Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Բադասյան, դուք ծաղկամանի ջուրը չփոխած՝ այդ ծաղկամանի մեջ դնում եք մի նոր ծաղիկ, որը շատ արագ թոշնելու է». Անի Սամսոնյան

Հունվար 18,2021 17:48

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանում, ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քննվելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց. «Ես ձեզ հարցում էի ուղարկել, թե որքան կկազմի հակակոռուպցիոն դատարանների ծախսը: Ինձ ուղարկվել է պատասխան, որ անհրաժեշտ է մոտ 4 մլրդ 508 մլն դրամ: Իսկ 2021-ի բյուջեով նախատեսված միջոցառումներում հակակոռուպցիոն դատարանների շենքային պայմանների ապահովման, դատարանի կարիքները սպասարկող նոր շենքի կառուցման համար նախատեսված էր 1 մլրդ դրամ: Ուզում եմ հասկանալ՝ այս 1 մլրդ-ը ներառվա՞ծ է 4,5 մլրդ-ի սահմաններում, թե՞ մենք մեխանիկական գումարում անենք ու հասկանանք, որ հիմա այս նեղ, դժվարին սոցիալական բազմաթիվ խնդիրներով իրավիճակում այս հակակոռուպցիոն դատարանը՝ այս հաճույքը մեզ վրա կնստի 5 մլրդ դրա՞մ»:

Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ միջնաժամկետ ծախսերի գումարը նշված 4,5 մլրդ-ին գումարելու վարժությունը տեղին չէ. «Այդ ծրագրով սպասարկվում են այն ծախսերը, որոնք ենթադրում են համապատասխան ինստիտուտի ներդրումը: Ձեր հարցմանն ի պատասխան նշված թվերն ուժի մեջ են: Մենք ԵՄ-ից բյուջետային աջակցություն ենք ստացել, առաջին տրանշը՝ 9 մլն եվրոյի չափով եւ բյուջետային համաձայնագրով նշված է, որ այդ գումարը պետք է ծախսել բացառապես արդարադատության ոլորտում, այլ ոլորտում այս ծանր պայմաններում չենք կարող ծախսել»:

Սամսոնյանն ասաց, որ կարող է այդ գումարը ավելի անհրաժեշտ է ծախսել, օրինակ, քրեակատարողական հիմնարկների վիճակը բարելավելու համար. «Տպավորություն է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար մեզ միայն պետք էր այս դատարանը եւ վերջ»:

Բադասյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ասում, որ այդ գումարը բացառապես ծախսվելու է հակակոռուպցիոն դատարանի ստեղծման համար»:

Նախարարը նաեւ ասաց, որ վստահ է՝ այս դատարանի ստեղծմամբ իրապես կունենանք կոռուպցիայի դեմ պայքարի լավ մեխանիզմ:

Անի Սամսոնյանը չհամաձայնեց: Ըստ նրա, այն երկրներում, որոնց փորձը վերցված է նախագծում, կոռուպցիան հաղթահարված չէ ու մեր երկրում էլ այս բարեփոխումներից հետո կծաղկի կոռուպցիան հենց դատական համակարգում. «Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ ես տեսնում եմ խտրականություն դատական համակարգում: Հակակոռուպցիոն մարմինը համարվում է մասնագիտացած դատարան: Համեմատում ենք այս դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը Վարչական դատարանի նախագահի դրույքաչափի հետ: Կամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի դրույքաչափը համեմատենք առաջին ատյանի դատարանի դատավորի դրույքաչափի հետ: Մենք կտեսնենք, որ ավելի բարձր դրույքաչափերով են սահմանված հակակոռուպցիոն դատարանի դատավորների դրույքաչափերը: Կբացատրեք արդյոք, ինչո՞ւ պետք է Վճռաբեկ դատարանի դատավորը ստանա ավելի ցածր դրույքաչափով աշխատավարձ, քան Հակակոռուպցիոն դատարանի դատավորը: Սա ի՞նչ վերաբերմունք է Վճռաբեկ դատարանի նկատմամբ»:

Սամսոնյանը պատկերավոր համեմատություն արեց. «Պարո՛ն Բադասյան, դուք ծաղկամանի ջուրը չփոխած՝ այդ ծաղկամանի մեջ դնում եք մի նոր ծաղիկ, որը շատ արագ թոշնելու է: Այդպիսին է դատական բարեփոխումների ձեր ամբողջ բնութագիրը: Դուք ինքներդ դժգոհ եք ձեր կատարած բարեփոխումներից այս 2 տարվա ընթացքում, բայց դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ, որոնք խնդիրը չեն լուծելու, բայց ավելի են խորացնելու դատական համակարգի պրոբլեմները»: Սամսոնյանը վստահեցրեց, որ խտրականություն դնելով դատավորների միջեւ՝ Բադասյանը անարդարություն է անում:

Անի Սամսոնյանի հետ համաձայնեց նաեւ Արման Բաբաջանյանը՝ ասելով, որ այս փոփոխություններն ամբողջությամբ կոսմետիկ բնույթ ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031