«Հանուն Հադրութի» կազմակերպության ստեղծման նպատակն այն է, որ ամբողջ աշխարհին պահանջենք ճանաչելու մեր իրավունքը ապրելու այն հողում, ջրում, որտեղ միշտ ապրել ենք: Միասին պիտի գտնենք ճանապարհներ՝ վերադառնալու մեր հայրենիք, ապրելու մեր հողի վրա, խմելու մեր սարերի ջուրը և կապույտ երկնքի տակ դաստիարակելու մեր երեխաներին: Ցավոք, այսօր մենք զրկված ենք այդ բոլոր իրավունքներից: Ստիպված ենք ապրել սպասելով աջակցությունների, պետության՝ մեզ վերաբերող որոշումներով»,- այս մասին այսօր «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ Ա. Ավանեսյանը:
Բանախոսը հավելեց նաև, որ ինքն այս 30 տարիների ընթացքում բոլոր հնարավոր ձևերով ծառայել է հայկական բանակին, այժմ իր գործը շարունակում են իր տղաներն ու թոռները:
Նրա խոսքով՝ հայոց բանակն ու զինվորը չեն պարտվել, պարտվել են ռազմաքաղաքական անհատ ղեկավարներ:
Ելույթով հանդես եկավ նաև «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Դավթյանը: Նա փաստեց, որ պատրաստվում են թակել բոլոր հնարավոր՝ նույնիսկ իրենց համար անընդունելի դռները, միայն թե խնդիրը լուծվի: Ըստ Մերի Դավթյանի՝ Հադրութ վերադառնալը իրական է. ոչ պատերազմական ճանապարհով, այլ բանակցությունների միջոցով կարելի է հասնել արդյունքի:
Կարդացեք նաև
«Մենք թեպետ գործում ենք տարբեր կազմակերպություններով, սակայն մեկտեղելու ենք մեր ջանքերը, որպեսզի հասնենք առավելագույն արդյունքի: Թե՛ «Հադրութի դեօկուպացիա» և թե՛ «Հանուն Հադրութի» ՀԿ-ները սոցիալական, իրավական, քաղաքական գրեթե նույն նպատակներն են հետապնդում»,- ասաց Մերի Դավթյանը և հայտնեց, որ արդեն պատրաստում են որոշակի քաղաքական բանաձևեր, որոնք կներկայացվեն ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ