Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Քանիցս դիմել ենք` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ Հայկազ Խաչատրյանին թեկուզ հետմահու հարկ է շնորհել Ազգային Հերոսի կոչում»

Հունվար 17,2021 22:10
Paruyr Hayrikyan

Ազգային գործիչ, ԱՄԿ հիմնադիր, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների ցուցահանդեսի բացման ժամանակ նրա զինակից, քաղբանտարկյալ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքը պարտավոր է խոսել, որովհետեւ այն քիչ մարդկանցից է, ով Հայկազ Խաչատրյանին անձամբ ճանաչում է որպես ազգային գործիչ:

«Շնորհավորում եմ այս նախաձեռնությունը եւ շատ ուրախ եմ, որ թեկուզ փոքր չափերով, տեղի է ունենում այս թանգարանում: Իսկապես, երբ ազգային մի կարեւոր երեւույթի մասին հավաքներ էին կազմակերպվում, չգիտես ինչու ընտրվել էր այս թանգարանը: Ազգային միասնական ուղղագրության վերաբերյալ քննարկումները հենց այստեղ էին կազմակերպվում: Ու խորհրդանշական է, որ այսօր Հայկազ Խաչատրյանին նվիրված միջոցառումն է այստեղ: Մենք Տիրոջ կամքով հասկացել էինք, որ հաջողությունը մեծերին պատվելու մեջ է: Հետո էր, որ ես անձամբ Աստվածաշնչում տեսա տասը պատվիրանների մեջ. «Պատվիր մեծերիդ, որ օրերդ երկար լինեն»: Երեւի դա էր, նաեւ պարտքի զգացողությունը, որ արդեն Անկախ Հայաստանում տարիներ շարունակ հիշեցնելը, որ եթե դուք իրենց համար հարստացած ու Հայաստանի փշրանքներ նետած այլ երկրների անձանց Ազգային Հերոս եք հռչակում, ապա որեւէ ազգի համար ամենակարեւոր նպատակն է, որ ինքնազոհության գնացած եւ կազմակերպչական աշխատանքներ կատարած մարդը դրանց թվում պիտի լինի առաջիններից մեկը: Ու քանիցս պաշտոնական դիմումներով դիմել ենք, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ Հայկազ Խաչատրյանի աճյունը պետք է տեղափոխել Պանթեոն եւ թեկուզ հետմահու շնորհել Ազգային Հերոսի կոչում: Հետո մի օր հասկացա, որ սրանց հետ խոսել այլեւս ավելորդ է»,-ասաց նա:

Ընդգծելով, որ ինքը նկարչության մասնագետ չէ, Հայրիկյանն, այդուհանդերձ, խոսեց Հայկազ Խաչատրյանի մշակութային գործունեությունից: «Կուզեի՝ բոլոր ներկաներն իմանան, որ 60-ականներին հրատարակված «Հայկական մանրանկարչություն» ալբոմում զետեղված գործերի մի զգալի մասը Հայկազ Խաչատրյանի վերարտադրությունն է: Բանտում տեսա նրա գլուխգործոցները: Ես մի կալանավորի հետ շփվել եմ, ասենք, վեց ամիս, Աշոտ Նավասարդյանի հետ՝ մի քանի տարի ու գիտեմ նրա ողջ էությունը: Հայկազ Խաչատրյանը նկարում է, եւ ես սարսափում եմ, թե ինչպես է կարողացել վրձնի մի քանի շարժումով ամբողջ հոգեբանությունը ներկայացնել: Հարյուրավոր այդպիսի նկարներ կային: Հուսամ, որ КГБ-ն դրանք չի ոչնչացրել, որովհետեւ երբ ազատվում էր, իրենից վերցրին: Աշոտի նկարը պահպանվել է, ինքնանկարը, որ ինձ է նվիրել, կա եւ, կարծում եմ, բացառիկ գործ է»,- ասաց Հայրիկյանը եւ ավելացրեց, որ Հայկազ Խաչատրյանի համար ամենակարեւորն, այնուամենայնիվ, ազգային կյանքն էր:

«Մի քանի ամփոփ խոսք պիտի ասեմ: Ունեինք մտավորականություն, ինքնասիրահարված՝ իբրեւ թե ազգային դեմքեր: Ամեն ինչի մասին կխոսեին՝ ֆիդայական պայքարի մասին, որն ավարտվեց ցեղասպանությամբ, Սովետական Միության դրական ներդրման մասին, որը սկսվեց Հայաստանը կիսելով: Կխոսեին, որ մեզ լավ ապագա է սպասում, բայց երբեք՝ ոչ անկախության մասին: Մինչդեռ որեւէ ժողովրդի համար ամենակարեւորը սեփական ազգային կազմակերպություն ունենալն է: Մեզ պետք էր ազգային կազմակերպություն, ազգային ծրագիր ունենալ: Բայց այդ ասողներն այն թվերին էլ չէին հասկանում, որ դա ընդամենը ազգային պետությունն է իր սահմանադրությամբ: Հայկազ Խաչատրյանն էր, որ երկարատեւ որոնումներից հետո ստեղծեց Ազգային միացյալ կուսակցությունը»,-ասաց Պարույր Հայրիկյանը եւ հիշեց Հայկազ Խաչատրյանի կյանքի ու գործունեության այլ հետաքրքիր դրվագներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031