Լրահոս
Օրվա լրահոսը

Խնձորով անուշաբույր կարկանդակ (տեսանյութ)

Հունվար 17,2021 21:21

Այս թխվածքի յուրահատկությունը միջուկն է. սովորաբար խնձորով խմորեղենների մեջ համադրությունը խնձոր-դարչին է, այս դեպքում՝ խնձոր-նարինջ եւ կոճապղպեղ (имбирь): Հավատացեք՝ հրաշալի համ ու բույր ունեցող թխվածք է, պատրաստելն էլ՝ շատ հեշտ:

Անհրաժեշտ մթերքները

Շերտավոր խմոր- 400-500 գրամ

Խնձոր-8-10 հատ (ցանկալի է վերցնել սեմիրենկո կամ այլ կանաչ, ոչ փխրուն խնձոր)

Շաքարավազ -1 բաժակ (ցանկալի է՝ եղեգնաշաքար, բայց սպիտակ շաքարով էլ կլինի)

Կարագ- 1 ճաշի գդալ

Նարինջ-1 հատ

Կոճապղպեղ-2-3 սմ-անոց կտոր

Կոնյակ (կամ՝ ռոմ, կալվադոս, նարնջի լիկյոր)- 50 մլ

Ալյուր-0,5 բաժակ՝ խմորը բացելու համար

Ձվի դեղնուց-1 հատ

Կաթ-1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Մրգերը լավ լվացեք: Խնձորի կեղեւն ու միջուկը հեռացրեք, կտրատեք եւ լցրեք թավայի մեջ:

Ավելացրեք կարագն ու շաքարավազը եւ դրեք կրակին:

Պարբերաբար խառնեք, որ շաքարավազը հալչի, խնձորը կարամելացվի: Նարնջի կեղեւը քերեք ամենամանր անցքերով քերիչով: Զգույշ եղեք՝ չհասնեք սպիտակ թաղանթին: Կոճապղպեղի կեղեւը հեռացրեք, եւ նույնպես քերեք մանր անցքերով քերիչով: Նարնջի կեղեւն ու կոճապղպեղը ավելացրեք խնձորին, խառնեք, թողեք մի քիչ էլ եփվի:

Ավելացրեք կոնյակը (ես ավելացրել եմ կալվադոս՝ խնձորի բրենդի, որը, ի դեպ, արտադրում են Հայաստանում եւ շատ լավ որակ ունի, շատ հարմար է ինչպես խմորեղենների մեջ ավելացնելու համար, այնպես էլ՝ պարզապես ըմպելու) եւ անմիջապես լուցկին կամ կրակայրիչը մոտեցրեք խնձորին, որ կոնյակն այրվի (այդ պրոցեսը ֆլամբե է կոչվում):

Երբ կոնյակն ամբողջությամբ այրվի, անջատեք գազը եւ թողեք միջուկը սառչի:

Ջեռոցը տաքացրեք 220 աստիճան:

Խմորը գրտնակով բացեք, վրան մի քանի տեղ պատառաքաղով ծակծկեք: Խնձորի սառած միջուկը լցրեք խմորի մեջտեղը: Փաթաթեք գլանաձեւ, վրան քսեք ձվի դեղնուցի եւ կաթի խառնուրդը եւ դրեք ջեռոցը 20-25 րոպեով:

Կարող եք մատուցել ինչպես գոլ, այնպես էլ՝ լրիվ սառը վիճակում:

Պատրաստման նրբությունները եւ մանրամասները՝ տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031