Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Եռագույնը մեր երկրում միշտ պետք է ծածանվի, եւ սա պաթետիկ խոսք չէ»

Հունվար 17,2021 23:42

Հայկազ Խաչատրյանի նկարների ցուցահանդեսի բացմանը ներկա ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե անկեղծ լինեմ, երկար ժամանակ սպասում էի, որ կյանքը նորից պիտի սկսի եռալ ու թե՛ մշակույթով, թե՛ ոգով, թե՛ կրթությամբ, թե՛ գիտությամբ, թե՛ սպորտով պիտի սկսենք պայքարել: Պայքարել, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ մեր մեջ, պիտի մեր ոգուն օգնի հետագայում մեր հեռահար նպատակին հասնելու համար: Իրականում ազգը սգի մեջ է: Ու մենք բոլորս ամեն օր սգալով ոչ թե պետք է մոռանանք այն ամենակարեւորը, որ կա, այլ պետք է սգալու հետ մեկտեղ զարգացնենք այն ամենը, ինչը պետք է տանի հետագա հաղթանակների եւ սգի ավարտին: Ուրախացած եկա այս ցուցահանդեսի բացմանը, որովհետեւ գիտեի՝ ինչ արժեքների կրող է եղել Հայկազ Խաչատրյանը: Շատ էի լսել նրա մասին: Նրա նկարներին ծանոթ չէի եւ շատ ուրախացա տեսնելով: Ամենաշատը ոգեւորեց, որ Հայկազը դեռ այն ժամանակներում կարողացել է իր կտավներում Եռագույնը ծածանել: Իսկ Եռագույնի ծածանումն իմ համար արդեն հաղթանակի գրավականն է: Եռագույնը մեր երկրում միշտ պետք է ծածանվի: Սա պաթետիկ խոսք չէ: Եթե Եռագույնը մեր ներսում ծածանենք եւ իր կարեւորության գիտակցումը տանենք առաջ, ուրեմն կհասնենք հաղթանակների՝ բոլոր ասպարեզներում: Չարժեւորելով մեր ունեցածը՝ մենք պարտվել ենք բոլոր ոլորտներում: Այսօր պետք է սկսենք արժեւորել ամեն ինչը եւ հաղթենք բոլոր ոլորտներում»:

Դիտարկմանը, թե իր նշած ապագա հաղթանակներն այսօրվա գործող իշխանության օրոք հնարավո՞ր են, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Իշխանությունները գալիս ու գնում են: Գրեթե բոլոր իշխանությունները մեր երկրի համար գոնե վերջին տարիներին եղել են պարտվեցնողներ: Հոգեբանորեն մարդը պետք է հաղթի, մենք մեր ներսում պետք է հաղթենք: Անձերի հետ կոնֆլիկտ տալու փոխարեն մենք կհաղթենք իրականում մեծ խնդիրներին: Բայց մենք մանր խնդիրների հետ ենք պայքարում, եւ մեր պարտությունը խորքային է լինում:

Այսօրվա իշխանության օրոք հաղթել հնարավոր է, թե ոչ՝ ապագան ցույց կտա, երբ նոր իշխանություն ստեղծվի, եւ մենք ոչ թե ռեգրես ապրենք, այսինքն, անընդհատ հնի եւ նորի մեջ համեմատություն անցկացնենք, այլ գիտակցորեն ստեղծենք նորը, որը պետք է լինի իրապես հաղթանակների հենքը ստեղծող գաղափարախոսությունների վրա հենված: Եթե ուզեցինք, դա կանենք, եթե չուզեցինք՝ կդոփենք նույն տեղում, որովհետեւ այս պահին ես տեսնում եմ հենց դա: Մենք կռիվ ենք տալիս անցյալի եւ ներկայի միջեւ, մենք ապագա տեսլականի չենք գնում: Դա պիտի լինի համազգային, դառնա ազգային գաղափարախոսություն, տեսլական: Այդ ժամանակ ուզեն թե չուզեն, կգան ազգային գաղափարի շուրջ»:

Իսկ հարցին, թե այսօր իշխող կուսակցությունը ազգային գաղափարախոսություն ունի՞, անկախ պատգամավորը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզենա գնահատական տալ, որովհետեւ կստացվի, թե դուրս եմ եկել խմբակցությունից եւ կոշտ կամ մեղմ գնահատական եմ տալիս: Ես զերծ կմնամ եւ կթողնեմ ամեն մեկին՝ գնահատի, թե որն է իրենց գաղափարախոսությունը կամ, առհասարակ, եթե չունի, ինչո՞ւ չունի եւ ինչո՞ւ ենք մենք տանում կամ չենք տանում դա: Եթե մենք ստեղծենք, կամ ստիպենք ստեղծել ազգային գաղափարախոսություն, ցանկացած կուսակցություն կգա, կհարմարվի ժողովրդի գաղափարախոսությանը: Մենք այսօր հարմարվում ենք իրականության հետ, արյունով պահված հողը արյունով հանձնելու հետ: Այսօր ասում ենք՝ այլընտրանք չկար: Իրականում այլընտրանքները միշտ կան: Միշտ կան, որովհետեւ ամեն մեկս չենք կարեւորել մեր եսի դերը երկրի պահպանության հարցում: Իսկ եթե ամեն մեկը դա գիտակցի եւ ոչ թե թողնի անհատների հույսին, մենք հաստատ որեւէ խնդիր չենք ունենա: Անհատներով երկիր չես պահի: Անհատների հույսին ծրագրեր ու գաղափարներ չես տարածի: Ճիշտ է, մենք այսօր եկել ու Հայկազի մասին լսում ենք, թե ինչպիսի գաղափարախոսություն է ունեցել ու ազգային քաղաքական դեմք, անհատ է եղել: Եվ եթե մենք կարողանայինք համախմբվել, թեկուզ այսօր ազգովի, այլ ոչ թե անհատներով, գնանք եւ իրականացնենք այն ժամանակ գրված գաղափարախոսությունը, վստահ եմ՝ դա կլինի ազգային մտածողություն, համակարգ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031