ Աշոտ Մելիքյանի՝ դա չտեսանք, և նա  լուրջ կասկածներ ունի օբյեկտիվության առումով:

Հիշեցնենք՝ մրցույթի արդյունքում լիցենզիա չտրամադրվեց Հայկական երկրորդ հեռուստաալիքին և «Ա1+»-ին: Այս առիթով Աշոտ Մելիքյանն ասաց. «Հայկական երկրորդ հեռուստաալիքի պարտվելը երբ համեմատում ենք լիցենզիա ստացած մի քանի հեռուստաընկերությունների գործունեության հետ, ուղղակի տարակուսանք է առաջանում էթիկայի և մնացած այլ բաղադրիչների առումով: Այս պայմաններում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում՝ հանձնաժողովը աշխատել է տրամադրել լիցենզիաներ բոլոր այն հեռուստաընկերություններին, որոնք ասոցացվում են տարբեր քաղաքական ուժերի հետ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվել հավասարապես պահպանել տարբեր քաղաքական ուժեր հետ ասոցացվող հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելը: Հեռուստաեթերում ստեղծված իրավիճակը փաստորեն ձեռ է տալիս այս իշխանություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031