Այս օրերին, երբ ռազմաքաղաքական «դիվանագիտության» գնդակը Արցախից նետվել է Սյունիքի մարզ, մենք դարձյալ ապավինում ենք պատմությանը, պատմագիտական հետազոտություններին, պատմաբաններին, թուրք-ազերի զավթիչների դեմ հանուն իրենց ազատության մարտնչած Սյունիքն Ադրբեջանին ենթարկելու բոլոր փորձերի ձախողման պատմությանը:
Ներկայացնում ենք Արամ Հրաչիկի Սիմոնյանի «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ» 1917-1921թթ. (ԵՊՀ հրատարակչություն, 2017) մենագրությունից մի հատված:
1884թ. տվյալներով Զանգեզուրի բնակչության 28-30%-ը արտագնա աշխատանքի էր մեկնում: Օտար տեղերում աշխատանք գտած զանգեզուրցի գյուղացիները վաստակած գումարով հազիվ կարողանում էին պահպանել իրենց գոյությունը եւ գումար տնտեսել գյուղում մնացած հարազատներին օգնելու համար:
Գորիս քաղաքում հրատարակվող «Գավառ» թերթը 1910թ. փետրվարի 21-ին տպագրել էր Հայկ Բժշկյանցի հոդվածն այն մասին, թե նյութական ինչպիսի անտանելի ծանր պայմաններում էին ապրում գյուղերից Բաքու գնացած եւ նավթահանքերում աշխատանք գտած գյուղացիները: Ինչպես արդեն նշեցինք, գավառի միակ արդյունաբերական հանգույցը Կեւարանի կամ Ղաթարի հանքերն էին: Այստեղ լեռնարդյունաբերության ռահվիրաներ էին ռուս մաքսային ծառայող Յակով Ռոզովը, որն իր գործունեությունը սկսել է 1846թ., եւ հույն Խարլամպի (Ուստա Ալավերդի) Կոնդուրովը, որը 1850թ. հիմնել էր առաջին պղնձաձուլարանը, տարիներ հետո՝ նաեւ երկրորդը:
Կարդացեք նաև
Ուգուրչայ գետի մոտի եւ Հալիձորի տարածքի այս երկու գործարանները, որոնք հետագայում աշխատեցնում էին Կոնդուրովի երկու զավակները (Ա. եւ Գ. Կոնդուրով եղբայրներ), օրինակ հանդիսացան պղնձաձուլական նոր գործարաններ կառուցելու համար: Մեկը մյուսի հետեւից շարք մտան Գ. Կոնդուրովի, Նապոլեոն Ամատունու, Ա. Մելիք-Ազարյանցի, Քրիստափոր եւ Սաֆրազ Մելիք Փարսադանովների, Խաչատուր Նազարբեկյանցի (Նազարբեկովի) եւ Բեգլար բեկ Միրզաեւի, Կարապետ եւ Հովհաննես Խոջամիրյան եղբայրների, Մ. բեկ Մելիք-Կարակոզովի, Լազարեւ եղբայրների գործարանները: Ուգուրչայ գետի մոտ՝ բեկերից վարձակալած մասնավոր հողերի վրա, հայտնի մեծահարուստ Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը կառուցեց հանքերի ամենամեծ գործարանը եւ այն անվանեց «Սյունիք»: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հանքերում գործում էր 6 պղնձաձուլարան, որոնք բոլորն էլ աշխատում էին ջրային շարժիչներով: Ինչ վերաբերում է հանքերին, ապա Ղաթարի շրջանում դրանք 19-րդ դարի վերջին գրավում էին 248 դեսյատին տարածություն: Հանքատերերը հայեր էին, հույներ ու ֆրանսիացիներ:
Տարեցտարի ավելանում էր հանքերի ու պղնձաձուլարանների արտադրանքը: Եթե 1858թ. ձուլվել էր միայն 2485 փութ սեւ եւ մաքուր պղինձ, 1887թ.՝ 15000, 1898թ.՝ 31246, ապա 1900թ. Ղաթարի շրջանի պղնձաձուլարանները միասին արտադրել էին մոտ 50000 փութ մաքուր պղինձ: Ըստ որում, նշված բոլոր գործարաններից ամենաառաջավորը, որն ինչ-որ չափով հագեցված էր ժամանակի տեխնիկայով, Ա. Մելիք-Ազարյանցի «Սյունիք» գործարանն էր: Ուստի պատահական չէ, որ հին սարքավորումներով մնացած 5 գործարաններում 1900թ. ձուլվել էր ընդամենը 11000 փութ պղինձ, իսկ «Սյունիք» գործարանում 197430 փութ հանքաքարի մշակումից՝ 38840 փութ:
«Սյունիք» գործարանում հանքաքարի ձուլումից ոչ միայն բարձրորակ պղինձ էր ստացվում, այլեւ անջատվում էր ոսկի եւ արծաթ: Նշենք նաեւ, որ Կապանի հանքերը ոչ միայն պղնձի, այլեւ ոսկու ու արծաթի ավելի բարձր պարունակություն ունեին, քան գերմանացիներին (Սիմենս եղբայրներին) պատկանող Կեդաբեկի հանքերը: Կապանում արդյունահանվող հանքաքարի մեջ պղնձի պարունակությունը հասնում էր 35%-ի: Շնորհիվ պղնձի մեծաքանակ արտադրության՝ 20-րդ դարի սկզբին Կապանը հայտնի էր դարձել ոչ միայն ամբողջ Այսրկովկասում, այլեւ Ռուսաստանում: Բանվորների ընդհանուր թիվը Կապանի պղնձահանքերում տարիների ընթացքում անընդհատ տատանվում էր. նրանց 1/5-ը կազմում էին պարսկահպատակ թուրքերը (ադրբեջանցիները), իսկ 4/5-ը՝ տեղացի հայերը եւ ադրբեջանցիները՝ մոտավորապես հավասար թվով: Պարսկահպատակները հանքերում աշխատում էին ձմռան եւ գարնան ամիսներին, իսկ ամռանը վերադառնում էին հայրենիք՝ դաշտային աշխատանքներ կատարելու: Նույնպիսի սեզոնային աշխատանք էին կատարում հանքերին մերձակա հայ եւ թուրք գյուղերի բնակիչները: Այդ պատճառով ամռան ամիսներին հանքերն ու գործարանները կանգ էին առնում: Պղնձարդյունաբերության վերելքը երկրում չէր բարեփոխում բանվորների սոցիալ-տնտեսական թշվառ դրությունը: Հանքերում չկար գործարանային տեսչություն, իսկ բանվորներին հովանավորող օրենքների մասին այստեղ անգամ պատկերացում չունեին: Եթե բանվորները աշխատանքի ժամին զրկվում էին աչքից կամ ոտքից, գործարանատերը կամ կառավարիչը նրանց վախեցնում էր՝ ստիպելով լռել կամ բավարարվել մի քանի տասնյակ ռուբլիներով: Դառնալով անաշխատունակ՝ բանվորները՝ որպես ծանր բեռ, ընկնում էին աղքատ հարազատների ուսերին: Վիրավոր բանվորների 35%-ը 1908թ. տվյալներով դարձել էր լրիվ կամ մասնակի անաշխատունակ: 1909թ. տվյալներով հանքերի բանվորների շուրջ 40%-ը փոքրահասակներ ու դեռահասներ էին:
Ըստ օրենքի՝ գործարանատերերը պարտավոր էին իրենց միջոցներով բանվորների երեխաների համար դպրոցներ բացել, մինչդեռ Կապանում խոսք անգամ չկար բանվորական դպրոցների մասին: Իհարկե, միամտություն կլիներ սպասել, որ գործարանատերերը, որոնք բանվորներին հարստահարում էին նաեւ վերջիններիս տգիտության պատճառով, կաշխատեին նրանց համար դպրոցներ բացել եւ արթնացնել նրանց գիտակցությունը՝ վառելով ջահեր շրջապատի խավարում:
Ֆրանսիական մոնոպոլիաների տնօրինության տակ գտնվող «Կովկասյան արդյունաբերական եւ մետալուրգիական ընկերությունը», որին պատկանում էին Ալավերդու հանքարդյունաբերական շրջանի գրեթե բոլոր պղնձահանքերն ու գործարանները, 1908թ. Զանգեզուրի կապիտալիստներից գնեցին որոշ ձեռնարկություններ եւ ընդարձակեցին պղնձի արտադրությունը: Հետագա տարիներին ֆրանսիացի կապիտալիստները աստիճանաբար իրենց ձեռքը վերցրին նաեւ արդյունաբերական մյուս ձեռնարկությունները եւ նոր ձեռնարկություններ հիմնելու նպատակով հողեր գնեցին գյուղական համայնքներից: Հին հանքերի հետագա շահագործումը ֆրանսիացիներին ձեռնտու չէր, որովհետեւ չէին ցանկանում հավելյալ ծախսեր կատարել եւ նոր տեխնիկա ներդնել: Օրինակ՝ բանվորների աշխատանքի պայմանները փոքր-ինչ բարելավելու եւ արտադրողականությունը բարձրացնելու համար անհրաժեշտ էր հանքահորերում ներդնել վագոնիկներ, բայց դա չէր մտնում օտարերկրյա կապիտալիստների հաշվարկների մեջ: Դրա փոխարեն առաջվա պես բանվորները պղնձաքարը հանքահորերից դուրս էին բերում կողովներով: Հանքերից քիչ թե շատ բարվոքը Ղաթարի հանքերն էին, որտեղ պղնձաքարը հանքախորշերից դուրս էր բերվում վագոնիկներով: Առաջվա պես ոչ ոք չէր մտահոգվում հանքահորերում ու գործարաններում տեխնիկական անվտանգության ապահովման հարցերով:
Ճիշտ է, Զանգեզուրի պղնձարդյունաբերության մեջ ֆրանսիական կապիտալի ներթափանցումից հետո որոշ չափով բարելավվեց բանվորների վիճակը (նրանց սկսեցին ապահովագրել, դժբախտ պատահարներից տուժելու դեպքում վարձատրել եւ վճարել նպաստներ), բայց, միեւնույն է, բանվորների դրությունը մնում էր ծանր:
Զանգեզուրի տնտեսական ու մշակութային նկատելի առաջընթացով էր պայմանավորված նաեւ կապի միջոցների նկատելի զարգացումը: 1874թ. Գորիս քաղաքում սկսեց գործել գավառում առաջին փոստային կայանը:
Ամսվա որոշակի օրերին Շուշիից Գորիս էր բերվում փոստը: Կապանից, Սիսիանից եւ Գորիսից ժամանած փոստատարները փոստային կայանին էին հանձնում իրենց բերած նամակները, դրամական փոխադրումներն ու ծանրոցները եւ ստանում իրենց շրջանների հասցեներով ստացված փոստը՝ հասցեատերերին հանձնելու համար: Փոստից օգտվելու այդ ձեւը Զանգեզուրում տեւեց ավելի քան 16 տարի: 1890թ. Թիֆլիսի փոստ-հեռագրական օկրուգի պետի հրամանով Գորիս քաղաքում բացվեց փոստի բաժանմունք: Երեք տարի հետո՝ 1893թ., Շուշի քաղաքից անցկացվեց հեռագրալար: Փոստի բաժանմունքում տեղադրվեց «Մորզե» տիպի հեռագրական ապարատ, եւ այն վերանվանվեց փոստ-հեռագրական բաժանմունք:
Փոստի եւ հեռագրի մուտքը Զանգեզուր խոշոր իրադարձություն էր բնակչության տնտեսական եւ մշակութային կյանքում:
1904թ. կապի բաժանմունք բացվեց Կապանի հանքերում: Փոստը Կապան-Սյունիք-Չայզամի-Շուռնուխ-Գորիս ուղիով եւ հակառակ ուղղությամբ առաքվում էր հիմնականում գրաստով կամ շալակով, երբեմն էլ՝ սայլով: Ինչ վերաբերում էր Սիսիանի շրջանին, ապա այստեղ փոստային ծառայությունների ծավալը խիստ դանդաղ էր աճում. այստեղ փոստի բաժանմունք բացվեց խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: Նույնն էր վիճակը Մեղրիում, որն իր փոստը ստանում էր Օրդուբադից: Միայն 1916թ. Մեղրի գյուղում բացվեց փոստի բաժանմունք:
1911թ. շահագործման հանձնվեց Գորիս-Կապան հեռագրագիծը, եւ Հանքերի փոստի բաժանմունքում նույնպես դրվեց «Մորզե» ապարատ, որից հետո բաժանմունքը սկսեց կոչվել փոստ-հեռագրատուն: Կապանը հեռագրով կապվեց ոչ միայն Զանգեզուրի կենտրոն Գորիսի, այլեւ Շուշիի, Գանձակի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքների հետ:
…1897թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ 1870-1897թթ. Զանգեզուրի գավառում գործում էին 15 պետական դպրոցներ՝ Գորիս քաղաքում, Խնձորեսկում, Շինուհայրում, Կուբաթլիում, Տաթեւում (բուն Զանգեզուրի շրջան), Շիկահողում, Արծվանիկում, Գյուտկումում (Կապանի շրջան), Շաղաթում, Ղարաքիլիսայում, Բռնակոթում, Բազարչայում, Անգեղակոթում (Սիսիանի շրջան), Մեղրիում, Կալադարասիում: Բոլոր պետական դպրոցներում դասավանդումը տարվում էր ռուսերեն, թեեւ ռուս աշակերտների թիվը (բացի Բազարչայից), կարելի էր մատների վրա հաշվել: Պետական դպրոցներում ուսումը վճարովի էր եւ բավական թանկ: Ուսման բարձր որակով եւ աշակերտների առաջադիմությամբ առանձնանում էր գավառային կենտրոն Գորիս քաղաքի պետական դպրոցը, որտեղ սովորում էին ոչ միայն հայ, այլեւ թուրք եւ ռուս աշակերտներ: Այս դպրոցում են կրթվել բազմաթիվ պետական, կուսակցական, մշակույթի եւ գիտության նշանավոր գործիչներ, որոնք շատ բարձր են գնահատել այդ ուսումնական հաստատության դերն իրենց կյանքում: Այսպես, նրանցից մեկը՝ Ն. Հեյդարովը, տարիներ անց գրել է. «Մեր ընտանիքի համար շատ դժվար էր տարեկան տասը ռուբլի վճարել ուսման վարձ: Բայց, չնայած բոլոր դժվարություններին, մենք այնուամենայնիվ դպրոցն ավարտեցինք, տարրական կրթություն ռուսաց լեզվով ստացանք»: Ադրբեջանական շատ գյուղերում ռուսերեն գրագետ առաջին մարդիկ եղել են Գորիսի դպրոցի սաները: Ավելի մեծ թիվ էին կազմում ծխական դպրոցները, որոնք գործում էին գավառի գրեթե բոլոր գյուղերում՝ Տեղ, Խնածախ, Քարահունջ, Խնձորեսկ, Քարաշեն, Նյուվադի, Շվանիձոր, Շաքի, Շինաթաղ, Մեղրի, Սիսիան, Ախլաթյան, Բռնակոթ եւ այլն: Ինչ վերաբերում էր մասնավոր դպրոցներին, ապա դրանք սակավաթիվ էին: 19-րդ դարի կեսերից սկսած՝ Զանգեզուրի հայության վրա դրական մեծ ազդեցություն են գործել արցախահայության մշակութային կյանքի բուռն վերածնունդը, հատկապես Շուշի քաղաքի աննախընթաց առաջադիմությունն ու ծաղկումը: Այստեղի բարձրակարգ ուսումնական հաստատությունները եւ հատկապես հռչակավոր թեմական դպրոցը առատ լույսի աղբյուրներ են եղել նաեւ զանգեզուրցիների համար. առավել աչքաբաց, ուսումնասեր զավակները կրթվելու էին մեկնում այնտեղ եւ վերադառնալով իրենց բնակավայրերը՝ մեծապես նպաստում էին գավառի բնակչության մշակութային-կրթական մակարդակի բարձրացմանը:
…1917թ. վերջերին Զանգեզուրի ընդարձակ գավառը, փաստորեն, բաժանված էր երկու մասի՝ հայկական եւ մուսուլմանաբնակ (թուրք-քրդական):
Մուսավաթականները գավառի թուրքական մասը հռչակեցին Գորիսից անկախ եւ Դոնդարլու գյուղում կազմեցին առանձին ղեկավար մարմին՝ «Մահմեդական կոմիտե» անունով՝ Ջալիլ բեկ Սուլթանովի նախագահությամբ: Թուրքական շրջանների հայերը տեղափոխվեցին հայկական վայրեր, իսկ Գորիսից թուրքերը քաշվեցին իրենց ցեղակիցների մոտ: Դրանց հետեւեց հայերի պատասխանը. գավառի հայկական մասում ստեղծվեց հայկական վարչություն: Այդպիսով՝ Զանգեզուրը պաշտոնապես բաժանվեց իրարից անկախ երկու մասերի:
Հայկական մասը, որն անվանվել էր «Զանգեզուր», ընդգրկում էր Գորիս (բուն Զանգեզուր), Սիսիան, Կապան, Արևիք (Մեղրի) հատվածները, իսկ մահմեդական մասը՝ թուրք և քուրդ բնակչությամբ, գավառի Գորիս-Կապան-Գենվազ (Մեղրի, Արևիք) գծից արևելք ընկած Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի շրջանները: Նույն ժամանակ դադարել էր երթևեկությունը նախկին միասնական գավառի երկու մասերի միջև:
Բաժանված Զանգեզուրի երկու մասերում համապատասխանաբար ստեղծվեցին իշխանության տեղական մարմիններ: Հայկական մասում ստեղծվեց երկու ազգային խորհուրդ՝ գավառի կենտրոն Գորիս քաղաքում և Կապան (Հանքեր) ավանում: Կապանի ազգային խորհուրդն անմիջականորեն ղեկավարում էր այդ շրջանի գործերը, իսկ Գորիսի ազգային խորհուրդը, որը կոչվում էր «Զանգեզուրի Կենտրոնական ազգային խորհուրդ», տնօրինում էր գավառի ողջ գործերը: Կապանի ազգային խորհուրդը ենթակա էր Կենտրոնական խորհրդին, Սիսիան և Արևիք (Մեղրի) շրջանները չունեին ազգային խորհուրդներ և ղեկավարվում էին Կենտրոնական ազգային խորհրդի կողմից նշանակված շրջանային և ենթաշրջանային լիազորների միջոցով: Նման լիազորներ ունեին նաև Գորիսի և Կապանի շրջանները:
Գավառի բոլոր գյուղերը ղեկավարում էին համայնքների կողմից ընտրված և Կենտրոնական ազգային խորհրդի կողմից հաստատված գյուղական կոմիսարները:
Եվ այսպես՝ նախկին միասնական Զանգեզուրը 1917թ. վերջին արդեն բաժանված էր երկու թշնամական մասերի: 1905-1906թթ. թուրք-հայկական ընդհարումների կրկնություններից ահաբեկ՝ հայ և մահմեդական բնակչությունը սկսեց տենդագին զինվել: Հայկական մասի նկատմամբ մահմեդական մասն ուներ մի մեծ առավելություն. այնտեղ բնակչությունը միատարր էր՝ կազմված էթնիկ թուրքերից ու քրդերից, իսկ հայկական մասում հայ բնակչության թիկունքում կային հայերի համար մեծ վտանգ ներկայացնող թուրք ստվար բնակչությամբ տասնյակ գյուղեր, հատկապես Սիսիանի և Կապանի շրջաններում:
…Թուրքերի օր օրի հաճախակի դարձող խժդժությունները Գորիսի ազգային իշխանություններին ստիպեցին դիմել անհրաժեշտ միջոցների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքերի կողմից հայերի անհատական սպանությունները հիմնականում կատարվում էին ճանապարհներին՝ երիտասարդների զինված խմբերը թե գավառի շրջանները միացնող և թե միջգյուղային ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում հսկողություն սահմանեցին: Նաև ռազմաճակատներից վերադարձած զինվորների օգնությամբ ստեղծվեցին զինված ջոկատներ և լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեցին զենք ու զինամթերք ձեռք բերելու համար: Բոլորը գիտակցում էին, որ զինված մարդը համարձակ ու վստահ է լինում, բայց երբ զենք չի ունենում, պատերազմական իրավիճակում կորցնում է հոգեկան հավասարակշռությունը:
1917թ. ամռանից սկսած՝ Այսրկովկասի տարբեր վայրերում կազմավորվել էին ազգային խորհուրդներ, որոնք երկրամասում ազգային-տարածքային հստակ սահմանազատման բացակայության պայմաններում ստանձնել էին իրենց էթնիկ հավաքականությունների ղեկավարման մի շարք պարտականություններ:
«Առավոտ» օրաթերթ
16.01.2021