Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ խնդրի անունը ընդդիմություն է…Պետք չէ զինվել թանկարժեք մեքենաներով, տարբեր տեսակի հարստություններ կուտակելով». Արփի Դավոյանը՝ ԲՀԿ-ին

Հունվար 18,2021 15:43

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստում ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող են հիմա արտահերթ ընտրություններ անել, ինչպե՞ս են մտնելու պատերազմից զոհվածների բակ, բարձրախոսներով ելույթ ունենան, կամ մտնեն ռազմագերու տուն ու բուկլետ տան ձեռքը: Բայց քանի որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սպառնում է արտահերթ ընտրություններով, իրենք պատրաստ են նաեւ դրան. «Դրա ընթացակարգը հետեւյալն է, տալ հրաժարական, որից հետո երկու անգամ խորհրդարանը չի ընտրում վարչապետ ու խորհրդարանը լուծարվում է: Այլ ընթացակարգ չկա»:

Նա ասաց, որ այնուամենայնիվ, մեծ թափով պատրաստվում են նոր ընտրություններին. «Սպասում ենք ձեր հրաժարականին: Հենց տա՝ կսկսի գործընթացը: Ձեր ձեռքում է, դուք պետք է դա անեք: Ցրեք խորհրդարանը, գնանք արտահերթ ընտրության»:

Դահլիճից իմքայլականները հարցրեցին՝ եթե հրաժարական լինի, չե՞ք առաջադրվի: Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ, կառաջադրվեմ: Այսինքն, պայմա՞ն եք դնում»:

«Իմ քայլից» Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում ասաց. «Ես հաճախ եմ մտածում, թե մեր եղբայրները, ի թիվս այլ նպատակների, նաեւ ինչի համար են զոհել իրենց կյանքը: Նրանք իրենց կյանքը զոհել են նաեւ ՀՀ ապագայի, ՀՀ ներկայի եւ ՀՀ ինքնիշխանության համար: Շատ կարեւոր է, որ ինքնիշխանությունը հիմնված լինի ժողովրդի քվեի վրա, ոչ մի պարագայում թույլ չտանք, որ քաղաքական որեւէ ուժ կարողանա գողանալ ժողովրդի իշխանությունը: Գերիների հարցը շահարկելով՝ իշխանության աթոռ վերցնելու օրակարգ է սա: Պետք է ազնիվ լինել ու ասել՝ մեզ ընդամենը պետք է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ իշխանությունն անգործություն է դրսեւորում ու այդ ֆոնին Ալիեւը գնում է Շուշի, հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղ այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքների եւս մեկ հարված: Հայաստանի որեւէ իշխանավոր մինչ այս պահը հանդես չի եկել հայտարարությամբ առ այն, որ այս պատերազմական հանցագործի հայտարարություն ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը»:

Իսկ «Իմ քայլից» Արփի Դավոյանը խոսեց ընդդիմադիրների մասին. «Մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ լրջագույն խնդրի անունը ընդդիմություն է՝ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական: Դա այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո գալիս են եւ այս ամբիոնից, այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմական իրավիճակը, շահարկում են մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, շահարկում են Սյունիքի անվտանգության հարցը տարբեր տեսքերով, տարբեր ձեւերով: Ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Սյունիքի անվտանգության հարցը պետք չէ շահարկել, որովհետեւ Սյունիքը ՀՀ ողնաշարն է եւ դրա մասին բազմիցս խոսվել է: Երբ դուք գնում եք այնտեղ եւ գալիս եք, սկսում եք գույների խտացումներ անել, պետք չէ նման բան անել: Մենք ունենք Սյունիքից պատգամավորներ, որոնք այնտեղ են լինում: Եվ ընդհանրապես ցանկացած հարցի վերաբերյալ խոսեք ազնիվ, եղեք ազնիվ: Դուք, տիկի՛ն Իսայան, որ ասում էիք, թե խաղաղությանը պատրաստվելով՝ պետք է զինվել, ուժեղանալ, այո՛, բայց պետք չէ զինվել թանկարժեք մեքենաներով, տարբեր տեսակի հարստություններ կուտակելով, այլ պետք է հզոր պետություն ունենալ, անել այն ամեն ինչը, ինչը չեն արել այստեղ գտնվող մարդկանցից շատերը, որոնք եղել են իշխանության ղեկին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031