«Ինչ լավ է, արդեն սկսեցիք խոսել, արդեն ձեններդ դուրս է գալիս: Արդեն հելել եք, խոսում եք, թե ընդդիմությունը խնդիր է: Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր: Պատրաստ եղեք, այնպիսի խնդիր ենք լինելու ձեր համար, դա 100 % իմացեք: Չենք թողելու մարսեք, 100 տոկոս չեք մարսելու»,- ԱԺ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Մինչ այդ «Իմ քայլից» Արփի Դավոյանն էր խոսել ընդդիմադիրների մասին՝ քննադատելով, որ շահարկում են գերիների հարցը: Աբովյանը պատասխանեց. «Ի՞նչն է շահարկում, որ գնում էիք, մեծ ստատուսներ էիք գրում, թե գնում ենք գերիների հարցը լուծենք, լուծեցի՞ք: Ի՞նչ շահարկումների մասին եք խոսում, խոսում եք նրա մասին, որ Ադրբեջանը 2 մլրդ 700 մլն ռազմական բյուջե ունի, իսկ դուք խոսում եք այսպես կոչված հետադիմական մտքերի ու խաղաղության մասի՞ն: Խոսում ենք նրա մասին, որ Փաշինյանն ու դուք ունակ չեք, դա՞ ենք շահարկում: Այո, ունակ չեք, ցույց է տալիս զարգացումը, հո մեր ասելով չի: Ադեկվատ չեք, ունակ չեք: Սյունիքից եք խոսում, բան չունեմ ասելու, պատգամավոր ունեք Սյունիքից, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավոր գնացել է Սյունիք ու որոշ տեղեկություններով՝ ծեծ է կերել: Այսպիսի բան էլ կա, կարող եք ձեր մեջ հարցնեք՝ ով է գնացել: Դա էլ է շահարկում, չէ՞: 60 հարց եք բերել, այնպիսի տպավորություն է, թե հանգիստ, հանդարտ պետություն է: Մի հարց չկա, որ առնչվում է ստեղծված իրավիճակի հետ: Մարդիկ պատասխան են տալու, ե՞րբ են երեխեքին հետ բերելու, դա շահարկո՞ւմ է, հա՞: Իշխանություն, հելեք խոսացեք, ե՞րբ եք բերում երեխեքին: Ես ի՞նչ անեմ, որ այդ հարցը հուզում է բոլորին: Թուրքերի ու ադրբեջանցիների հետ դիվանագիտական հարաբերություն եք, չէ՞, պատրաստվում ունենալ, պատերազմի 3-րդ, 4-րդ օրը սկսեցիք դրա մասին խոսել, դա էլ է շահարկում: Փաստորեն, այն, ինչ ձեր դուրը չի գալիս, շահարկում է: Այո՛, Փաշինյանը ունակ չէ, դուք ունակ չեք ու պիտի հեռանաք, որովհետեւ տանում եք երկիրը կործանման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ