Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ավելի վատն եք գնալով դառնում». Էդմոն Մարուքյանը «Իմ քայլի» հետ բանակցելու համար ընդմիջում վերցրեց

Հունվար 18,2021 10:53

Այսօր ԱԺ նոր նստաշրջանի բացումն էր: Նիստի մեկնարկին քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն նախագիծը, որը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Խմբակցությունն առաջարկել էր քննարկել «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» հարցը:

Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք միջազգային իրավունքի խախտմամբ, սպառնալիքի ներքո ընդունված այդ փաստաթղթի ստորագրումից հետո նախաձեռնել էին արտահերթ նիստ հրավիրել, որը իմքայլականները ԱԺ խորհրդի նիստում տապալել էին: Դրա համար իրենք սովորական ընթացակարգերով են այն ուզում քննարկել: Տարոն Սիմոնյանը հորդորեց փաստաթղթում ռազմագերիներին վերադարձնելու կետը քննարկել ու եւս մեկ անգամ հնարավոր լծակներն օգտագործել, միջազգային հանրությանը կոչ անել Ադրբեջանին վերադարձնել միջազգային իրավունքի պահպանմանը: Պատգամավորը հույս հայտնեց, որ գործընկերները լայնախոհ կգտնվեն ու կողմ կքվեարկեն՝ ԱԺ բարձր ամբիոնից ռազմագերիների հարցը քննարկելու համար:

Հարակից զեկուցող, իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց հանձնաժողովի հիմնավորումը՝ ԱԺ-ն նման հարց քննարկելու իրավասություն, լիազորություն չունի: Որպես օրինակ, Ջուլհակյանն ասաց, որ ԱԺ-ն իրավասություն ունի քննիչ հանձնաժողով ստեղծել, հանրապետության նախագահին պաշտոնանկ անել, պատերազմ հայտարարել, խաղաղություն հաստատել, իսկ ԱԺ որոշումներ ընդունելու շրջանակը սահմանափակ է. «Շատ ճիշտ եք, գերիների հարցը թիվ մեկ հարցն է ՀՀ օրակարգում, բայց այս նախագծի հետ այդ գերկարեւոր հարցը որեւէ աղերս չունի:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ 40 կողմ, 73 դեմ ձայներով չընդունվեց:

Հաջորդիվ քննարկվեց «Լուսավոր Հայաստանի» մեկ այլ նախագիծ՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին», որը նույնպես բացասական եզրակացություն էր ստացել: Մարուքյանը հայտարարեց, որ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ. «Առիթը չեք օգտագործում՝ ցույց տալու Ադրբեջանին, որ դուք չեք հաշտվում՝ 21-րդ դարում ձեր եղբայրներն ու քույրերը գտնվում են ադրբեջանական բանտում: Դա շանս էր, որ ցույց տայիք, որ դուք համերաշխ չեք, բայց դուք տարատեսակ նկատառումներով մերժում եք այդ նախագիծը: Ասում եք՝ եկեք այլ տարբերակներ փնտրենք: Նոր բան նախաձեռնենք, կանցնի եւս մեկ ամիս, տարբերակն ընտրված էր»:

Մարուքյանը հորդորեց գոնե ճանապարհային քարտեզը քննարկել ու վերջում դեմ քվեարկել, եթե կետերի հետ համաձայն չեն, բայց հանուն երկրում համերաշխության գոնե կարող են քննարկում սկսել. «Սա ինձ համար ինդիկատոր է, որ դուք ոչ մի կերպ դասեր չեք քաղել տեղի ունեցածից: Դուք շարունակում եք լռեցնել ընդդիմությանը: Ընդդիմությանը ավելի շատ լիազորություններ փոխանցելու փոխարեն հանում եք իր հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ որ 1/3-ը ընդդիմությանը պետք է տայիք, այսինքն, դուք ավելի վատն եք գնալով դառնում, փոխանակ դասեր քաղելով՝ դառնայիք ավելի լավը»:

Մարուքյանը հիշեցրեց, որ երբ երկրում ցույցեր են լինում, իշխանականները ասում են՝ «այ, պետք է գայիք եւ սահմանադրական ճանապարհով քննարկեիք», հիմա բերել են սահմանադրական խողովակով:

Հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը, որպես բացասական եզրակացության հիմնավորում, ասաց. «Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել Ազգային ժողովի քաղաքական կամքը»: Նա ասաց, որ եթե համոզում կա, որ գերիների վերադարձին որեւէ այլ նախագիծ կնպաստի, առանձին այդ հարցը կարող են քննարկել. «Համոզվա՞ծ եք, որ կնպաստի»:

Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝«Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031