Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել՝ «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար: Նիստում քվեարկության էր դրվելու իրենց հեղինակած «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» նախագիծը, որը բացասական եզրակացություն էր ստացել:
Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ՝ պատերազմի հետեւանքով առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված եւ առաջարկվել է նաեւ բոլոր քաղաքական ուժերին ցանկության պարագայում քննարկել այդ ճանապարհային քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումը, եթե նման ցանկություն լինի: Ավելին, ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզին, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք դրա հետ կապված որեւէ առարկություն չենք ներկայացրել եւ նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ, քայլերի հերթականություն մշակենք: Հիմա ի՞նչ է անում «Լուսավոր Հայաստանը», ասում է՝ դնենք այդ ամեն ինչը մի կողմ եւ քննարկենք միայն այս նախագիծը եւ մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետեւաբար, ձեր առաջարկը, որքան էլ որ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված եւ լարվածության թուլացմանը, այս իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները միտված են հակառակը, լարվածության էսկալացմանը: Ուստի «Իմ քայլը» խմբակցությունը «դեմ» է քվեարկելու այս նախագիծն օրակարգ մտցնելուն»:
Մարուքյանն էլ արձագանքեց. «Մակունցն ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետեւաբար, մենք չենք կարող մնացած կետերն էլ դրա հետ քննարկել: Ես առաջարկում եմ քննարկել, դուք եկեք ասեք, որ չպիտի հեռանա վարչապետը, ի՞նչ կա դրա մեջ: Այդ առաջին կետը այդպես ահասարսուռ կե՞տ է, որ զուտ դրա համար ուզում եք տապալել նախագիծը: Ինչ վերաբերում է լարվածությանը, մենք դատապարտել ենք պատգամավորների նկատմամբ բռնությունները, ասել ենք` սխալ է գնալ ու գոռալ դավաճան, ասել ենք՝ պետք չի ձվերով խփել, պետք չի սահմանադրությունից դուրս որեւէ գործողություն անել: Հիմա սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք դուք՝ «Իմ քայլը» դաշինքը: Ի՞նչ եք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞ք պրոցեսները: Ձեր այդ քվեարկությամբ դուք սահմանադրականության հունից հանում եք»:
Կարդացեք նաև
Նախագիծը 37 կողմ, 76 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով չընդունվեց օրակարգ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ