«Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլի և խոսքի ազատության դեմ ճնշումներն ուղղակի աննախադեպ և մասշտաբային բնույթ են կրում»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա փաստեց՝ գրեթե ամբողջ 2020-ին երկիրը գտնվել է հատուկ ռեժիմի մեջ, որի դեպքում կառավարության որոշումներում ուղղակի և անմիջապես շեշտը դրված էր ԶԼՄ ազատության և խոսքի ազատության սահմանափակման վրա: Հավելեց. «Երբ Covid-ով պայմանավորված՝ արտակարգ դրություն մտցվեց Հայաստանում, կառավարության 6 էջանոց որոշման մեկուկես էջը նվիրված էր մամուլի ազատության սահմանափակմանը: Սակայն եղավ գրաքննություն պետական մակարդակով, այն արդեն դարձել է կառավարման գործիքակազմ. մամուլի հրապարակումները գրաքննվում էին կառավարության կողմից»:
Ռոբերտ Հայրապետյանը հիշեցրեց՝ ռազմական դրության ժամանակ տոտալ սահմանափակվում էր խոսքի ազատությունը, արգելվեցին առհասարակ անգամ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները, եթե այս կամ այն չափով բացահայտում էին որևէ ճշմարտություն, որն ինչ-որ չափով կարող է հաճո չլինել կառավարության քիմքին, հրավիրվում էին ոստիկանություն և պահանջում հեռացնել գրառումը. «Էլ չեմ ասում ահռելի վարչական տույժ ու տուգանքները, որոնք կիրառում էին ԶԼՄ-ների նկատմամբ»:
Անդրադառնալով ՀՌՀ-ի կողմից հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորներին և մրցույթային ընդհանուր գործընթացին, իրավաբանն ասաց. «5-րդ ալիքը չստացավ հանրապետական սփռում, Արմնյուզը՝ ևս: Տեսնում ենք՝ երկու տարի 5-րդ ալիքի նկատմամբ իշխանության նիհիլիզմը: 2020-ին դեպքեր եղան, երբ ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին 5-րդ ալիքի տաղավար իբր դիմակ չկրելու համար, տեսել ենք իշխանական պատգամավորների հակաօրինական վարքագիծը լրագրողների նկատմամբ: Կա հայց, որը դատարանն ընդունել է վարույթ. մարտին կա դատական նիստ: Ոստիկանությունը մուտք գործեց նաև Արմնյուզի տաղավար, բայց չկարողացան հիմնավորել, որ Աբրահամ Գասպարյանի՝ դիմակ չկրելը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն և վարչական պատասխանատվության ակտ չկայացվեց»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ