Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենաների վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս». Իվետա Տոնոյան

Հունվար 18,2021 12:17

«Փոխանակ օր առաջ բռնեք Նիկոլ Փաշինյանի ձեռքը, դրա փոխարեն հանրությանը կերակրում եք, թե կգնանք ադրբեջանցու ու թուրքերի հետ առեւտուր կանենք, լավ կապրենք: Գնացեք ռազմագերու ծնողին ասեք՝ ոչինչ, որ քո որդին այնտեղ է, կգնանք ադրբեջանցու հետ առեւտուր կանենք ու դուք լավ կապրեք: Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա եւ այստեղ՝ այս խորհրդարանում պիտի քննարկվի միայն այդ հարցը»,- ԱԺ նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իշխանությունները չեն ընկալում. «Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն Ադրբեջանինն է, մի հատվածը՝ Հայաստանինը: Եթե վարչապետի աթոռը զբաղեցնողն ասում է՝ դեմարկացիա, դելիմիտացիա չկա, ուղղակի դիրքեր ենք դրել, ի՞նչ է փոխվում դրանից: Նրանց հսկողության տակ է: Անցնում ես՝ ամեն վայրկյան կարող է գերի ընկնես, ամեն վայրկյան կարող են կրակել: Ո՞վ է երաշխիք տալու…Ո՞վ է երաշխիք տալու, որ մի-երկու ժամվա ընթացքում Սյունիքը չի կտրվելու մայր հայրենիքից ու մենք չենք կորցնելու նաեւ Սյունիքը: Այս հարցերի պատասխանը ունե՞ք: Իհարկե, չունեք»:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ դժգոհեց, որ ԱԺ օրակարգում հարց չկա, որը վերաբերում է ռազմագերիների հարցին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը. «Փոխարենը կա հարց ավտոկայանատեղիներին վերաբերող, հոգեկան առողջության խնդիրներին վերաբերող: Նույն տրամաբանությամբ, ասենք, տիեզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն կարող էր կառավարությունը բերեր խորհրդարան»:

Նրա խոսքով՝ այս կառավարությունը սպառել է իրեն տրված լեգիտիմությունը ու չի կարող կազմել հանրության շահերին վերաբերող օրակարգ. «Սյունիքի մարզ այցելությունից հետո հնարավոր չէ հանգիստ խորհրդարանում քննարկել այն հարցերը,որոնք այսօր բերվել են ԱԺ»:

Նա հորդորեց գնալ Սյունիքի մարզ ու տեսնել, թե ինչ վտանգի տակ են ապրում մեր հայրենակիցները. «Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Սյունիքի մարզի մի քանի տասնյակ համայնքներ դարձան սահմանամերձ եւ այսօր ամեն օր ապրում են Ադրբեջանի զինվորների նշանառության տակ: Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենաների վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս: Որոտանի ու Շուռնուխի բնակիչները ամեն օր կանգնած են ադրբեջանցիների նշանառության տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031