Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է բացել կոմունիկացիաները, մենք չենք ուզո՞ւմ, դրա համար Ադրբեջանը մեր գերիներին չի տալիս, որ մենք բացե՞նք կոմունիկացիաները. դա անհեթեթություն է»

Հունվար 18,2021 11:00

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հիմնավոր չի համարում իշխող ուժի ներկայացուցիչների եւ կառավարության հասցեին հնչող այն մեղադրանքները, թե արդյունավետ չեն աշխատում միջազգային կառույցների հետ:

«Առավոտը» պատգամավորի հետ զրույցում հիշեցրեց՝ շատ են քննադատությունները, թե Ադրբեջանին հաջողվում է միջազգային կառույցներում Հայաստանին ներկայացնել որպես հանցագործ, մինչդեռ Հայաստանը չի կարողանում անգամ ռազմագերիների հարց լուծել, միջազգային հարթակում ներկայացնել հայկական կողմի կրած վնասները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի եւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով: Անուշ Բեղլոյանն այս առիթով ասաց. «Այդ մեղադրանքները հնչում են այն շրջանակների կողմից, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս քիչ տարածեն իշխանության ներկայացուցիչների, ԱԳՆ-ի, վարչապետի գրասենյակի, պետական պաշտոնյաների՝ միջազգային գործունեության հետ կապված հաղորդագրությունները եւ լցնեն դաշտն ադրբեջանական քարոզչությամբ, ադրբեջանցի պաշտոնյաների մեջբերումներով, ադրբեջանական տարբեր աղբյուրներից վերցված տեղեկատվությամբ եւ ստեղծեն այդպիսի տպավորություն իրենց լրատվամիջոցներում, իրենց իսկ լրատվամիջոցներից դատելով՝ փորձում են այդ տպավորությունը տարածել հանրության վրա»:

Մեր հակադարձմանը, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ տեղեկատվության պակաս կա, թե ինչ է անում այս դաշտում իշխանությունը եւ հարցին՝ իսկ ի՞նչ են անում խորհրդարանականներն այս դաշտում, Անուշ Բեղլոյանն այսպես պատասխանեց. «Մենք բոլոր միջխորհրդարանական վեհաժողովների, բարեկամական խմբերի հետ աշխատում ենք, աշխատում է վարչապետի գրասենյակը, ԱԳՆ-ն է շատ ակտիվ զեկուցում իր գործունեության մասին: Ինչ վերաբերում է վեհաժողովներին, ապա ցանկացած շփում կամ բանակցություն, մտքերի փոխանակում չեմ կարծում, որ բավականին հետաքրքրության է արժանի, որպեսզի ներկայացվի: Այն ուղերձները, որոնք պատգամավորներն են հղում եւ այն ամենօրյա մանրակրկիտ աշխատանքը, որ արվում է, գտնվում է նույն հունի եւ տրամաբանության մեջ, ինչ նաեւ ԱԳՆ-ի եւ մեր արտաքին հարցերով զբաղվող այլ գերատեսչությունների գործունեությունը: Եթե հանրությունը եւ մանավանդ այն լրատվամիջոցները, որոնք փորձում են մեզ մեղադրել քիչ տեղեկություն տալու մեջ, ավելի ուշադիր ու բարեկիրթ թող վերաբերվեն իրենց պարտականություններին, մենք շատ ավելի շատ կտեսնենք նաեւ փորձագիտական կարծիքներ այն իրադարձությունների մասին, որոնց մասին զեկուցում է իշխանությունը»:

Մեր հիշեցմանը՝ հանրության դժգոհությունն առաջացրեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո արված այն հայտարարությունը, թե մեզ չհաջողվեց լուծել գերիների հարցը: Մեր հարցին, եթե այդ հարցը լուծել չհաջողվեց, ապա ինչո՞ւ Փաշինյանը ստորագրեց կոմունիկացիաների հետ կապված փաստաթուղթը, նա պատասխանեց. «Առհասարակ հետպատերազմյան իրավիճակը պահանջում է գործողություններ տարբեր ուղղություններով, եւ որեւէ ուղղություն չի կարող դուրս մնալ մեր ամենօրյա աշխատանքից, քանի որ ցանկացած ուղղություն, որով մենք այսօր թերացանք աշխատել, հետագայում կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել: Մեր հակամարտող կամ այն կողմը, որի հետ բանակցում ենք տարբեր հարցերի շուրջ, կարող է ասել, որ ժամանակին այդ հարցերն առաջ չեն բերվել եւ այժմ օրակարգի մեջ լինել չեն կարող: Այնպես որ, հայաստանյան կողմն աշխատում է լցնել օրակարգը բոլոր այն հարցերով, որոնք հուզում են ե՛ւ ՀՀ-ին՝ որպես երկրի, ե՛ւ հասարակությանը: Գերիների հարցը գտնվում է ամենօրյա ուշադրության կենտրոնում, եւ մեծամասնությունը ժամանակի եւ աշխատանքի, որը տեղի է ունենում ՌԴ միջնորդությամբ, հենց վերաբերվում է գերիներին: Եթե այս պահին առաջընթաց չկա, նշանակում է՝ այն տեսակետը եւ դիրքորոշումը, որ մենք ունենք եւ միջազգային հանրությունն ունի, պետք է ճիշտն ասենք հասարակությանը, որ այս պահին Ադրբեջանի դիրքորոշումը մեզ չի բավարարում: Եվ այն առաջընթացը, որ մենք ակնկալում ենք ունենալ այդ հարցում, դեռեւս գոյություն չունի: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բաց թողնենք այլ հարցերը, որովհետեւ դա կլինի շատ մեծ սխալ: Մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ արդարացված են այն քննադատությունները, որ այդ հայտարարության ստորագրումից հետո գերիների հարցի հետ կապված առաջընթաց չի էլ լինի, քանի որ ըստ էության Ադրբեջանի ցանկությունը կատարեցինք, Անուշ Բեղլոյանն այսպես արձագանքեց. «Ես տրամաբանական կապ այդ երկու հարցի մեջ չեմ տեսնում: Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ցանկությունը: Դա մի պնդում է, որի հետ հիմնովին համաձայն չեմ: Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է բացել կոմունիկացիաները, մենք չենք ուզո՞ւմ, դրա համար Ադրբեջանը մեր գերիներին չի տալիս, որ մենք բացենք կոմունիկացիաները: Դա անհեթեթություն է: Դրանք երկու տարբեր ուղղություններ են: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա առաջին շահառուն տարածաշրջանում ապաշրջափակման տեսանկյունից Հայաստանն է: Այլ հարց է, թե այդ ապաշրջափակումն ինչ պայմաններով պետք է տեղի ունենա: Հենց դա է բանակցությունների հիմնական իմաստը: Ապաշրջափակումն արդյոք ՀՀ համար շահավետ եւ մեր արժանապատվությանը համապատասխա՞ն պայմաններով պետք է տեղի ունենա: Դա է մեր գերխնդիրը, ոչ թե այն հարցը, թե արդյոք մենք պե՞տք է մնանք շրջափակված մինչեւ մեր գերիներին հետ չվերադարձնեն»:

Մեր դիտարկմանը՝ ապաշրջափակման պայմանների հետ կապված հենց իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ դա լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնելու, մանավանդ, եթե այն տեղի ունենա այս պայմաններով եւ այս քարտեզով, այս հարցը չի՞ մտահոգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, Անուշ Բեղլոյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք ՀՀ շահերը առավելագույնս պաշտպանել ցանկացած բանակցություններում: Եթե մեր ընդդիմախոսներն ունեն ողջամիտ եւ տրամաբանական առաջարկություններ, ապա ՀՀ վարչապետը պարբերաբար կոնսուլտացիաներ եւ հանդիպումներ է ունենում ոչ խորհրդանական ուժերի, նաեւ խորհրդարանական բոլոր ուժերի հետ: Եթե այդ առաջարկները կառուցողական, հետաքրքիր, հիմնավորված են, իրենք պետք է հնչեն, եւ դա որեւէ մեկի մոտ որեւէ վատ զգացում կամ առարկություն չի ունենա: Կցանկանայի այդ անհիմն մեղադրանքների փոխարեն տեսնել հստակ առաջարկություններ, որոնք ինձ կհամոզեն որպես իշխող թիմի ներկայացուցիչ, որ այդ առաջարկություններն ավելի լավն են կամ առաջարկում են ռեալ իրագործման ճանապարհներ ինչ-որ բան ՀՀ-ի համար ավելին ստանալու առումով»:

Մեր հստակեցմանը՝ հրապարակված կոմունիկացիոն քարտեզը քննարկվե՞լ է խմբակցությունում, կառավարությանը առաջարկներ ներկայացվե՞լ են, պատգամավորը պատասխանեց. «Գլխավոր արդյունքը Մոսկվայում կայացած հանդիպման եղել է այն, որ կողմերն արձանագրել են այն փաստը, որ իրենք պատրաստ են կոմունիկացիաների բացմանը տարածաշրջանում: Որեւէ պայմանագիր, իրավական փաստաթուղթ գոյություն չունի այդ հարցի վերաբերյալ: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի այդ՝ դեռեւս մտադրությունը դարձնել կողմերի համար ընդունելի փաստաթուղթ: Այս փուլում, երբ դեռեւս չկա աշխատանքային խումբ, տարածաշրջանում գոյություն ունեցող կոմունիկացիոն նախնական քարտեզների հրապարակումը, դրա՝ ինչ-որ վերջնական պայմանագրի կամ իրավական տեսակետից պարտադրող փաստերի տեղ դնելն այս պահին առնվազն անազնիվ է»:

Մեր հիշեցմանը՝ իշխանության ընդդիմախոսներն անմեղսունակ են համարում այն հայտարարությունները, թե «Մեղրիի միջանցք» արտահայտությունը չկա, ուրեմն այդ փաստաթղթի հետ կապված անհանգստանալ պետք չէ, Անուշ Բեղլոյանն այսպես արձագանքեց. «Ցավում եմ՝ քաղաքական նպատակներով եւ նախընտրական քարոզարշավ սկսած որոշ ուժեր, էմոցիոնալ, ոչ հիմնավորված, նույնիսկ նվաստացուցիչ արտահայտություններ օգտագործելով, փորձում են որակավորումներ տալ ինչ-որ գործընթացների, որոնց վերաբերյալ բավականաչափ քիչ տեղեկատվություն ունեն, կամ նրանք հակված են մեկնաբանել ոչ իրավական եւ ավելի շատ իրենց քաղաքական նպատակներից ելնելով ինչ-որ համատեքստում»:

Անուշ Բեղլոյանն ասաց՝ ցանկություն չունի ֆեյսբուքում, բլոգերում հրապարակվող՝ իր բնորոշմամբ էմոցիոնալ որակումները մեկնաբանել եւ հորդորեց բոլորին՝ իրենից սկսած, զբաղվել աշխատանքով: Նա հավաստիացրեց՝ պատրաստ է խոսել, նամակներ ընդունել ՀՀ բոլոր քաղաքացիների հետ, որոնք ունեն կառուցողական, ռացիոնալ միտք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031