«Կարծում եմ՝ այդ թեման շատ շահարկվեց։ Ես քննարկել եմ որոշումս քաղաքական թիմի եւ խմբակցության ղեկավարի հետ։ Այն, որ ընտրություններում հավաքած ձայների առումով Նիկոլ Փաշինյանի դերը կարեւոր է եղել, չեմ ժխտում, բայց հիշեցնեմ, որ մեծամասնականով եմ ընտրվել՝ հավաքելով ավելի քան հինգ հազար ձայն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «Իմ քայլականները» նրա՝ խմբակցությունից դուրս գալու համատեքստում հիշեցնում են, թե ում շնորհիվ է նա ձայներ հավաքել։
Մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի նկատառումը, թե ինչ մանդատ է նա ներկայացնում, Աննա Գրիգորյանը նշեց․ «Ես այստեղ եմ սյունեցիների եւ վայոցձորցիների քվեարկության արդյունքում»։
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ՔՊ խոսնակի՝ խմբակցությունը լքածներին Փաշինյանի ուսապարկի հետ համեմատելուն․ «Այն վիճակում, որ Հայաստանն է այսօր, այդքան խոսել ուսապարկերի մասին տեղին չէ։ Անհատներին թիրախավորելու կոչերը պետք է դատապարտելի լինեն։ Չեմ ճանաչում նրան, բայց նրա ասածը միտված էր վիրավորելու պատգամավորներին եւ նրանց ընտրած քաղաքացիներին»։
Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իրեն որքանով է օգնել եւ արդյոք կապ ունի՞ նախկին իշխանության հետ, Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ որեւէ քաղաքական ուժի հետ կապ չի ունեցել եւ չունի․ «Անխոս, նրա վարկանիշն էական է եղել, բայց կմերժե՞ն իմ ներդրումը։ Այդ դեպքում ինձ ինչո՞ւ առաջադրեցին մեծամասնականով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ