Անցած տարվա սեպտեմբերից հետո ամեն օր մարդաշատ է Եռաբլուրը։ Մխում է Եռաբլուրը՝ լուռ, ցավը ամբարած՝ գրկած անմահ հերոսներին։ Անգամ երկինքն է այստեղ տխուր։
Լուռ են այցի գալիս, մերթ ընդ մերթ մոր հուսահատ ճիչ է լսվում, նկատում ես եղբոր ու հոր հորդացող արցունքները, կնոջ ու քրոջ հուզված շշուկ-խոսքն իրենց հերոսի հետ։
Կարդացեք նաև
Անմահացած «տներն» են կառուցում՝ շինարարական աշխատանքներ են, մի տեղ չորացած ծաղիկներ են հավաքում գերեզմանաթմբերից ու թարմ ծաղիկներ խոնարհում, մի ուրիշ տեղ էլ՝ միրգ ու քաղցրավենիք են բերել իրենց որդուն․․․
Ավետիս Մելքոնյանը այս կիրակի` հունվարի 17-ին, այցի է եկել քրոջ որդու՝ Արթուր Խաչատրյանի գերեզմանին։ Ամեն տարի՝ եգանն էր շնորհավորում քեռու նոր տարին, այսուհետ ամեն տարի քեռին այցի կգա հերոսին։ «Իր սիրած քաղցրավենիքներն ու մրգերը բերեցի Արթուրին։ Նուռ կտրեցի․ հյութը Արթուրի ու մյուս բոլոր հերոսների արյան նման՝ քաղցր ու մաքուր միախառնվեց հողին»,–ասում է Ավետիսը։
«Շնորհակալ եղա, որ նրանց կյանքի գնով՝ մենք կյանք ունեցանք, որ նրանց կորսված կյանքով Հայաստանը հավերժ կապրի։ Շնորհակալ եմ տղերք, բոլորիցդ․․․»,–քրոջ որդուն՝ Արթուրին եւ նրա հարեւանությամբ ննջող հերոսներին երախտապարտ է Ավետիս Մելքոնյանը։
Կապիտան Արթուր Խաչատրյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Իշխանաձորում (Ջաբրայիլ)։ Թեժ ու ինտենսիվ մարտեր էին՝ սպասում էին, որպեսզի մի պահ հանդարտվի, որ հաց հասցնեն առաջնագծի տղաներին։ Հրամանատար Արթուր Խաչատրյանը չհամբերեց, ասաց՝ տղերքս սոված չպիտի մնան ու արդեն հետ էր դառնում, երբ թշնամու «Սմերչը» կպավ նրա ավտոմեքենային։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ