Անցած տարվա դեկտեմբեր 8-ին՝ մարտական դիրքերից իջնելուց հետո՝ Քաջարանում կալանավորվեց ծննդով քաջարանցի կամավորական 33-ամյա Գարիկ Ղահրամանյանը։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ․ի դեկտեմբերի 4-ի դատավճռով նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ գողություն եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի 1 ամիս ժամկետով։
2017 թվականի դեկտեմբերի 26-ին, պատժի ժամկետը լրանալուց հետո ազատ է արձակվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկից։
Ազատվելուց հետո Գարիկը բոլորովին նոր կյանք էր սկսել, աշխատում էր, ամուսնացել էր, հեռակա սովորում էր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղում, ապագա տնտեսագետ է։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի 2019թ․ դեկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով Գարիկ Ղահրամանյանը կրկին մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման։ Համարյա մեկ տարի անց, դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Գարիկին կալանավորեցին։
Կարդացեք նաև
Ըստ «Դատալեքս» դատական համակարգի՝ Գարիկ Ղահրամանյանը մի խումբ անձանց հետ 2017թ–ի հոկտեմբերի 30-ին մասնակցել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գույքի վնասմամբ եւ ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին։ Պատճառը, ըստ վկաների ցուցմունքների՝ «դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող Կարապետ Հովհաննիսյանի (զոն նայող Կարո–Ա․Դ․) տեղափոխումն էր այլ ՔԿՀ։ Ըստ հրապարակված դատավճռի, մասնավորապես Գարիկ Ղահրամանյանը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների` զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին եւ անհնազանդություն դրսեւորելով, քրեակատարողական աշխատակիցների հասցեներին հնչեցրել է հայհոյանքներ, ոտքերով հարվածել է խցի դռանը եւ կերակրադռնակին, որի հետեւանքով ջարդվել է կերակրադռնակը, այրված կտորներ է նետել կերակրադռնակից դեպի միջանցք:
Գարիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա ցուցմունքի՝ այդ օրը ինքը քնած է եղել եւ արթնացել է ձայներից: «Հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են Հենրիկ Ավագյանը լավ չի: Ձայն են տվել, մարդ չի եկել, կրկին ձայն են տվել, խփել դռանը: Մի երկու ժամ հետո մոտեցել են: Իրենք ասել են, որ բժիշկ կանչեն, գնացել են, կրկին շատ ուշ եկել ու ասել, որ հիմա հնարավոր չէ բժիշկ կանչել, ԱԱԾ-ն այնտեղ է եւ երբ հնարավոր լինի` կգա: Հսկիչը մեկ էլ՝ եկել է ընթրիքի ժամին, հարցրել են, թե ինչու չէր գալիս, ասել է, որ ԱԱԾ-ի աշխատակիցները չէին թողնում: Ինքը մեկ ու կես ամսից պետք է դուրս գար, իրեն այդպիսի բան պետք չէր»,–նշել է Գարիկը իր ցուցմունքում։
Գարիկի հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այս ամենը շինծու գործ է եւ «Գարիկի գլխին սարքվել է հսկիչ Ալիկի (տուժող` «Գորիս» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Ալիկ Պետրոսյան–Ա․Դ․) կեղծ ցուցմունքի վրա»։
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկեցին Վերաքննիչ քրեական, այնուհետեւ Վճռաբեկ դատարաններ։
«Ոչ մի բան էլ չփոխվեց, մեջք չունեինք, հետո ասում են երկրում արդարություն ա, օրենք է աշխատում։ Տղուս նորից բանտարկեցին, ինչի՞ համար։ Ընտանիքներ են կործանո՞ւմ»,–ասում է Գարիկի մայրը՝ Ռոզա Գեւորգյանը։ Վերջինս պատմեց, որ ամուսինը՝ Կառլեն Ղահրամանյանը 1990-ականների հայ–ադրբեջանական հակամարտությանն է մասնակցել, վիրավորվել։ Այժմ անաշխատունակ է, անկողնային հիվանդ, երկու անգամ ինսուլտ է տարել։ Ընտանիքի միակ կերակրողը Գարիկն էր։
Դատապարտյալի հարազատները համոզված են, որ «հսկիչ Ալիկին ստիպել են Գարիկի դեմ ցուցմունք տալ»։ «Գործը Սյունիքի քննչականում էր՝ կարճեցին։ Հետո նորից գործը փոխանցվեց Երեւանի քննչական, որտեղ էլ կանչեցին էդ Ալիկին ու ստիպեցին ցուցմունք տա»,–ասում է Գարիկի քրոջ ամուսինը՝ Ավետիք Արամյանը։ Aravot.am-ի հետ զրույցում Ավետիքն ասաց, որ խորհրդակցում են փաստաբանների հետ՝գտնելու արդարությունը վերականգնելու իրավական ուղին։ Գարիկի հարազատների կարծիքով, եթե իրականում Գարիկը մեղավոր լիներ, ապա նրան պատժի ժամկետը լրանալուց հետո չէին ազատի, նոր հիմքերով կկալանավորեին, ինչը անում են նման պարագայում։
«Գուցե լրատվամիջոցներով խնդրի մասին խոսելը նույնպես օգնի՞ գործի բացահայտմանը։ Գլխավոր դատախազին ենք դիմելու, որպեսզի վերանայվի Գարիկի քրեական գործը։ Մեկ վկայի ցուցմունքով մարդուն չեն դատում։ Եթե չարդարացնեն, գոնե մեղմ պատիժ տան՝ բաց կալանք, որպեսզի Գարիկը կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները»,–ասում է Ավետիք Արամյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ավետիք Արամյանը