Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա մեր պետության համար ամոթ է». Բորիս Նավասարդյանը՝ «Ա1+» -ին, Հայկական երկրորդ հեռուստաալիքին և այլ՝ երկարամյա փորձ ունեցող հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու մասին

Հունվար 18,2021 14:52

«Ամենահետաքրքիրն այս մրցույթը համեմատելն է ամենաառաջին լիցենզավորման մրցույթի հետ, որը տեղի ունեցավ 2002-ին»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները» թեմայով քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Բորիս Նավասարդյանը պարզաբանեց՝ երկու մրցույթներն էլ անցկացվում են երկրում քաղաքական փոփոխություններից, իշխանափոխությունից հետո, այդ թվում սուր քաղաքական զարգացումներից հետո: Նա մանրամասնեց. «Եթե 2002-ին ունեինք քաղաքական վիճակ, որի վրա ազդում էր հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչական ակտը խորհրդարանում, այս անգամ ունեինք համավարակ և արցախյան պատերազմ: Այսինքն՝ փաստորեն որոշումները մրցույթի ժամանակ ընդունվում էին առաջին անգամ նոր իշխանությունների գործունեության ընթացքում: Եթե 2002-ին տեսել ենք, թե ինչպես բոլոր այն լրատվամիջոցները, որոնք անցանկալի են իշխանության համար, դուրս եկան դաշտից, եթերազրկվեցին, ինչ- որ տեղ շատերը սպասում էին, որ նույնպիսի իրադարձություններ կլինեն այս անգամ: Տեսանք՝ իշխանության նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող համարյա բոլոր հեռուստաընկերությունները մնացին եթերում, և չեմ կարծում, որ փոխելու են իրենց աշխատանքի ոճն ու ուղղվածությունը: Տեսանք իրավիճակ, երբ երկրում քաղաքական փոփոխությունները չեն ազդում հեռարձակվող ԶԼՄ-ների ցանցի վրա»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ անհրաժեշտ է շատ խորը աուդիտ անցկացնել այսօրինակ մրցույթների, ինչը օգտակար կլինի նաև կարգավորող մարմնի համար: Ըստ նրա՝ այս անգամ այս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ ավելի շատ նոր հեռարձակողներ էին միտված մտցնել դաշտ, քան հներին փակելն ու եթերազրկելը:

Բորիս Նավասարդյանը կարևորեց նաև օրենսդրական մակարդակը. «Անկախ նրանից, որ տեղի են ունեցել լուրջ տեխնիկական ապահովող գործընթացներ, մենք մնացինք նույն իրավիճակում, ինչ ունեցել ենք 20 տարի առաջ: Ունենալ մենաշնորհային իրավիճակ ԶԼՄ դաշտում այսօր, զավեշտ է, բայց օրենքի մակարդակում այդ զավեշտը պահպանվեց: Երկրորդ հանգամանքը նա է, որ մարզերում հնարավորություն չկա տարբեր վերգետնյա հեռարձակման իրականացման ԶԼՄ մրցակցության համար»:

Բորիս Նավասարդյանը ցավով նշեց՝ հեռարձակման ոլորտին չկարողացանք որևէ զարգացման հնարավորություն տալ, որ այն լինի ժամանակին համահունչ:

Խոսելով մի քանի հեռուստաընկերությունների, մանավանդ տարիներ շարունակ գործողներին, լիցենզիա չտրամադրելու մասին, Բորիս Նավասարդյանը մեր պետության համար դա ամոթ համարեց ու նշեց՝ անպայման նրանց պետք է տալ այդ հնարավորությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Արդյունքում մրցույթից դուրս մնացին «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը եւ Ա1+ը, որոնք դիմել էին միայն հանրապետական սլոթի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    «Ա1+» -ից բոլոր իշխանություններն էլ վախեցել են, որովհետև նա միշտ եղել է անկախ, իշխանահաճո չէ և իրականությունը մեկնաբանել է ճշմարիտ կերպով: Իսկ մեր իշխանավորները վախեցել են ճշմարտության լուսաբանումից և գերադասել են եթեր տրամադրել պրոիշխանական կամ լղոզված տեղեկատվություն հաղորդող հեռուստաընկերություններին: Վախենամ, որ հաջորդ իշխանություններն էլ «Ա1+» ին եթեր չուզենան տրամադրել, որպեսզի ավելորդ գլխացավանքներ չունենան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031