Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանին Ավանեսյանով փոխարինելը համակարգում փոփոխության չի բերի. Ընդդիմադիրները գտնում են, որ ոլորտը նախարարով ու փոխնախարարներով են տապալել

Հունվար 18,2021 17:09

Այսօր հաստատվեց տեղեկությունը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Ըստ մամուլի հրապարակումների, նրան փոխարինելու է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Սարգիս Ալեքսանյան

Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը սակայն կարծում է, որ նախարարին փոխնախարարով փոխարինելը լավագույն տարբերակը չէ, քանի որ նա էլ նույն քաղաքականությունն է առաջ տանելու:

«Կարծում եմ, որ այդ փոփոխությունը շատ շուտվանից պիտի արվեր, բայց նոր նշանակման հետ այդքան էլ հաշտ չեմ: Կարծում եմ՝ նույն քաղաքականությունը կվարի նաեւ Անահիտ Ավանեսյանը: Առողջապահական համակարգն այդ խայտառակ վիճակին հասցրել են նախարարն ու փոխնախարարները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ կխոսեն տիկին Ավանեսյանի հետ եւ, եթե նա էլ նույն կերպ է շարունակելու, ապա կարող է վստահեցնել, որ առողջապահական համակարգում փոփոխություն չենք ունենալու:

Սարգիս Ալեքսանյանը թվարկեց՝ Թորոսյանի օրոք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալվեց, ծննդատների փակումը խայտառակ որոշում էր, արդեն կայացած համակարգերն էլ քանդվեցին. «Հիմնականում ծխելու դեմ պայքարն էր ու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների աշխատանքները, որոնք նախարարությունը կատարեց, այսինքն՝ այն հիմնական աշխատանքը, որ պետք է արվեր՝ չի արվել»:

Սարգիս Ալեքսանյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանը» կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծել՝ պարզելու արդյունավե՞տ են եղել կիրառված գործիքները, որքան գումար է ծախսվել եւ այլն:

Կարինե Պողոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը նույնպես նույն հանձնաժողովի անդամ է, մեզ հետ զրույցում Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը դասեց կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների շարքին: Նրա համոզմամբ, կառավարությունը՝ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ «ամբողջությամբ տապալեց համավարակի գործընթացը»:

«Այնտեղ լուրջ խնդիրներ ու թերություններ են առկա: Այդ մասին բազմիցս բարձրաձայնել է ԲՀԿ խմբակցությունը, որ կորոնավիրուսի համավարակի դեպքում լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած մեր բնակչությունը»,-ասաց Կարինե Պողոսյանը՝ նշելով, որ երկրում հասունացել է կառավարության հրաժարականների հարցը եւ իշխանությունների հրաժարականի շքերթը պետք է գլխավորի անձամբ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է առողջապահության նախարարի հրաժարականին կամ փոփոխությանը, գաղտնիք չէ եւ բոլորս էլ գիտենք, որ կառավարության կազմում հաճախ են լինում փոփոխություններ, ինչը բխում է իշխանության սնանկությունից եւ հենց այդ փոփոխությունների շարունակականությունն է, որ մատնանշում է իշխանությունների սնանկությունը: Արդեն հասունացած են երկրում տարբեր ոլորտների հրաժարականները եւ գաղտնիք չէ, որ ոլորտներ կան, որոնք արդեն հինգ ղեկավար են փոխել»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը:

Նրա խոսքով, առանձնապես ծանոթ չէ Անահիտ Ավանեսյանի գործունեությանը. «Ինչպես ասում են՝ նրա աշխատանքը ժամանակը ցույց կտա: Հանդիպել ենք մեկ-երկու նախագծերի քննարկման գործընթացների ժամանակ»:

Կարինե Պողոսյանը գտնում է, որ որեւէ կադրային փոփոխություն այս փուլում ոչինչ չի փոխի եւ միայն նոր իշխանությունների ձեւավորման դեպքում հնարավոր կլինի ոլորտների գործունեության արդյունավետության մասին խոսել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031