Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում այս քայլը Հանրային հեռուստաընկերության կողմից». Նունե Սարգսյանը՝ Հանրայինի կողմից լիցենզավորման մրցույթի հայտը հետ կանչելու մասին

Հունվար 18,2021 16:51

«Լիցենզավորման գործընթացը շատ լուրջ բացեր ունի», – «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Ըստ նրա՝ ամենալուրջ խնդիրն այն է, որ մենք չունենք ռազմավարություն հեռարձակման դաշտում ու պարզաբանեց. «Եվ դրանից ելնելով՝ մենք ունենք ոչ ադեկվատ չափանիշներ շատ դեպքերում, մասնավորապես մարզային հեռուստաընկերություններին է դա վերաբերվում և հետևաբար ոչ ադեկվատ գնահատականներ»:

Խոսելով ՀՌՀ-ի կողմից հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների մրցույթի մասին՝ Նունե Սարգսյանը հիշեց «Ա1+»-ի օրինակը, երբ ժամանակին նրա ներկայացրած հայտը հանձնաժողովի անդամները «թույլիկ» էին համարել ու ասաց. «Հայտը կարող է իսկապես փայլուն լինել, այս տարիների ընթացքում տեսել ենք շատ լավ հայտեր հեռուստաընկերությունների, որոնք ինչ-որ պահի դադարել են գործել և, այսպես կոչված, թույլիկ բնորոշված հայտեր: Այդ բնորոշումը կապված է «Ա1+»-ի հետ, մի հեռուստաընկերության, որն ապացուցել է իր՝ ապրելու և գործելու ունակությունը»:

Ըստ Նունե Սարգսյանի՝ ունեցել ենք լիցենզավորման մրցույթի պայմանների փոփոխություն. «Երբ մրցույթը հայտարարվել է, հայտարարվել է որոշակի թվով սլոթերի համար, բայց երբ մրցույթի ընթացքն արդեն եղել է, և պարզ է եղել, թե ինչպիսին են ծրագրերը, մենք ունեցել ենք սլոթերի պակաս ռուսական հեռուստաընկերությունների՝ մուտք գործելու հետևանքով: Հետևաբար` մենք ունենք այսօր իրական փոփոխություն իրավիճակի, քանի որ երբ հեռուստաընկերությունները սկսել են դիմել, տեսել են դաշտը մի ձևով, երբ ներկայացրել են հայտեր, այս դաշտն իրենց համար եղել է այլ: Սա մասնավորապես վերաբերվում է այն հեռուստաընկերություններին, որոնք դիմել էին միայն հանրապետական սլոթերի համար և դուրս են մնացել: Դա Հ2-ն է և «Ա1+»-ը: Հնարավոր է՝ երբ պայմաներն այլ ձևով հայտարարված լինեին, իրենք դիմեին նաև մայրաքաղաքի համար: Մենք այսօր ունենք չավարտված գործընթաց նաև Երևանի տեսակետից, բայց հույս ունեմ, որ երկուսն էլ դիմելու են մայրաքաղաքի համար, մասնավորապես «Ա1+»-ը»:

Ըստ Նունե Սարգսյանի՝ անհասկանալի է հանրային մուլտիպլեքսում նոր հեռուստաընկերություններին տեղ տալը: Նունե Սարգսյանը փաստեց՝ եղել են հեռուստաընկերություններ, որոնք դիմել են ու հայտերը հետ կանչել: Նա ասաց. «Եթե ես կարող եմ ուղղակի հարցեր ունենալ, մեծ իմաստով չեմ պահանջում մասնավոր սեկտորին, ապա ես չեմ հասկանում այս քայլը Հանրային հեռուստաընկերության կողմից: Այն դիմել էր լրատվական ալիք ունենալու համար, և խոսքը նոր ալիք բացելու մասին էր և հանկարծ հետ է կանչել իր փաթեթը: Առաջին և երկրորդ դեպքում կարծում եմ՝ չունեն բավարար հաշվետվողականություն հանրության նկատմամբ, թե ինչով էր պայմանավորված մրցույթին դիմելու ու հետո փաթեթը հետ կանչելու որոշումը: Այս քայլերը բացի նրանից, որ իրենք չեն գիտակցում ամբողջ պատասխանատվությունը, նաև հիմք են տալիս որոշակի ասեկոսեների և մոտեցումների, որոնք նաև տարածվում են այսպիսի իրավիճակ ստեղծվելուց հետո: Որոշումը, որը մասնավոր հեռուստաընկերությունը կարող է կայացնել, տարբերվում է Հանրայինի որոշումից կամ շատ հիմնավոր բացատրություն է պետք բերել, թե ինչու է այդ որոշումը կայացվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031