Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցադրվում են անկախության պայքարի հիմնադիր, ազգային գործիչ, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավները (ֆոտոշարք)

Հունվար 17,2021 23:12

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում այսօր առաջին անգամ ցուցադրվեցին ազգային գործիչ, Հայաստանի անկախության պայքարի հիմնադիր, «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) հիմնադիր, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավները:

Կազմակերպիչը «Տիր» հայագիտական կենտրոնի ղեկավար, մոսկվաբնակ մեր հայրենակից Դավիթ Աղաջանյանն է, որն այս պատերազմի առաջին իսկ օրերից եկել է Երեւան եւ կազմակերպչական կարեւոր նախաձեռնություններ իրականացրել:

Դավիթ Աղաջանյան

Դավիթը Մոսկվայի հայ համայնքում հասարակական աշխատանքներ իրականացնելու բավականին փորձառություն ունի, առայժմ մտադիր չէ հեռանալ հայրենիքից: Ավելին, հիմա նա այստեղ նախաձեռնությունների շարք է սկսել, որպեսզի կյանքը Հայաստանում կանգ չառնի: «Ես Հայկազ Խաչատրյանի գաղափարակիցն եմ եւ ցանկացա սկսել մշակութային ասպարեզից: Հայկազ Խաչատրյանը մեր ազգային, անկախության իրական պայքարի, ԱՄԿ հիմնադիրն է, որին անդամակցել են այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Ստեփան Զատիկյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եւ ուրիշներ: Բայց Հայկազ Խաչատրյանը նաեւ գեղանկարիչ էր, արվեստի մեջ ստեղծագործող մարդ: Եվ քանի որ ծանոթ էի նրա գործերին, եղբոր թոռան՝ Սերգեյ Քիշոյանի աջակցությամբ նախաձեռնեցի եւ օրերի ընթացքում կազմակերպեցի այս ցուցահանդեսը:

Ցուցադրությունը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպելը պատահական չէ, քանի որ այս թանգարանն ազգային ոգով լցված օջախ է: Այստեղ են պահվում հայ ազատագրական պայքարի տարբեր փուլերի ներկայացուցիչների՝ Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Րաֆֆու, Վահան Տերյանի, ժամանակակից երեւելիներից՝ Արամ Խաչատրյանի եւ այլոց անձնական իրերը: Այս թանգարանում մի առանձնահատուկ էներգիա կա, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում տնօրեն Կարո Վարդանյանին եւ ամբողջ աշխատակազմին: Փորձելու ենք երկու-երեք շաբաթը մեկ այսպիսի նախաձեռնություններ իրականացնել՝ ի մի բերել հայրենասեր շրջանակները, որպեսզի մարդիկ շփվեն միմյանց հետ, դուրս գան ստեղծված այս անկումային ծանր հոգեվիճակից: Նպատակ ունենք ավելի լայն հանրությանը համախմբել ազգային գաղափարների շուրջ, որովհետեւ հիմա պետական համակարգում ինքնիշխանության խնդիր կա, իսկ քաղաքական կյանքում անկայուն իրավիճակ է: Այսպիսի դեպքերում ինչի՞ շուրջ պետք է համախմբվել, եթե ոչ ազգային գաղափարախոսության եւ ազգային մշակույթի: Ինձ թվում է՝ այդպիսի համախմբումը մեզ ճիշտ ճանապարհ դուրս կբերի»,-Aravot.am-ին ասաց Դավիթ Աղաջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031