Aravot.am-ը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս լուծվեց տեղահանված այն բնակիչների հարցը, որոնց բնակավայրերը թեեւ հայկական կողմում են, բայց ստիպված են եղել հարկադիր լքել տները: Մեր դիտարկմանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բողոք-դիմումներ է ստացել մասնավորապես՝ Բերձորի, Լիսագորի բնակիչներից, որոնք չեն ստանում գումարային աջակցությունը, ՀՀ կառավարությունից էլ պնդում են, որ այդ բնակավայրերի ցանկը պետք է տրամադրի Արցախի հանրապետությունը, Միքայել Վիրաբյանը պատասխանեց՝ նշյալ տարածքի բնակիչների համար հարցը լուծվել է 250 հազար դրամի չափով:
«Համապատասխան ցուցակների կազմումը եւ հաստատումը կատարվում է Արցախի հանրապետության կառավարության կողմից՝ ի դեմս տարածքային կառավարման նախարարության՝ հիմք ընդունելով տվյալ շրջանի վարչակազմի եւ գյուղապետերի կողմից տրված տեղեկանքները կամ ցուցակները: Հիմնականում այդ ծրագրերով նախատեսված է 300 հազար դրամ եւ 250 հազար դրամ: Խոսքը վերաբերում է տեղերում հաշվառված լինելուն եւ երեք ամիս բնակվելուն: Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում գումարը կազմում է 300 հազար դրամ՝ տուն-տեղը կորցնելու համար: Իսկ այն տարածքները, որոնք գտնվում են Արցախի հանրապետության տիրապետության ներքո, այդ տարածքներում աջակցությունը 250 հազար դրամ է»,-ասաց պարոն Վիրաբյանը:
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Միքայել Վիրաբյանը, որը նաեւ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականն է, ներկայացրեց սոցիալական ծրագրերի կատարման ընթացքը: Նրա տվյալներով, պատերազմի հետեւանքով 93 հազար 300 արցախցի է ժամանակավորապես ապաստանել Հայաստանում, որոնց ապահովել են կացարանով, տաք հագուստով եւ առողջապահական ծառայություններով:
Արցախի կառավարության կողմից տրամադրված 200 միլիոն դրամն ուղղվել է Ադրբեջանի կողմից բռնազավթած ու վերահսկվող բնակավայրերի բնակիչներին, որոնք գտնվում են Հայաստանում: Ըստ Միքայել Վիրաբյանի, այդ գումարից 54 միլիոն դրամն ուղղվել է զոհված զինծառայողների թաղման ծախսերը մասնակի փոխհատուցմանը:
Կարդացեք նաև
Այն ընտանիքները, որոնք ցանկանում են վերադառնալ Արցախ, գրանցվում են օպերատիվ շտաբի գրանցամատյանում: Միքայել Վիրաբյանի խոսքով, Քաշաթաղի շրջանից 50-ից ավելի գրանցված ընտանիք կա, որոնք ցանկանում են վերադառնալ՝ Արցախի գյուղերում ապրելու:
Հունվարի առաջին օրերին Քաշաթաղից 7 ընտանիք արդեն վերադարձել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղ, որտեղ ազատ բնակֆոնդ է եղել: Վերադարձածներին ապահովել են համապատասխան գույքով:
Շտաբի ղեկավարը նաեւ ասաց, որ այս օրերին էլ շարունակում են գործել Երեւանից Արցախ անվճար ավտոբուսները, եւ կգործեն այնքան ժամանակ, որքան կլինի դրա անհրաժեշտությունը. «ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մեկ տասնյակից ավելի սոցիալական աջակցության ծրագրեր, որոնցից երկուսն առնչվում են զբաղվածության խնդիրներին: Մոտ օրերս կսկսվի էլեկտրոնային դիմումների ընդունումը: Արցախի քաղաքացիները կարող են դիմել գործատուի մոտ փորձի ուսուցում անցնելու եւ կստանան 100 հազար դրամ աշխատավարձ: Մյուս ծրագիրը հասարակական աշխատանքներն են: Արցախի հանրապետության քաղաքացիները կընդգրկվեն նման աշխատանքում եւ կստանան օրեկան 8 հազար դրամ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ